Ոչ թե սովորական պետություն, այլ՝ լավ պետություն

Ոչ թե սովորական պետություն, այլ՝ լավ պետություն

Հայաստանի հետ կապված՝ վերջին շրջանի ռազմաքաղաքական զարգացումները մի շատ կարեւոր բան բացահայտեցին: Այն, որ ինչպես երկրի երեկվա ռազմաքաղաքական ընտրանին չէր հասկացել, այնպես էլ այսօրվա ընտրանին չի հասկանում, որ այս երկրին ոչ թե սովորական, այլ լավ պետություն է պետք:

Իհարկե, «լավ պետությունը» պետությունից հրաժարվելու մասին չէ: Լավ պետությունն առաջին հերթին լավ պետություն կառուցելուն եւ այն ունենալուն է վերաբերում: Այս իմաստով, լավ պետությունն այն պետությունը չէ, որտեղ սովորական պետություն ունենալը հասարակության վրա նվաճման գնով են վաճառում: Այս պետությունում իսկական նվաճումը երկրի տնտեսության տեխնոլոգիականացվածության ու նրա զարգացման տեմպերով են չափում:
Լավ պետությունում նաեւ դաշնակցային հարաբերությունները փչացնելը երկրի ինքնիշխանությունը պահելու անհրաժեշտությամբ չեն բացատրում: Երկրի ինքնիշխանությունը դաշնակցային հարաբերությունները զարգացնելով, այն նոր բաղադրիչներով հարստացնելով են երաշխավորում:

Լավ պետությունում հակաժողովրդավարական պետություն կառուցելը նպատակ չեն դարձնում: Բայց նաեւ ժողովրդավարություն ասվածից էլ ոչ թե ամեն ինչ, այլ երկրի զարգացման համար անհրաժեշտն են միայն վերցնում:
Լավ պետությունում հասարակության բարեկեցությունը ոչ թե ամեն օր մսով ճաշ ուտելով կամ չուտելով, այլ այս երկրի քաղաքացուն մեկ կամ երկու երեխա ունենալու փոխարեն 5-6 երեխա ունենալու եւ դաստիարակելու հավելյալ հնարավորություններ տրամադրելու երկրի կարողություններով է չափվում:

Լավ պետությունը նաեւ միայն իմպիչմենտի օրակարգով ապրող պետությունը չէ: Նման պետությունում վատ իշխանություններին հեռացնելու համար իմպիչմենտն ու ընտրությունները չեն հակադրում իրար, որովհետեւ վատ իշխանություններից ազատվելու համար թե՛ մեկը եւ թե՛ մյուսը միասին եւ հավասարապես են օգտագործում:
Լավ պետությունում նաեւ կազմակերպված պետությունն ու արդյունավետ պետությունն իրար հետ չեն շփոթում: Չեն շփոթում, որովհետեւ հասկանում են, որ արդյունավետ պետության ժամանակ երկրի տնտեսությունը՝ պետությանը, իսկ կազմակերպված պետության ժամանակ՝ տնտեսական եւ քաղաքական աճպարարների տնօրինմանն են հանձնում: 
Բացի դրանից, լավ պետությունում երկրի անվտանգությունը մեկից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխելով չեն ապահովում: Լավ պետությունում երկրի անվտանգության հիմքում սեփական տնտեսության զարգացման տեմպերը, սեփական բանակի մարտունակությունն ու հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալիզմն են դնում: 
Լավ պետությունում Սփյուռքին ոչ թե որպես հայության մի հատվածի, այլ որպես Հայաստանի շարունակության են վերաբերվում ու հենց այս տրամաբանությամբ էլ նրա հետ հարաբերություններ են կազմակերպում:
Լավ պետությունը, անշուշտ, հարեւանների հետ հարաբերությունները պատերազմի տրամաբանությամբ չի կառուցում: Բայց նաեւ հարեւաններին թույլ չի տալիս, որ մտածեն, թե իրենց երբեւէ կհաջողվի պատերազմի սպառնալիքով Հայաստանից անհամաչափ զիջումներ կորզել:

Լավ պետությունը, իհարկե, պետք է պայքարի կոռուպցիայի ու դրան նմանվող այլ երեւույթների դեմ: Բայց լավ պետությունը միայն կոռուպցիայի դեմ պայքարող ու միայն այդ օրակարգով ապրող պետությունը չէ ու չի կարող այդպիսին լինել: Որպես սոցիալական արդարության գործիք, լավ պետությունը միայն կոռուպցիայի դեմ պայքարը չէ, որ դիտարկում է: Լավ պետության համար երկրում սոցիալական արդարություն հաստատելու ամենակարեւոր գործիքն ավելի շատ ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է լինում, այլ երկրի արտադրաարդյունաբերական ձեռնարկություններում մարդկանց արժանապատիվ աշխատանքով ապահովելու իր կարողություններն ու դրանց անընդհատ մեծացումը: 
Մի խոսքով, այս ժողովրդի համար սովորական պետություն ունենալուց շատ ավելի կարեւոր է լավ պետություն ունենալը, որովհետեւ այլ կերպ պետություն չի լինի, որովհետեւ այլ կերպ թույլ չեն տա, որ լինի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ