Երկու մեծահարուստ կռվշտում են գոլդ համարների համար

Երկու մեծահարուստ կռվշտում են գոլդ համարների համար

Երկիրը ծանր վիճակում է, ամեն օր սպասում ենք մի վատ լուրի, մեր պետության անկախությունն ու սուվերենությունը վտանգի տակ են, իսկ մեր մեծահարուստները կռվշտում են գոլդ համարներ ձեռք բերելու համար։ Օրեր առաջ գրել էինք, որ զրոներով ամենագոլդ համարը ձեռք է բերել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, ըստ ամենայնի` որպես որդու ծննդյան օրվա նվեր: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» հյուրանոցային համալիրը դիմել է վարչական դատարան եւ պահանջում է չեղյալ համարել զրոներով մեկ այլ համարի վաճառքը եւ այդ համարներն իրեն տալ, որովհետեւ աճուրդը խախտումներով է իրականացվել:

Հայցադիմումում գրված է. փետրվարի 23-ին, ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչել եւ «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ–ին հաղթող ճանաչել։

«Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացավ, որ պետհամարանիշը վաճառվել է 15 միլիոն 200 հազար դրամով։ Մեկնարկային գինը եղել է 15 միլիոն դրամ։ 

«Դվինից» պնդում են՝ կան բավարար հիմքեր պնդելու, որ աճուրդն օրինական չի եղել, առանց մանրամասնելու, թե աճուրդի ընթացքում կոնկրետ ի՞նչն է եղել ոչ օրինաչափ։

ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հակադարձում է այդ մեղադրանքներին՝ Էլեկտրոնային աճուրդն իրականացվել է թափանցիկ եւ առկա օրենսդրական կարգավորումներին համապատասխան։ 

«Աճուրդին մասնակցած ցանկացած անձ ազատ է բողոքարկելու աճուրդի արդյունքները։ Ստացել ենք հայցադիմումը, ստանդարտ գործընթաց է և ՆԳՆ-ն դատավարության շրջանակներում հանդես կգա համապատասխան արձագանքով»,-ասաց Սարգսյանը։