Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնը

Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնը

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը վերադառնում է նոր անակնկալներով։ Այս տարի փառատոնն անցկացվելու է երկրորդ անգամ․ հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 2-ը Երեւանի հինգ հարթակները, Լոռվա մարզի Դեբետ եւ Դսեղ գյուղերը, ինչպես նաեւ Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը միավորվելու են ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսեւորումների շուրջ։ Այս տարի իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից եւ Ռուսաստանից։ Եվ, իհարկե, փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։

«Այս տարի փառատոնի շարժիչ ուժն են նորագույն տեխնոլոգիաները։ Խաղացանկում  ունենք ներկայացումներ VR տեխնոլոգիաների, 3D պրոյեկցիաների, ինչպես նաեւ QR կոդերի կիրառմամբ։ Նման մոտեցումը թույլ է տալիս հետեւել ժամանակակից մարդու մտածողության, հետեւաբար՝ նաեւ ժամանակակից պարի զարգացումներին մեր գերինֆորմատիվ եւ գերտեխնոլոգիական դարում»,- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան։

Նոր տեխնոլոգիաներից բացի, փառատոնը յուրացնում է նաեւ նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող եւ տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։ Ազնավուրի հրապարակում երեւանյան հանդիսատեսը կտեսնի Ballrider Vaggi-ի՝ պարի եւ սպորտի սահմանագծին ստեղծված յուրահատուկ կատարումը։  Փառատոնի մասնակիցների մեկ այլ՝ site-specific ներկայացում կցուցադրվի Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում (Ձորաղբյուր)՝ ազդարարելով հանրահայտ նկարչի բաց արվեստանոցի նոր սեզոնը։ 

Այս տարի SUMMEET-ն ընդլայնվում է եւ ժամանակակից պարը «տանում» Հայաստանի մարզեր․ հունիսի 25-ին փառատոնը կայցելի Լոռի։ COAF Սմարթ կենտրոնում (գյուղ Դեբետ) տեղի կունենան Ֆաբիան Պրիովիլի դասախոսությունը՝ նվիրված VR տեխնոլոգիաների եւ ժամանակակից արվեստի համակեցությանը, եւ Վալերիա Կասպարովայի ու Ballrider Vaggi-ի՝ ժամանակակից պարի եւ գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասերը։  
Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երեւանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը եւ Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։