Հայ-թուրքական ֆրոնտում մեզ փահլևաններ պետք չեն

Հայ-թուրքական ֆրոնտում մեզ փահլևաններ պետք չեն

Փաշինյանը, որպեսզի չգնա պետք է շարունակի տալ: Այն պահին, երբ նա ասի վերջ, այլևս բան չունեմ տալու, նրան, մեղմ ասած, կփաթեթավորեն և կտանեն որևէ ուղղությամբ: Սա է այս խաղի կանոնը, որ նույնն է ամենուր՝ Իրաքում, Եգիպտոսում, Լիբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, որտեղ երբևէ տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն: Հայաստանը բացառություն չէ, Նիկոլն էլ Սահակաշվիլուց կամ Պորոշենկոյից լավ տղա թող չլինի:

Կուզենայի այսօր խոսենք հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման ներկա գործընթացից, որտեղ Հայաստանն, ըստ էության, որևէ դերակատարություն չունի: Գուցե զարմանալի բան ասացի, բայց դա այդպես է: Սա ոչ թե հայ-թուրքական կամ թուրք-հայկական գործընթաց է, այլ թուրքական շքերթ՝ դեպի արևելք, դեպի Ադրբեջան, դեպի Միջին Ասիա, դեպի Չինաստանի և Ռուսաստանի սահմաններ: Ռուբինյանին ճանաչողն ու տեսնողը կասի՞, որ այդ մարդը դերակատարություն ունի մի այնպիսի պրոցեսի մեջ, որն անմիջականորեն առնչվում է միանգամից մի քանի գերտերությունների շահերին: Եվ ուրեմն Ռուբինյան-Քըլըչ գյալաջին ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնֆետի մի գույնզգույն դատարկ թուղթ, որով փորձ է արվում փակել միջազգային հանրության աչքերը Արևմուտքի և Թուրքիայի հեռահար նպատակների վրա:

Գիգանտոմանիայով տառապող ՀՀ իշխանությունները (դե, նրանք արդեն արբանյակ ունեն) խնդրո առարկա գործընթացում իրենց անպետքությունը թաքցնելու նպատակով հազար ու մի հեքիաթներ են պատմում այն մասին, թե Հայաստանի համար որքան լավ կլինի Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը: Ամբողջությամբ մանիպուլյացիա է նաև այն պնդումը, թե հարաբերությունների հաստատումը տեղի է ունենում առանց նախապայմանների՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Կարո՞ղ է որևէ մեկն ինձ ասել, թե ինչ նախապայման կարող է առաջադրել Հայաստանը Թուրքիային, որ չի առաջադրում: Կարո՞ղ ենք, օրինակ, Վիլսոնի իրավարար վճիռը դնել Թուրքիայի առաջ և, որպես հարաբերությունների կարգավորման նախապայման պահանջել Սև ծովի Ռզա և Տրապիզոն նավահանգիստները: Հենց տան՝ վերջ, Վիլսոնի սահմանը գծում ենք ու դեսպանատուն ենք բացում Անկարայում: Ես կարող եմ Թուրքիայի համար առավել թեթև նախապայման առաջարկել՝ թող Էրդողանը հայտարարի, որ Արցախը Հայաստան է և վերջ: Կհայտարարի՞: Հենց հայտարարի՝ վերջ, սահմանը բացում ենք նաև Ադրբեջանի կողմից՝ գնացեք-եկեք, ախպեր ջան:

Իսկ հիմա տեսնենք՝ Թուրքիան ինչ նախապայմաններ է առաջադրում, որոնք, իբր, անընդունելի են Նիկոլի հատուկ բանագնաց Ռուբինյան Ռուբենի կողմից՝ մոռանալ Ցեղասպանությունը, դադարեցնել Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված աշխատանքները, հայոց պահանջատիրությունը գրել սառույցին, հրաժարվել Թուրքիային (և Ադրբեջանին) տարածքային պահանջներ ներկայացնելուց, միջանցք տրամադրել Թուրքիային՝ Նախիջևանից Ադրբեջան անցնելու համար, Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու էլի մի քանի մանր-մունր բան, ինչպես, օրինակ, Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված պահանջել, որ 5-ամյա ժամկետը լրանալուց հետո ռուսական զորքը դուրս գա Արցախից: Հասկացող մարդու համար այսքանն էլ բավական է, որ չփորձի Թուրքիայի հետ լեզու թրջել հարաբերությունների կարգավորման հարցերով: Դրանք երբեք չեն կարող կարգավորվել առանց թուրքական նախապայմանները բավարարելու, որովհետև Թուրքիայի համար առաջնայինը ոչ թե Հայաստանն է ու Հայաստանի հետ հարաբերությունները, այլ իր անխափան ծավալումը դեպի արևելք, դեպի Ադրբեջան և ավելի հեռու:

Մի երկու օր առաջ հայտարարեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շոշափելի առաջընթաց է տեղի ունեցել, առարկայական քայլ է արձանագրվել: Բա չեք ասի՝ Քըլըչն ու Ռուբինյանը համաձայնել են՝ երրորդ երկրների քաղաքացիներին թույլ տալ Թուրքիայի կամ Հայաստանի կողմից հատել հայ-թուրքական սահմանը: Նիկոլը մե քեֆ, մե ուրախություն է ապրում այս առիթով, մասնակցում ինչ-որ ծաղրածուների դիմակահանդեսի… Մինչդեռ խոսքն այն մասին է, որ ՀՀ իշխանությունները հերթական հիմարությունն են թույլ տվել, որովհետև տարածաշրջանի միակ երրորդ երկիրը, որի քաղաքացիները կհատեն հայ-թուրքական սահմանը, Ադրբեջանն է: Ոչ Իրանի, ոչ Ռուսաստանի, ոչ Վրաստանի, ոչ Ուկրաինայի քաղաքացիները Թուրքիայից վերադառնալու համար Հայաստանի սահմանը չեն հատի: Ոչ էլ Թուրքիա գնալու համար նախ կգան Հայաստան, որ Հայաստանով հասնեն թուրքական սահման:

Հասկանալի է, չէ՞, խոսքն ինչի մասին է: Հետևաբար Ռուբինյանն ըստ էության, համաձայնություն է տվել Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ Ադրբեջանի քաղաքացիների ազատ ելումուտին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրված, իսկ Արցախի հարցը վերջնականապես թաղված կլինի:
Ամփոփենք: Հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ներկա փուլի ամենամեծ վտանգն այն է, որ բանակցություններն ընթանում են առանց միջնորդների: Սա շատ վատ է, այն իմաստով, որ ճիշտ պահին և ճիշտ տեղում հնարավոր է չհայտնվի մեկը, որ բռնի Ռուբինյանի ձեռքն ու թույլ չտա, որ նա մի նոր փորձանք բերի Հայաստանի գլխին: Մինչդեռ ՀՀ գործող իշխանությունները մեզ բազմաթիվ առիթներ են տվել համոզվելու, որ ունակ չեն անգամ երկու էշի գարի ջոկելու։