Սորոս պապը ջղայնացած է
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան հասարակական կազմակերպությունը, առավել հայտնի Սորոսի հիմնադրամ անունով, երեք այլ ազգակից ՀԿ-ների հետ ջղային մի հայտարարություն է տարածել, որում կոչ է անում իշխանություններին՝ «ստանձնել նախաձեռնողականություն՝ անհապաղ քաղաքական եւ իրավական գնահատականներ տալու անցյալի իրավախախտումներին, եւ կարճաժամկետ քայլերից անցում կատարել դեպի ռազմավարական նպատակների իրականացում՝ որպես վերջնանպատակ սահմանելով արդարադատության իրականացումը․․․»։
«Քսան տարի շարունակ պետությունը բռնազավթած նախկին իշխանությունների ներկայացուցիչները եւ նրանց աջակիցները վերջին ամիսներին առավել մեծ ակտիվությամբ են համախմբում իրենց ուժերը ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին բնագավառներում՝ միավորվելով լեգիտիմ, ժողովրդի կամքն արտահայտող ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանության դեմ»,- ասվում է հայտարարությունում։
Ուշագրավ է հայտարարության երեւան գալու ժամանակը․ այն ուղղակիորեն համընկնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ապա եւ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու փաստերի հետ։
Եվ ի՞նչ են ուզում այս հայտարարությունը երկնած հասարակական կազմակերպությունները, ինչո՞ւ են մռութները քաղաքականոտել ու մտել մի դաշտ, որն ամենեւին իրենցը չէ, ինչո՞ւ չեն զբաղվում «քաղաքացիական հասարակությամբ», ադրբեջանական ֆիլմեր բերել-ցուցադրելու գործով, քիրվայական գործունեությամբ, հասարակության իրավական մշակույթի ձեւավորման եւ համանման այլ հարցերով։ Հարգելի ՀԿ-ներ, ձեզնից ո՞ր մեկի կանոնադրությունն է թույլ տալիս մտնել բուն քաղաքական դաշտ, գործունեություն ծավալել այդ դաշտում (ձեր հայտարարությունը՝ գործունեություն է), մի բան էլ սպառնալ իշխանություններին, թե՝ «հապաղում» եք։ Իշխանությունները ձեզ ժամանակին գրաֆիկով ի՞նչ խոստումներ են տվել, որ հիմա չոր հաշվել եք՝ «հապաղում» եք։
Ուշագրավ է, որ հայտարարության հենց սկզբում ստորագրածները՝ 4 սիրասուն-սորոսասուն ՀԿ-ները, լավ իմանալով նոր իշխանությունների քաղաքական ու իրավական նախընտրությունները, խոսում են ընդամենը «վերջին քսան» տարվա ընթացքում իշխանությունը բռնազավթածների եւ նրանց պատասխանատվության ենթարկելու մասին։ Այսինքն՝ Սորոսը ժամանակային կարմիր գիծ է քաշում, որից այն կողմ՝ 1998-ից հետ գնալ չի պահանջվում։ Եվ սա զարմանալի լինելուց առավել զավեշտալի է։ Որովհետեւ իշխանության բռնազավթումից խոսող սորոսականները մոռացել են 1995-96 թվականները, երբ նորանկախ Հայաստանում իշխող ՀՀՇ կուսակցության եւ նրա լիդերների կողմից սկիզբ դրվեց զանգվածային ընտրակեղծարարության ու իշխանազավթման պրակտիկային։ Այդ իշխանազավթումն այնքան անթաքույց էր, որ մինչեւ օրս ոչ մի լուրջ ու անլուրջ քաղաքագետ եւ վերլուծաբան չի ժխտել ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նաեւ համակարգային ընտրակեղծիքների եւ իշխանության բռնազավթման հիմնադիր եւ հայր լինելու «պատիվը»։ Ուրեմն ինչո՞ւ եք պատիվ անում այդ մարդուն եւ պատասխանատվության չեք կոչում։ Ո՞ւր մնաց ձեր արդարամտությունը։
Բայց սորոսական մեր տղերքի (եւ մի կին «ատամնատեխնիկ») հիշողությունը (ի դեպ, բոլորն էլ՝ տարիքով․ 1990-98 թթ․ իրենց բուռն երիտասարդությունն ապրած մարդիկ), ավաղ, «վերջին քսան» տարիներին այնքան է բռնաբարվել, որ մեկընդմիշտ մոռացել են 90-ականների հերոսական ժամանակները․ նրանց ուշքն ու միտքը կարմիր գծից «ասդին» է։
Ինչո՞ւ, հարգելի սորոսականներ (Ա․ Սաքունց, Լ․ Բարսեղյան, Ս․ Գրիգորյան, Լ․ Մինասյան)։ Ձեր հիշողությունն ինչո՞ւ է այսքան ընտրովի՝ այն դեպքում, երբ ձեր հայտարարության մեջ ճամարտակում եք ընդհանրապե՛ս ժողովրդավարությունից ու արդարադատությունից։
Մի ուրիշ ժամանակագրական «մոռացկոտության» մասին։ Սորոսական ՀԿ-ները համարում են, որ Նիկոլն «ավելի քան 70% լեգիտիմություն ունեցող իշխանություն» է՝ «միամտաբար» մոռանալով, որ դա ավելի քան մեկուկես տարվա հնություն ունեցող տվյալ է, եւ որ այդ ժամանակներից շատ ջրեր են հոսել, հետեւաբար, ազնիվ չէ հնացած, իրականության հետ որեւէ՛ աղերս չունեցող այդ «փաստարկը» հրապարակ բերել հիմա։
Պահանջատիրական ոճով եւ բարկության անթաքույց շեշտերով այդ հայտարարությունը, ի դեպ, շատ է հիշեցնում Սորոսի այն հայտարարությունը, որ հնչեց օրերս՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին, աֆրոամերիկյան ծագումով երիտասարդի հանդեպ կիրառված ոստիկանական բռնության կապակցությամբ։ Նույն կիսասպառնական ոճն էր, նույն պահանջատիրական պաթոսը, բանաձեւերն էին նույնիսկ նույնը։ Թվում է՝ Սորոս պապը որոշել է անցնել գլոբալ հարձակման, եւ մեր քառյակ ՀԿ-ների հայտարարությունն այդ հարձակման տրամաբանության մեջ է։
Համոզված եմ, որ եթե մեր սորոսականների հայտարարությունը ոճաբանական փորձաքննության ենթարկվի, կպարզվի, որ դրա հեղինակները պ ա տ վ ի ր ա տ ու ի եւ դրանից բխող՝ պահանջատիրոջ հոգեբանական վիճակներում են։ Եվ հետաքրքիր է, թե ի՛նչ են պահանջում իշխանություններից սորոսական մեր եղբայրները (եւ մի քույր «ատամնատեխնիկ»)։
Առավել եւս հետաքրքիր է, թե իշխանությունները կարձագանքե՞ն այս մեղադրական հայտարարությանը, թե՞ կլռեն։
Ամենայն հավանականությամբ՝ կլռեն, որովհետեւ կասկածելիորեն լուռ է իշխանության հարվածային ուժը՝ ֆեյք-գվարդիան։
Կարծիքներ