Սալոմե Զուրաբիշիլին նախկինում նման սկանդալային հայտարարություններ չէր անում
Վրաստանի դեռևս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մի քանի օր առաջ «հայկական կարուսելից» էր խոսել, հետո էլ իր էջում կիսվել է վրացական մի զբոսաշրջային կազմակերպության հրապարակմամբ, որտեղ Լոռու մարզը ներկայացվում էր որպես վրացական տարածք։
Ախալցխեում բնակվող, Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Այվազյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անզգույշ հայտարարություն էր արել «հայկական կարուսելի» մասով, բայց նաև ավելացրել էր, որ գուցե Հայաստանում էլ այդ երևույթին վրացական կարուսել են ասում։
«Կարծում եմ անզգույշ հայտարարություն էր եւ ոչ միտումնավոր, բայց տխուր է, որ նախագահը նման արտահայտությամբ սայթաքում է անում։ Հաջորդը, որ նա կիսվել է, տուրիստական ընկերության գրառումով, դա եւս կոռեկտ չէ եւ չի սազում նախագահին։ Չեմ կարծում, որ ինքը հայատյաց է։ Նախկինում երբեք նման սկանդալներ նրա հետ տեղի չէին ունենում։ Նա նաեւ Ֆրանսիայում վերջերս խոսում էր Հայաստանի մասին` ասելով, որ եթե Վրաստանը հեռանա ԵՄ-ից դա վատ է լինելու Հայաստանի համար։ Նա այդ գաղափարը կրկնել է նաեւ միջազգային լրատվամիջոցների մոտ։ Այնպես, որ մնացածը դատեք ինքներդ»,-ասաց Այվազյանը:
Հարցին, արդյոք հնարավո՞ր է Զուրաբիշվիլին քաղաքական պատվեր է կատարում, Այվազյանը վստահաբար հերքեց։
«Այլ բան է, որ հասարակական շրջանակներում դրա հետևանքը կարող է լինել այն, որ անհաջողության մեջ սկսեն մեղադրել ազգային փոքրամասնություններին։ Այդ կերպ է վարվում նաեւ իշխանությունը՝ ընդդիմադիր Մամուկա Խազարաձենին անվանելով հայ։ Այսինքն, իշխանամետ հեռուստաընկերության լրագորղը հայ էր անվանել Մամուկա Խազարաձեին»,-ասաց Այվազյանը։
Սաակաշվիլո՞ւն է նմանակում Զուրաբիշվիլին, Այվազյանը պատասխանեց, որ Սաակաշվիլին ազգային փոքրամասնություններին վերաբերող հայտարարություններում միշտ կոռեկտ է եղել, սակայն նրա գործողությունները հակասել են հայտարարություններին:
«Վրաստանի ընդդիմությունը՝ հատկապես առաջին տեղը զբաղեցրած ընդդիմադիր 4-րդ համարը խոսում էր հայ- վրացական հարաբերությունների մասին շատ ջերմ։ Վրաստանի ընդդիմությունը հասկանում է, որ իրենց ժողովրդական արժեքները համընկնում են Հայաստանի այսօրվա արժեքների հետ ու նրանք ցանկանում են, որ Հայաստանը եւ Վրաստանը միասին շարժվեն եվրոպական ուղղությամբ։
Նման հայտարարությունները` թե իշխանության եւ թե ընդդիմության կողմից, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների ու լրատվամիջոցների կողմից չափազանց բացասական են ազդում Վրաստանի հայ հասարակության վրա։ Դա անընդունելի է ու չեմ կարծում, որ նման մոտեցումն իրենց կմոտեցնի ԵՄ-ին»,-եզրափակեց Էդուարդ Այվազյանը:
Հիշեցնենք,որ այդ հրապարակման տարածումից հետո սկսեցին լուրեր տարածվել, որ դա Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական էջը չէ, որ նա այդ էջի հետ կապ չունի, սակայն, պարզվեց, որ իրականում Զուրաբիշվիլիի էջն է եւ հենց ինքն է այստեղ հրապարակումներ անում, այդ թվում` ընտանեկան լուսանկարներ տեղադրում։
Կարծիքներ