Հայաստանի իշխանությունը դողդողացող ձեռքով է օգնում ծանր կացության մեջ հայտնված արցախցիներին, կամ` մի ձեռքով օգնում է, մյուսով ամեն ինչ անում, որ նրանք հնարավորինս քիչ գումար ստանան պետությունից։ Երբեմն այնպիսի բյուրոկրատական պատ է դրվում պետական աջակցության ծրագրերի շահառուների առաջ, որ նրանց համար ավելի հեշտ է հրաժարվել օգնության փողերից, քան ճակատով ջարդել այն եւ ստանալ։
Մենք նախորդիվ անդրադարձել էինք զոհված աշխարհազորականի այրի Անի Գարեգինյանին և նրա ծնողներին՝ Լուսինե և Գարիկ Գարեգինյաններին, որոնք տեղահանվել են Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղից և այժմ բնակվում են Երևանում։ Սեպտեմբերի 25-ին ընտանիքը հասել է Գորիս, որտեղ հաշվառվել է որպես փախստական, անգամ 100 հազար միանվագ օգնությունից է օգտվել։ Բայց մնացած վճարումները Գարեգինյանները չեն ստացել։ Նրանց մերժել են նաև փախստականի վկայական տրամադրել, քանի որ 10-15 տարի առաջ Գարեգինյաններն ապրել են Հայաստանում։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ մարդիկ զրկվել են իրենց հասանելիք աջակցությունից։
Երեկ վերջապես ստացանք պատասխան, որ, ըստ Կենտրոնական Բանկի տրամադրած տեղեկանքի, Անի և Լուսինե Գարեգինյանները հաշվին 2 մլն դրամ ունեն, իսկ ըստ կառավարության սահմանած կարգի, 2 մլն դրամ ունեցող անձը չի կարող օգտվել աջակցության պետական ծրագրերից։
«Այս պահին Գարիկ Գարեգինյանի կողմից ներկայացված առկա դիմում չկա ոչ մի համակարգում, հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամը ստացել է նոյեմբերի 3-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի հաշվեհամարով։ Այս պահին Լուսինե Գարեգինյանի կողմից ներկայացված դիմում առկա չէ 40+10-ում, հոկտեմբերի 27-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի հաշվեհամարով ստացել է հոկտեմբեր ամսվա 40+10-ը, 50+50 հազար դրամ աջակցության գումարը չի ստացել, քանի որ բանկային հաշվին ունի 2մլն դրամ։ 50+50 հազար դրամ աջակցության գումարը չի ստացել քանի որ բանկային հաշվին ունի 2 մլն դրամ», - ասված է ԿԲ պատասխանում։
Կանայք կոկորդ են պատռում, որ իրենք ոչ մի 2 մլն դրամ էլ չունեն, որ սա կեղծ տեղեկություն է, որ 2 մլն դրամ կա միայն ընտանիքի հոր՝ Գարիկ Գարեգինյանի հաշվին, սակայն վերջինս չի հավակնում օգնություն ստանալու։ Միևնույն է, ԿԲ խոսքն անցնում է, արցախցիներինը՝ ոչ։ Այժմ կանայք ստիպված են դիմել Կենտրոնական բանկ և հայտնել, որ սխալ է տեղի ունեցել։ Դեռ քանի անգամ կգնան կգան այս ողորմելի 50 հազարական դրամը ստանալու համար, հայտնի չէ։