«Էրեբունի պլազայում» կրակողը շարունակում է բուժումը հոգեբուժարանում

«Էրեբունի պլազայում» կրակողը շարունակում է բուժումը հոգեբուժարանում

Տարվա սկզբին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը շարունակում է գտնվել «Նուբարաշենի» հոգեկան առողջության կենտրոնում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Նա նշեց, որ այս գործով առաջին նիստը տեղի է ունենալու հուլիս 16-ին, որտեղ էլ որոշվելու է նրան հարկադիր բուժման ուղարկելու հարցը։

Ըստ պաշտպանի՝ անմեղսունակ ճանաչվելուց հետո վերացվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը եւ կիրառվել է անվտանգության միջոց․ նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն։

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազայում» զինված անձը կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրում նրա հետ բանակցել էր այն ժամանակ դեռ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Ավելի ուշ տղամարդը՝ ոստիկանապետի ուղեկցությամբ, հեռացել էր դեպքի վայրից և կալանավորվել:

Թորոսյանին երկու մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու (պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով) և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու հատկանիշներով (պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով):