Նյութապաշտ, հայրենիք չսիրող եւ անթասիբ զանգված

Նյութապաշտ, հայրենիք չսիրող եւ անթասիբ զանգված

Թե ինչ ճանապարհ անցավ հայ ժողովուրդը 44-օրյա պատերազմից մինչ այսօր, բոլորին է հայտնի: Գիտենք, թե ինչու հայտնվեցինք այս իրավիճակում, ովքեր են մեղավորները, եւ ինչ հնարավորություններ կան՝ փրկվելու ստեղծված վիճակից: Պատճառները շատ են, սակայն կա մեկ հիմնական պատճառ՝ դա հայ ժողովրդի անտարբերությունն է, որից օգտվելով՝ Թուրքիան ու Ադրբեջանն առաջին փուլում հասան իրենց նպատակին՝ կոտորեցին հայերին, հայաթափեցին Արցախը եւ գրավեցին Հայաստանից որոշակի տարածք, ու այդ հրեշավոր տանդեմի հաղթարշավը դեռ շարունակվում է։ 4 տարվա շոկից ու մի քանի փորձերից հետո սկիզբ առավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որն ազնիվ նպատակներ ունի, սակայն կարծես ուշանում է։

Հայաստանի ու հայ ժողովրդի այսպիսի ողբերգական վիճակում Ադրբեջանը շտապում է, իսկ մենք հապաղում ենք։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գրանցած արդյունքները չեն լուծում առաջացած խնդիրները, թեեւ այն որոշակի դրական արդյունքներ արդեն տվել է, սակայն չի կարողացել կասեցնել տարածքների հետագա հանձնումը։ Իսկ կասեցման միայն մի տարբերակ կա. դա ժողովրդի մեծամասնության անհապաղ ոտքի կանգնելն է, որը դեռ չենք տեսնում։ Մարդիկ քնած են, անտարբեր, կարծես նորմալ վիճակ է տիրում երկրում, եւ ոչինչ չի սպառնում Հայաստանին ու հայ ժողովրդին։
Այս վիճակը կարող է բերել երկու հետեւանքի. կա՛մ իշխանություններն առանց արգելքի կշարունակեն երկրի մաս-մաս հանձնման գործընթացը, կա՛մ թշնամին, Հայաստանի իշխանությունների օգնությամբ, պատերազմի, բռնության, սպառնալիքների միջոցով՝ ուժով կվերցնի այն ամենը, ինչն ուզում է (գուցեեւ՝ ամբողջը): Անկեղծ ասած, երկու տարբերակի  պարագայում էլ հետեւանքը նույնն է լինելու. կա՛մ ինչքան ուզեն, կա՛մ ինչքան կարողանան, կստանան Հայաստանից, կա՛մ  հայ ժողովրդին կհպատակեցնեն, կդարձնեն իրենց ստրուկը: Առաջին տարբերակի պարագայում ամեն ինչ պարզ է, իսկ երկրորդի դեպքում, ժողովրդին ստրկացնելուց զատ, նաեւ կստորացնեն մեր ազգին։    

Դե, հայ ծնողներ, մտածեք, թե ինչ են նստելու ձեզ վրա տանն անհոգ մնալը եւ ձեր անտարբերությունը։ Հիմա արդեն ձեր երեխաների փրկության հարցն է սեղանին դրված։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ