Ոչ մեկն իրավունք չունի այդ թեզն առաջ տանել՝ դա անբարոյականություն է

Ոչ մեկն իրավունք չունի այդ թեզն առաջ տանել՝ դա անբարոյականություն է

Խաղաղ պայմաններում զինվորների մահացության դեպքերը 2020-ին անհանգստացնող են․ տարին նոր է սկսվել, բայց արդեն 13 զոհ կա, հիմնականում՝ Արցախի զորամասերում։ Իշխանությանը հարող որոշ լրատվամիջոցների կողմից  շրջանառության մեջ է դրվել տեղեկություն, որ սա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սաբոտաժ է՝ ՀՀ իշխանություններին ուղղված։ Զրուցեցինք Արցախում «էլիտարի» համարում ունեցող Հայկազովի զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանի հետ։ Ի դեպ, Սահակյանի հրամանատարության շրջանում են տեղի ունեցել զորամասից մեծ ծավալի բենզինի գողության, սպայի ինքնասպանության դեպքերը։

- Պարոն Սահակյան, ո՞րն է Ձեր բացատրությունը, ինչո՞ւ են ավելացել ողբերգական միջադեպերը։

- Միգուցե, վիճակագրությունն ավելացել է, բայց այնպես չէ, որ նախկինում դրանք չեն եղել։ Դեպքերը տարբեր բնույթ են կրում․ դրանք կարող են կապված լինել թե՛ սպայական աշխատանքների ու թերացումների, թե՛ զինծառայողների փոխհարաբերությունների հետ։ Յուրաքանչյուր դեպքն առանձնահատուկ է, հենց այդպես էլ պիտի վերաբերվել ու չասել, որ կա մի պատճառ, որ ավելացել են դեպքերը։ Շատ անգամ դեպքերը լինում են կայծակնային արագությամբ․ պսիխիկան այնքան է ընկնում, որ չենք կարող ասել, որ դեպքերի մեծ մասը նախապատմություն են ունենում։ Հա, միգուցե, այս ժամանակահատվածում դեպքերը շատացել են, բայց սա այն պահը չէ, որ պետք է պանիկայի մեջ ընկնենք։ Ուղղակի պետք է արագ վերլուծենք, հասկանանք պատճառները ու անցնենք լուծումներին։

- Հայաստանյան որոշ շրջանակներ քննարկում են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպիտ ասած՝ զինվորների հաշվին սաբոտաժ է անում ՀՀ իշխանություններին։

- Այդպիսի տեսակետ չի կարող լինել, եւ դա կեղտոտ շահարկում է, որն իրականությանը չի կարող համապատասխանել։ Ոչ մեկ ո՛չ բարոյական, ո՛չ այլ կերպ իրավունք չունի այդ թեզն առաջ տանել, դա պարզապես անբարոյականություն է։

- Պարոն Սահակյան, տեսակետ կա, որ զորամասը, որը Դուք էիք ղեկավարում, էլիտար է, եւ այդպիսի զորամասերում են հիմնականում նման դեպքերը տեղի ունենում, որտեղ  ծառայում են պաշտոնյաների երեխաները։

- Եթե նկատի ունեք վերջին դեպքը, դատախազությունն էլ հայտարարեց, որ ինքնասպանություն էր։

- Նախարար Դավիթ Տոնոյանն անձամբ հակադրվեց ինքնասպանության վարկածին։

- Դուք ուշադիր լսեք, թե ինչ ասաց նախարարը, կա ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնելու հոդված։ Շատ հնարավոր է նախարարը․․․ Ճիշտն ասած, ես միգուցե լավ տեղյակ չեմ, պետք է իրավապահներից այդ ամենը ճշտել, իրենց իրավասության շրջանակում է։ Միգուցե նախարարին զեկուցել են այդ մասին, ես տեղյակ չեմ։ Ինչ վերաբերում է էլիտար զորամաս լինելուն, ապա ինքը համարվում է էլիտար՝ իր մարտունակությամբ, ծառայության կազմակերպմամբ, խնդիրների կատարմամբ։ Դրա մասին պաշտպանության նախարարն էլ է նշել, ապրիլյան պատերազմի ժամանակ այդ զորամասի վրա է դրված եղել ողջ բեռը։ Այնպես չէ, որ բոլորը պաշտոնյաների երեխաներ են, բոլոր զորամասերում էլ կարող են փոխկապակցված անձանց գտնել, ԶՈՒ շտաբի պետն ասաց, չէ՞։ Վերջին 3 նախարարների ժամանակահատվածում դա ՀՀ-ի լավագույն զորամասն է եղել, մեկ անգամ էլ ՊԲ լավագույն զորամասն է եղել, եւ այդ ժամանակ էլ ես եմ եղել հրամանատարը։

- Լավ ծառայություն կազմակերպող զորամասից մեծ ծավալի բենզի՞ն են գողանում․ ի դեպ, դա եղել է Ձեր հրամանատարության ներքո, Դուք անցնում եք քրգործով։ 

- Ես չեմ անցնում այդ գործով, բայց, այո, պնդում եմ՝ էլիտար է։ Հիմա գողությունների հետ կապված միջադեպի առիթով էլ համապատասխան վերլուծություն է կատարվում եւ գնահատական տրվում։ 

- Արցախի ՊԲ հրամանատարը միգուցե թո՞ւյլ է, եւ դրանո՞վ է պայմանավորված զորամասերում բարձիթողի իրավիճակը, կամ սպայական անձնակազմում է խնդիրը։

- Ես չեմ կարող նման գնահատական տալ, ես երբեք չեմ համարձակվի վերադասի նկատմամբ նման գնահատական տալ։ Ես կարծում եմ՝ որպեսզի այս իրավիճակը լարվածություն չառաջացնի, պետք է յուրաքանչյուր դեպք խորը ուսումնասիրվի, եւ հանրությանը հայտնեն պատճառների մասին։

- Դուք հետեւանքների մասին եք խոսում, իսկ ի՞նչ պետք է անել՝ կանխելու համար։

- Այդպիսի հրամանատար չկա, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չտանի, պարզապես որոշ ժամանակահատվածներում, ամենայն հավանականությամբ, թերանում ենք այդ աշխատանքներում, թերություններն էլ բերում են նման միջադեպերի, կանխարգելման աշխատանքները թույլ են իրականացվում։ Բայց ոչ միայն հրամանատարների վրա պետք է դնել ողջ խնդիրը, այլեւ՝ հասարակության։ Պետք է նաեւ այդ հարթությունում գնահատական տրվի՝ հասկանանք, թե սոցիալական վիճակն ինչ մակարդակում է գտնվում, ազդեցությունը որքան է բանակի վրա։ Համալիր մոտեցում է պետք։