Փաշինյանը վերարտադրում է ՀՀԿ-ի արատավոր ավանդույթները

Փաշինյանը վերարտադրում է ՀՀԿ-ի արատավոր ավանդույթները

Մենք երբևէ չենք ակնկալել օջախի և ընտանիքի վարչապետ ունենալ, ավելին՝ օջախային ու նեղ ընտանեկան գոյության մշակույթը մենք թողել ենք անցյալ դարում՝ Օսմանյան և Ռուսական կայսրություններում։ Եկել է օջախից ու ընտանիքից վեր կանգնելու ժամանակը, եկել է հասարակական դաշինք ձևավորելու պահը, քանի որ թուրքահպատակ հային փոխարինելու է եկել ինքնիշխան Հայաստանի քաղաքացին։ Իսկ քաղաքացին որպես կանոն պետք է մերժի գավառական հայրենասիրությունը, որը օջախային նեղ շահեր սպասարկող  և պարզունակ կենացի կարգավիճակի ունեցող գործիք է։ Բայց ինչպե՞ս կարող է քաղաքացին մերժել արժեքային այդ փակուղին, եթե ոչ ավել ոչ պակաս հենց Հայաստանի վարչապետն է դարձել այդ քայքայիչ մշակույթի տարածողն ու ջատագովը։ Ասվածի վկայությունը վարչապետի թեթև ձեռքով շրջանառության մեջ մտած բանաստեղծություններն ու լոզունգներն են, որոնք ավելին են քան սովորական բառակույտը, քանի որ դրսևորումներն են մի ամբողջ արատավոր ենթամշակույթի։  Ենթամշակույթ, որի կենտրոնական բաղադրիչներն են գավառական հայրենասիրությունն ու նեղ էթնիկական բնազդները։ 

Իմ համոզմամբ հայրենասիրությունն առաջին հերթին պետական մտածողությունն է, քաղաքացիական գիտակցությունը, պետության ներկայի և ապագայի նկատմամբ մտահոգությունը, որն էլ հանգեցնում է պահանջատիրության և պահանջատեր քաղաքացու ձևավորմանը։ Իսկ ի՞նչ է ձևավորում վարչապետի անընդհատ ու չհիմնավորված հպարտության վրա խարսխված օջախային ենթամշակույթը։ Իհարկե դժվար է ասել, բայց հպարտություն եզրույթի մեջ արդեն իսկ ինչ-որ արատավոր բաղադրիչ կա, որը հեռու է մարդկային մեզ հայտնի բոլոր առաքինություններից։ Թերևս չհիմնավորված հպարտությունն է գաղափարական այն հիմնավորումը, որի հիմքի վրա հանրային երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը կարող է փոխակերպվել կենացների ժողովածուի։ Կենացի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ դա թիթեռի կյանք ունի, այսինքն ասելուց հետո մոռացվում է՝ հաջորդ առիթին վերստին հիշվելու հեռանկարով։ Ինչո՞ւ ենք մեր հանրային դիսկուրսը փոխակերպում առիթների ժամանակ վերածնվող-մոռացվող կենացի։ Փաստորեն ՀՀԿ-ական ռազմահայրենասիրական ճառերին փոխարինելու են եկել Փաշինյանական կենացները։ 

Ասվածի համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ վերջին մի քանի տարիներին հայկական իրականությունում ստեղծվել են գաղափարական երկու կոնցեպտներ։ Առաջինը «Ազգ-բանակ»-ն է, իսկ երկրորդը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Առաջինի հեղինակը նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, իսկ երկրորդինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրանք իհարկե տարբեր կոնցեպտներ են, ինչ-որ իմաստով նաև՝ հակադիր, բայց նպատակն ու էությունը նույնն են, երկուսն էլ միավորելու, վերահսկելու տիրապետելու և իշխելու նպատակ ունեն, երկուսն էլ հետադիմական են և առաջին հերթին հասարակարգի անփոխարինելիության և անարդարության լեգիտիմացման տեսանկյունից։ Երկուսն էլ իրենց էությամբ ավտորիտար են, առաջինի արքետիպը պետականազուրկ ֆիդային է, իսկ երկրորդինը՝ Օսմանյան կայսրության պետականազուրկ հայ ռամիկը։ Երկուսն էլ պետություն չեն ճանաչում, ավելի շուտ՝ չեն հասկանում, որ ճանաչեն։ Առաջինի պետությունը մաուզերն է, իսկ երկրորդինը՝ ծխացող երդիկը։ Երկու կոնցեպտների վերջնական հանգուցային կետը մենիշխանությունն է, առաջինի դեպքում բանակի առաջնորդի, իսկ երկրորդի դեպքում՝ ռամիկների առաջնորդի։

Երկուսն էլ ցեղասպանվածի կոմպլեքսի հետևանք են և որևէ կերպ չեն արտահայտում անկախ ու ինքնիշխան Հայաստանի շահերը։ Ավելին՝ այդ կոնցեպտների մեջ բացակայում է մարդը, կարծես թե մարդ որպես այդպիսին գոյություն չունի, բայց մարդուց զատ բացակայում է նաև քաղաքացին, որը պետք է կամք դրսևորի հասարակական դաշինքի ստեղծման համար։ Ամենայն ցավով և ափսոսանքով ուզում եմ արձանագրել հետևյալը․ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը վերարտադրում են գաղափարական ու մշակութային այն արատավոր միջավայրը, որը տարիներ շարունակ ստեղծվում էր Սերժ Սարգսյանի կողմից։ Դրա կենտրոնական բաղադրիչը գավառական հայրենասիրությունն է և օջախի եսասիրական ենթամշակույթը։ Իհարկե միայն շեշտադրումներն են տարբեր։ Ի՞նչ է այս ամենը նշանակում, մի՞թե մենք այս լրջությամբ ենք պատրաստվում պետություն կառուցել։