Ոչ թե «անջատում՝ հանուն փրկության», այլ միացում՝ հանուն հաղթանակի
Ղարաբաղյան պատերազմի ընդլայնմանն ու ուժգնացմանը զուգահեռ, Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում վերստին ծայր են առնում հիմնախնդրի կարգավորման նոր սկզբունքների տենդագին որոնումները: Ավելի քան երեսուն տարի առաջ՝ 1988թ. ղարաբաղյան Շարժման կարգախոսներով, գաղափարներով, նպատակներով եւ տրամաբանությամբ Ղարաբաղի կարգավիճակի հանդեպ հայ ժողովուրդը մեկ կարգախոս եւ սահմանում է որդեգրել. Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանի հետ, որի արդյունքում Ղարաբաղը դառնում է Հայաստանի անբաժանելի մասը: Այդ որոշման գերակայությունն ու հավատարմությունը դրան՝ վերահաստատվել է նաեւ 1990թ. օգոստոսի 23-ի ՀՀ Անկախության Հռչակագրով. «Հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»՝ «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը»: Անկախության Հռչակագիրը ՀՀ հիմնարար իրավաքաղաքական փաստաթուղթն է, մեր պետության քաղաքական ուղենիշը:
1989թ. դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատմական որոշումը հաստատեց Լեռնային Ղարաբաղի «դե յուրե» միացումը Հայաստանի Հանրապետությանը:
Ղարաբաղի շուրջ ծավալվող հետագա իրադարձությունները հանգեցրին նրան, որ ԼՂՀ քաղաքական ղեկավարությունը սահուն հեռացավ վերամիավորման գաղափարից՝ առաջադրելով «Ղարաբաղի անկախության» նոր սկզբունքը: Արդյունքում՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած Ղարաբաղի անկախության հանրաքվեով փոխակերպեց կարգավիճակի հանդեպ հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը: Վերամիավորման միակուռ գաղափարակիրների բանակը տրոհվեց՝ առաջ բերելով Ղարաբաղի անկախության պաշտպանների՝ հիմնականում կուսակցական խմբեր:
Վերամիավորման գաղափարից հեռանալը պաշտոնական Ստեփանակերտն ու Երեւանը մատուցում էին որպես փոխզիջում՝ առաջարկված միջազգային հանրությանն ու Ադրբեջանին: 1993թ. ԼՂՀ նախկին արտգործնախարար, հետագայում՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում, մեզ հետ հարցազրույցում ընդգծեց. «Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը, Ղարաբաղի անկախացումն արդեն իսկ փոխզիջում է, քանի որ Ղարաբաղի ամեն բնակիչ Ղարաբաղը տեսել եւ տեսնում է միայն Հայաստանի կազմում: Այսինքն՝ Հայաստանին վերամիավորելուց հրաժարվելու մեր պահանջն ինքնին փոխզիջում է» («Հայք», 27 հոկտեմբերի, 1993թ.):
Հետագա տարիներն ավելիով ապացուցեցին, որ Ղարաբաղի իշխանություններին աստիճանաբար սկսեցին հմայել ոչ միայն «անկախ պետության» պետական խորհրդանիշները, այլեւ իրական իշխանությունը, թեպետ պետականության գործիքները՝ բանակը, անձնագրերը, դրամական միավորը, Հայաստանի Հանրապետությանն էին, իսկ ԼՂՀ ռազմական բյուջեն գոյանում էր ՀՀ պետբյուջեի հատկացումներից: Բացի այդ, ղարաբաղյան ծագման երկու պետական գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը՝ որպես ՀՀ նախագահների, ընդգծում էր, որ աստիճանաբար Ստեփանակերտն է դառնում Հայաստանի համար քաղաքական որոշումներ կայացնողը: Անկախ Քոչարյանի եւ Սարգսյանի տխրահռչակ կառավարումից եւ ՀՀ քաղաքացիների ծանր հիշողություններից, հարկ է նշել, որ անգամ ԼՂՀ անկախության հռչակումից հետո շարունակում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք սկիզբ դրված Ղարաբաղի եւ Հայաստանի փաստացի վերամիավորման, սերտաճման գործընթացը եւ ակնհայտ էր դառնում, որ «մեկ ժողովուրդ, երկու պետություն» բանաձեւն ընդամենը սքողում էր Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանի հետ:
Միաժամանակ, Ղարաբաղի անկախության հռչակումը նահանջ էր Շարժման գաղափարական սկզբունքներից եւ նպատակներից: Բացի այդ, ԼՂՀ անկախությամբ «չգայթակղվեցին» ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ միջազգային կառույցները, ո՛չ էլ այլ պետություններ, անգամ՝ Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց ԼՂՀ անկախությունը, ինչը, իհարկե, քաղաքական շրջահայացության դրսեւորում էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մնաց միջազգայնորեն չճանաչված պետություն:
Ղարաբաղի անկախացման գաղափարը վտանգում էր նաեւ նրա ազատագրված տարածքների կարգավիճակը, քանի որ Ղարաբաղի անկախության կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքների վերադարձի պահանջը խստանալու էր: Բացի այդ, ամենավտանգավորն այն էր, որ «Ղարաբաղի անկախության» գաղափարը, Աջարիայի, Աբխազիայի, Ղրիմի օրինակով, մեծապես գայթակղում էր նաեւ Ռուսաստանին, որը ձգտում է անկախացած Ղարաբաղը տեսնել ՌԴ կազմում եւ այժմ զգուշորեն փորձում է շրջանառել այդ գաղափարը: Միաժամանակ, Ռուսաստանը նաեւ գիտակցում է, որ իր աշխարհաքաղաքական երազանքները Ղարաբաղում ավարտվում են: Ռուսաստանը «Ադրբեջանի բարեկամն» է, Թուրքիայի գործընկերը, Ղարաբաղի ազատագրված տարածքների վերադարձի ջատագովը, Հայաստանի թշնամիներին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին, սպառազինություններ մատակարարող պետությունը: Եվ այժմ, պատերազմի այս ծանր ամսվա ընթացքում, երբ Հայաստանը ենթարկվում է մեծ փորձությունների, Ստեփանակերտն ու Շուշին՝ հրետակոծվում, սպանվում են խաղաղ բնակիչներ, հայկական կողմի զոհերի թիվը գերազանցում է 1000-ը, ահա այս ծանր իրավիճակում Ռուսաստանը տենդագին սպասում է, որ Ղարաբաղն ինքնորոշվի Ռուսաստանի կազմում:
Որքան էլ անսպասելի թվա, նման վտանգավոր հեռանկարին կարող է նպաստել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «անջատում՝ հանուն փրկության» գաղափարը: Պաշտոնական Երեւանին համոզել են, թե Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորումն անհնար է, աշխարհն այն չի ընդունի: Մինչդեռ Հայաստանն այժմ ծանրագույն պատերազմ է մղում թուրք, սիրիացի, պակիստանցի, ադրբեջանցի ահաբեկիչների դեմ միաժամանակ՝ պաշտպանելով նաեւ նույն աշխարհին ահաբեկչական վտանգից: Պատերազմը Հայաստա՛նն է մղում, ոչ թե աշխարհը, եւ հայկական կողմն է որոշելու թե՛ սահմանների հարցը, թե՛ վերահաստատելու Ղարաբաղի կարգավիճակը՝ վերամիավորումը Հայաստանի հետ:
Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորումը վաղուց է կայացել, աշխարհը չի կարող այլեւս մեզ բաժանել: Պատերազմում լուրջ բեկում մտցնելուց հետո ՀՀ խորհրդարանը պետք է վերահաստատի Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորումը: Այդ վերամիավորումը կայացել է ավելի քան երեսուն տարի առաջ, եւ եթե երեք տասնամյակ աշխարհն ուշացել է այն ճանաչելուց, ապա այժմ ժամանակն է ընդունել եւ ճանաչել Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորումը:
Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն այժմ հանգում է հետեւյալ սկզբունքին եւ բանաձեւին՝ ոչ թե «անջատում՝ հանուն փրկության», այլ միացում՝ հանուն հաղթանակի:
Կարծիքներ