Եթե Մեսչյանը չկարողացավ իր հեղինակությամբ ընդդիմանալ, ապա ում էլ բերեն, լինելու է Մարությանի կամակատարը

Եթե Մեսչյանը չկարողացավ իր հեղինակությամբ ընդդիմանալ, ապա ում էլ բերեն, լինելու է Մարությանի կամակատարը

Հարցազրույց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ

- Պարոն Խաժակյան, Հայկ Մարությանը, հերքելով իր հրաժարականի մասին լուրերը, սպառնաց հետայսու էլ ծառայել հեղափոխության շահերին եւ երեւանցուն։ Ձեր գնահատմամբ՝ հասունացե՞լ է նրա հրաժարականի հարցը։

- Երկու տարի հետեւելով քաղաքի կառավարմանը, նրա ձեռք բերած արդյունքներին՝ պետք է յուրաքանչյուրն իրեն այդ հարցը տա, թե ինչ ձեռքբերումներ ունի Մարությանը երկու տարվա ընթացքում, կամ եթե ոչ ձեռքբերումներ, ապա եղածն ինչ տեմպերով է պահպանվել։ Եվ պետք է արձանագրենք, որ այն կարեւոր սպասումները, որոնք կային երեւանցիների մոտ, չեն արդարացվել, համակարգաստեղծ գործունեություն չի ծավալվել։ Երեւի միակ բացառությունն աղբահանության այդ հիմնարկի ստեղծումն է, որի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեմ։ Մասնավորապես, այն հարցում, որ դրա արժեքը շատ ավելին է, քան նախկինում մենք վճարում էինք աղբահանության դիմաց։ Եվ, հետեւաբար, պետք է կատարյալ ապաշնորհ լինել, որպեսզի այդքան գումար վճարելով էլ արդյունք չստանալ։ Իսկ մնացած հարցերում կարծում եմ, որ Մարությանն արդեն ցույց է տվել իր առավելագույն սահմանները։ Եվ իր յուրաքանչյուր հաջորդ օրվա պաշտոնավարում, յուրաքանչյուր օր թողնում է քաղաքի խնդիրները չլուծված։ Բայց հաշվի առնելով, որ իր պաշտոնավարումը պայմանավորված է վարչապետ Փաշինյանով, որն էլ իրեն առաջադրել է, երեւի հենց Փաշինյանն էլ պետք է այդ հարցի հանգուցալուծումը տա։

- Պաշտոնը ստանձնելուց հետո գրեթե 2 տարի է անցել, նա 4 տարվա համար խոստումներ էր տվել։ Ձեր կարծիքով՝ ո՞ր մասն է կատարել, կկատարվե՞ն մյուսները։ Օրինակ՝ մետրոյի նոր կայարան․ սրան նույնիսկ չեն մոտեցել։ Բայց, ենթադրում եմ, կասեն, որ կորոնավիրուսը խանգարեց։

- Մետրոյի կայարանը դեռեւս իրենց խոստացածից ամենաբարդն էր, որը թերեւս թողնենք լավատեսության շրջանակներում։ Բայց՝ տրանսպորտային համակարգ, տրանսպորտային համակարգի բարեփոխումներ, «գազելների» վերացումը գծերից, պատշաճ ավտոբուսներ, պատշաճ ցանց, որը մեր բնակիչներին կսպասարկի նորմալ ու ժամանակին եւ արժանապատվորեն։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ։ Ունեին պատրաստի տրանսպորտային ցանց՝ նախագիծ, որը պետք է արդեն կյանքի կոչվեր, կար վարկային ծրագիր։ Եվ ի՞նչ արեց Մարությանը։ Մի կողմ դրեց այդ նոր ցանցը եւ որոշեց, որ պարզապես պետք է 100 ավտոբուս ձեռք բերի եւ դրանով փորձի համալրել այս տարի գծերից դուրս մնացող 450 «գազելները»։ Դա էլ չստացվեց։ Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ իր խոստացած 100 ավտոբուսը՝ 12 մետրանոց, որոնց ձեռքբերումը պետք է ֆինանսավորվեր ՎԶԵԲ-ի կողմից, չի լինելու՝ ո՛չ այս տարի, ո՛չ հաջորդ տարի։ Այդ մրցույթը, ըստ էության, չի կայացել, եւ հաղթողներ չկան։ Սա վկայում է այն մասին, որ Մարությանի խոստումներն իրականացվել են չնչին տոկոսներով։ Էլ չեմ ասում այն բազմաթիվ խոստումների մասին, որոնք քաղաքապետի առօրյա աշխատանքից դուրս են․ մետրոյի կայարան, ճոպանուղի, որը խոստացավ Մեսչյանը, շատ բաներ խոստացան քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ, շատ բաներ խոստացան վերադարձնել քաղաքին՝ այգիների ազատում եւ այլն, բայց մենք տեսանք, որ գործընթացը հակառակ ուղղությամբ է գնում։ Ունենք նոր կառուցապատում կանաչապատ տարածքներում, ունենք շարունակական ծառահատումներ, որքան էլ իրենք ինչ-որ արդարացումներ բերեն։ Եվ կարծում եմ՝ Մարությանը հեղափոխական քաղաքապետ չէ։ Մարությանը վերցրել է նախկինից եկած աշխատաոճը, բայց արդյունավետությամբ՝ բազմապատիկ ավելի պակաս։ Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք։

- Հեղափոխության գլխավոր խոստումն էր՝ այլեւս երբեք Երեւանում պատմամշակութային շենքեր չեն քանդվի։ Բայց հիշում ենք նույն Մեսչյանի հայտնի՝ «տղե՛րք, էս ի՞նչ եք անում, մեզ դատարանների դռներն եք գցում»-ը, ինչպես նաեւ Մարությանի լռությունը հարցի քննարկման ժամանակ, երբ պարզապես ասաց, որ որեւէ կարծիք չունի։

- Ֆիրդուսի թաղամասի մասին խոսելիս կարծում եմ, որ պետք է մեկ քայլ հետ գնալ եւ նայել, թե ինչ ունենք։ Ֆիրդուսի թաղամասը դեռեւս նախկինում հաստատված պրոյեկտ է, էդտեղ ինչ-որ մեկնաբանություններ կարող են ողջամիտ լինել։ Թեպետ հեղափոխությամբ գալը եւ մարդկանց մոտ սպասումներ ձեւավորելը նաեւ նշանակում է, որ ինչ որ հնարավոր է կասեցնել, դա կասեցվի։ Բայց կարծում եմ՝ ավելի լավ է խոսել այն կառույցների մասին, որոնք քանդվեցին առանց այնտեղ որեւէ ծրագրի առկայության։ «Փոքրիկ երգիչների» երգչախմբի շենքը, որի մասին շատ խոսվեց, որի մասին Մեսչյանն ասաց, որ այդպես չի կարող լինել, չի քանդվի, եւ մենք առայսօր տեսնում ենք շարունակական գործընթաց, երբ պարզապես ժամանակ են սպանում՝ սպասելով, թե երբ է շենքն ամբողջությամբ փլուզվելու։ Եվ այս իմաստով, այդ խոստումները՝ նաեւ հին Երեւանի հետ կապված, որեւէ կերպ չիրականացան։ Ավելին՝ ունենք մի տարածք, որը հին Երեւանի վերականգնման տարածքն է, որը գոնե պետք է այս ընթացքում հանձնվեր շահագործման, որովհետեւ շինարարությունը մեծամասամբ պատրաստ է։ Եվ թեպետ դա քաղաքային իշխանությունների թողտվությամբ իրականացվեց, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, բայց արդեն կա կառույց, որը պետք է օրինականացվի եւ հասցվի ավարտին։ Անգամ սա Մեսչյանն ու քաղաքապետ Մարությանը երկու տարվա ընթացքում չարեցին։ Շինությունը կա, բայց այն չի հանձնվում շահագործման, որովհետեւ իրավական լուծումներ պարզապես չեն կարողանում գտնել։ Կամ՝ գտնում են, բայց չեն համարձակվում դա անել։ Փոխարենը, փորձ է արվում խնդիրները լուծել քրեական գործերի հարուցումներով։

- Բազմաթիվ բողոքներ ենք լսում շինթույլտվությունների, անօրինական կառույցների օրինականացման, հասցեների ճշգրտման եւ այլնի վերաբերյալ, որոնք առկախված էին, մեկ էլ հանկարծ լուծում են ստանում։ Ի դեպ, պնդում են՝ որոշակի գումարների դիմաց։ Տեսնո՞ւմ եք այստեղ կոռուպցիոն ռիսկեր։ 

- Տեսնում եմ եւ դրա մասին շատ եմ խոսել։ Ակնհայտ է, որ հատկապես խոշոր կառուցապատողները, ովքեր որոշակի փոխադարձ համաձայնությունների մեջ են մտնում քաղաքային իշխանության հետ, դեռեւս ամիսներ առաջ դա տեղի էր ունենում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի հետ, կառուցապատողը ստանում էր թույլտվություն եւ դրա դիմաց համայնքին տալիս էր ինչ-որ գույք։ Նույնը, համոզված եմ, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով կամ գուցե այլ շահագրգռվածություններով տեղի է ունենում փոքրածավալ շինարարությունների մասով։ Որովհետեւ էնպիսի շինարարական թույլտվություններ ենք հաճախ տեսնում, որոնք որեւէ տրամաբանության սահմաններից դուրս են։ Օրինակ՝ մայթը փորում են եւ 34 թվի շենքի հիմքերը քանդում են, որ նոր դուռ բացեն։ Եվ դա՝ Մեսչյանի թույլտվությամբ, այսինքն՝ քաղաքաշինական փաստաթղթերով։ Խոսքը վերաբերում է Տպագրիչների փողոցին, որտեղ հենց անմիջապես մայթի վրա փորել են եւ այնտեղից փորձում էին դեպի նկուղային հարկ դուռ բացել, որը հնարավոր էր միայն բազալտե հիմքը ծանր տեխնիկայով բացելու միջոցով։ Եվ, կրկնում եմ, դրա համար կար շինթույլտվություն՝ Մեսչյանի տվածը, ինչը չէր կարող լինել առանց միջամտության, որովհետեւ դա պարզապես աբսուրդի ժանրից է։ Իսկ այն, որ Մարությանը Մեսչյանի հետ կետ առ կետ քննարկում է ցանկացած շինթույլտվություն, կասկած չունեմ։

- Պարգեւավճարները․ նախ, պե՞տք է, որ կորոնավիրուսի պայմաններում դրանք լինեն, եւ երկրորդ․ ո՞վ պետք է ստանա՝ այն աշխատողները, որոնք լա՞վ են աշխատել, թե՞ նրանք, ովքեր «պետի հետ լավ են»։ Ձեզ հայտնի՞ է, թե պարգեւավճարներն ինչ չափանիշներով են սահմանվում։

- Որեւէ չափանիշ չկա, եւ այս ընթացքում արձանագրվեցին երեւի թե Երեւանի պատմության մեջ ամենամեծ թվերը։ Ասենք՝ 2 միլիոն 350 հազար դրամ պարգեւավճար՝ մեկ ամսում, մեկ հոգու։ Եվ այս առումով ակնհայտ է, որ շատ հայեցողաբար է, թե ում պետք է տրվի այդ պարգեւավճարը։ Մարդկանց ասացին, որ կարող եք աշխատանքի չգալ, տնից աշխատել այս համաճարակի օրերին, վերջում պարզվեց, որ դա պարգեւավճար տալու կամ չտալու  նախապայման է։ Իսկ բոլորին է հայտնի, որ պարգեւավճարը մարդկանց համար, գոնե շարքային աշխատակիցների, ընկալվում է որպես հավելավճար իրենց աշխատավարձին, որը երկար տարիներ է՝ չի վերանայվել։ Եվ այս միջոցով Մարությանը, փաստորեն, իր մտերիմներին պահում է քաղաքապետարանում։ Շատ հետաքրքիր եւ նոր երեւույթ կա որոշ համայնքապատկան կառույցներում, որը վերաբերում է իբրեւ թե շաբաթ օրն աշխատելու դիմաց հավելավճար տալուն, եւ դա, չգիտես ինչու, վերաբերում է միայն որոշակի անձանց՝ այն մարդկանց, ովքեր որոշակի առնչություն ունեն տվյալ հիմնարկի ղեկավարների հետ կամ «Քաղպայմանագրի» կուսակցականներ են։ Եվ արդյունքում՝ իրենք կարող են հայտարարել, որ շաբաթ օրը գնում են աշխատանքի եւ դրա դիմաց հավելավճար ստանում։ Մինչդեռ քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատող գիտի, որ որքան էլ երկար մնա աշխատանքի վայրում կամ շաբաթ օրը եւս հաճախի, որեւէ մեկն իրեն աշխատավարձի հավելում չի տալու։ 

- Դա վերաբերում է թաղապետարանների՞ն։

- Ես տեղեկություն ունեմ համայնքապատկան, տվյալ դեպքում՝ կանաչապատման հիմնարկի մասին, բայց սա կարող է վերաբերել շատուշատ կառույցների, պարզապես ես այդ մասին չգիտեմ։

- Մարությանի մասին ասացիք՝ հեղափոխական քաղաքապետ չէ։ Մեսչյանն էլ, երեւի թե, Երեւանի հեղափոխական գլխավոր ճարտարապետ չէ։ Կարո՞ղ եք արձանագրել, թե ինչ արեց Մեսչյանը քաղաքի համար եւ ինչու գնաց։

- Մեսչյանն ինձ մոտ դրական հուշեր թողեց իր աշխատանքի փորձառությամբ, ոչ ավելին։ Շատ շուտ, երբ ակնհայտ էր, որ նա չի հասցրել իր լիազորությունների ողջ ծավալը յուրացնել, բայց, չգիտես ինչու, հեռանալիս այդ մասին հասարակությանը, լրագրողներին, ավագանու անդամներին որեւէ բացատրություն չտվեց, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ այն, ինչ պետք է ասեր, այնքան էլ հաճո չէր լինելու Մարությանին, եւ, թերեւս, նախընտրեց այս մասին լռել։ Իսկ ինչո՞ւ եմ այդպես կարծում․ որովհետեւ քչերը նկատեցին, որ անգամ իր հրաժարականի դիմումը Մեսչյանը տվեց այն ժամանակ, երբ Մարությանն արձակուրդում էր, եւ այն մակագրեց քաղաքապետի առաջին տեղակալը։ Եվ իմ տեղեկություններով՝ իրենց միջեւ այդ կոնֆլիկտն այնքան էր  հասունացել, որ անգամ չցանկացավ, որ Մարությանն իրեն աշխատանքից ազատի, այլ դիմումը տվեց, երբ արդեն ժամանակավոր պաշտոնակատար էր առաջին տեղակալը։

- Նոր գլխավոր ճարտարապետի անունը Ձեզ հասե՞լ է։

- Չի հասել, եւ չեմ էլ հետաքրքրվել, որովհետեւ ով էլ լինի, դառնալու է Մարությանի գործարքների կամակատարը։ Եթե Մեսչյանը չկարողացավ իր հեղինակությամբ հանդերձ ընդդիմանալ, ապա ում էլ բերեն, ակնհայտ է, որ լինելու է Մարությանի կամակատարը։