Անվադողեր ենք այրել՝ սառած ջրագիծը բացելու համար

Անվադողեր ենք այրել՝ սառած ջրագիծը բացելու համար

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա բնակավայրում մի քանի օր տեւած սառնամանիքի ու բքի հետեւանքով սառել էր գյուղը սնուցող ջրագիծը։ Ստիպված են եղել անվադողեր այրել՝ սառույցը հալեցնելու ու գյուղը ջրով ապահովելու համար։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ Նա նշեց նաեւ, որ ձնաբքի հետեւանքով փակված են եղել նաեւ դեպի գյուղ տանող ճանապարհները։

Գյուղի բնակիչները տները տաքացնում են աթարով ու փայտով, գյուղը երբեք գազիֆիկացված չի եղել։ Երանոսյանն ասաց, որ թեպետ գյուղում բնակիչներն անասուններ պահում են միայն իրենց համար անհրաժեշտ կաթնամթերք ստանալու համար, սակայն ձմռանը կենդանիների համար կերի հայթայթման խնդիր այս տարի ունեցել են։ 

«Աշնանն այդքան հաջող բերքահավաք չենք կարողացել ունենալ, գյուղացիները հիմնականում մի քանի գլուխ անասուն ունեն»,- ասաց Երանոսյանը։

Գյուղի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը դաշտավարությունն է, վարուցանքը։ Պատերազմի հետեւանքով բնակիչները ստիպված են անասուններին արածեցնել գյուղի ներքեւի հատվածում։ «Կրճատվել են մեր արոտավայրերը, տարածքը մեծ է՝ վերեւ չենք տանում, ներքեւ ենք տանում»,-ասաց մեր զրուցակիցը։ Ձմռանը գյուղի բնակիչների քանակը կրճատվում է՝ մարդկանց մի մասը նախընտրում է Գեղարքունիքի մարզի այս կամ այն բարեկամի տանն անցկացնել ձմեռն ու գարնանը վերադառնալ գյուղ։ 

Պատերազմի հետեւանքով սահմանամերձ դարձած Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում տները տաքացնելու հարցն առավել դյուրին է՝ գյուղի տների 90-97 տոկոսը գազիֆիկացված է, նաեւ փայտ են վառում՝ պատմում է Վերիշենի վարչական շրջանի ղեկավար Արտակ Զադայանը։

Չնայած Վերիշենը սահմանամերձ է դարձել, սակայն թշնամու հենակետերը գյուղից չեն երեւում։ Ձմռանը անասուններին կերով ապահովելու հարցում գյուղացիներին օգնություն է տրամադրել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը՝ խոտ եւ կոմբինացված կեր են բաժանել դեկտեմբերին։
«Անասնակեր եւ կոմբիկեր են բաժանել, վեց հազար տուկից ավելի խոտի տուկ են բաժանել՝ 6 հազար 156 խոտի տուկ եւ մոտ 42 տոննա կոմբիկեր»,- ասաց Զադայանը։

Նա նշեց, որ գյուղում մոտ 4 հազար գլուխ ոչխար են պահում եւ մոտավորապես 1200-1300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ անասնապահությունից է գյուղի հիմնական եկամուտը։ Գյուղը բավականին մեծ է՝ 415 տուն, եւ պատերազմից հետո գյուղից հեռացողներ չեն եղել։
Մեր հարցին, թե գյուղում պատերազմից հետո ինչ խնդիրներ են առաջացել, Զադայանը շեշտեց՝ կարեւորն այն է, որ ոչ մի ընտանիք չի լքել գյուղը, եւ դեռ իրենց երիտասարդներից մի քանիսը վերադարձել է Ռուսաստանից ու այստեղ է ապրում։