Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ

Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը, սակայն նիստը տեղի չի ունեցել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ պաշտպանները չեն ներկայացել, քանի որ պատշաճ ծանուցված չեն եղել։

Այսօրվա կայանալիք դատական նիստում քննարկվելու էր այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել էր վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները վարույթ չընդունելու մասին որոշում, այսինքն ուժի մեջ էր մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, որի հիմքով էլ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ էր նշանակել սեպտեմբերի 23-ին։

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ ԲՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է` սա քաղաքական հետապնդում է, իշխանությունները հակադարձում են` սա մաքուր իրավական գործընթաց է: