Համոզվեցի՞ք երեկ, որ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ իրավիճակին տիրապետում է

Համոզվեցի՞ք երեկ, որ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ իրավիճակին տիրապետում է

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը 2022 թ․ հոկտեմբերի 21-ին YouTube-ի իր ալիքի ուղիղ եթերում հայտարարեց. «Ես գտնվում եմ Հայաստանից դուրս: Մամուլում տարածված լուրերը հիմնականում հաստատում եմ, այդ թվում՝ քրեական գործերի մասով: Այսօր հայտնում եմ ընդամենը հետեւյալը․ պլանավորվում են որոշակի գործողություններ, այնպիսի փոփոխություններ, որոնք պիտի շատ բանի սկիզբ դնեն»: Եվ խոստացավ առաջիկայում «դիմակազերծ» անել ոմանց: Այս եթերը մեծ արձագանք ունեցավ` շատ դիտումներ, սակայն ամիսներն անցնում են, ոչ մեկի դիմակը չի պատռվում, մարդիկ հետաքրքրվում են` ինչո՞ւ է լռում Ուրիխանյանը: Մենք զրուցեցինք նրա հետ:

- Պարոն Ուրիխանյան, ինչո՞ւ դիմակներ չպատռեցիք, առհասարակ պասիվացել եք, մարդիկ սպասում են Ձեր բացահայտումներին:

- Դե թող սպասեն, ոչինչ, Նիկոլն էլ խոստանում էր վերացնել կոռուպցիան ու թալանը, պատժել չարերին և չարիքը, ոտքի հանել երկիրը: Նիկոլից թող ստանան, հետո՝ ինձանից: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ամեն ինչ շուտով տեղի կունենա: Ես եղել եմ և լինելու եմ պասիվ, ինձ քաղաքական գործընթացները, քաղաքական ու պետական իրականությանն առնչվող նկրտումներն այլևս չեն հետաքրքրում: Այդ մասին շատ հստակ ասվել է: Հայտարարել եմ արդեն, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում ակտիվորեն առչվելու եմ, մասնակցություն եմ ունենալու և ողջ իմ հնարավոր ու անհնարին ռեսուրսներով ազդելու եմ, որպեսզի իշխանություններն ու իշխանություններին բերածները պետք է հաղթանակ չունենան: Ինչ վերաբերում է իմ բացահայտումներին՝ տասը հաղորդումներին, դրանք անպայման լինելու են:

- Երևանի քաղաքապետի ընտրություններում ի՞նչ եք պատրաստվում անել:

- Բազմաթիվ բանակցություններ կան, այդ թվում դաշինքի ձևավորման գործընթացներ են տեղի ունենում, «Ալյանս» կուսակցությունն անպայման մասնակցելու է, թե ինչ ձևաչափով և որ դաշինքի հետ, այդ մասին լրացուցիչ դեռ կհայտարարվի: Կոնկրետ իմ անելիքը լինելու է այն, որ ես լինելու եմ այն ուժի կողքին, որը կվերացնի սրանց և սրանց բերողներին:

- Կա՞ մի թեկնածու, որին վստահում եք, համարում եք արժանի: Մեր նախորդ զրույցում նաև ընդդիմությանն էիք քննադատում:

- Եթե դաշինքի ձևավորման գործընթացները նոր ենք մեկնարկել, պարզ է, որ դեռևս ոչինչ հստակ է, առաջիկայում այդ մասին կհայտարարեմ: Կարող եմ ասել, որ այն լինելու է դոմինանտ դաշինքներից մեկը:

- Քաղաքապետի թեկնածուների անուններ են շրջանառվում` Արթուր Վանեցյան, Լևոն Քոչարյան, Դոգի կուսակցությունն է նաև մասնակցելու:

- Կա թիմ, որը բավականին ընդունելի գաղափարներ է առաջ քաշում: Ես կլինեմ այն ուժի կողքին, որը կվերացնի սրանց, գոնե Երևանի կառավարումից: Սրանց պետք է դուրս շպրտել: Իմ ձևակերպումից կարող եք եզրակացնել, թե որ ուժին եմ աջակցում: Սրանց հետ չպետք է որևէ առնչություն ունենան: Պետք է մի ուժ, որը չի համագործակցում այս իշխանությունների հետ, բիզնեսներ չի անում ու չի ձևանում ընդդիմադիր:

- Այսօր Հայաստանում կա՞ մի քաղաքական ուժ, որը կարող է այս իշխանություններին հեռացնել:

- Իսկ ե՞րբ է հարցը լուծվել քաղաքական գործչով: Հարցերը համախմբվելով են լուծվում: Պետք է միավորվեն լայն զանգվածները: Ինչքան էլ որ ասենք՝ 2018 թվականը սարքած էր, իսկ այն իսկապես սարքած էր, մեկ է՝ պետք է փաստենք, որ գլխավոր դերակատարը զանգվածն էր` հասարակությունը: Ո՞վ էր Նիկոլ Փաշինյանը 2018-ի ապրիլից առաջ: Ի՞նչ էր նա իրենից ներկայացնում:

- Ասում եք, որ պետք է պայքարել, համախմբել հասարակությանը, միևնույն ժամանակ ասում եք, որ պասիվ եք լինելու` քաղաքական առումով: Արդա՞ր է պայքարի մասին խոսելն ու պայքարից դուրս գալը: Տպավորություն է, թե հույսն այլ ուժերի վրա եք դրել:

- Քաղաքական նկրտումներ չունեմ: Ասածս դա էր: Ցանկություն այլևս չկա: Լավագույն տասնամյակներս տվել եմ հայրենիքին, հիմա կա հայրենիքը վերադարձնելու խնդիր:

- «Ալյանս» կուսակցությունն այժմ ինչո՞վ է զբաղված: Ձեր երիտասարդներն ինչ են անում:

- Երիտասարդական թևը` Դենիս Պողոսյանի գլխավորությամբ նախապատրաստվում է ընտրություններին: Մի քանի տարածքային կառույցներ են ակտիվ գործունեություն ծավալում, օրինակ` Արարատում՝ Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

- Ձեր բացահայտումներին ինչքա՞ն սպասեն մարդիկ:

- Չեմ մոռացել, ես անպայման խոսելու եմ: Մի հարց տամ Ձեզ, որպես վերջաբան. Ձեզ համար պա՞րզ դարձավ, համոզվեցի՞ք երեկ, որ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ իրավիճակին տիրապետում է: