Արամ Պաչյան. Հիշելով ժանտախտի տարվա օրագիրը

Արամ Պաչյան. Հիշելով ժանտախտի տարվա օրագիրը

Օր առաջին

Նրա լեռնացող բառերի շրջանը - մի քանի տարի ու մոտավորապես 600.000 բառ: 1722 թվականի մարտի 21-ին Լոնդոնում լույս է տեսնում Դանիել Դեֆոյի «Ժանտախտի տարվա օրագիրը»: Դեֆոն շտապում է: Երբ չի շտապել: Նրա խելագարված արագագրությունը տարին կամփոփի երեք վեպով, չհաշված քաղաքական հոդվածներն ու պամֆլետները: Ասես վրեժ լինի - իհարկե «Ռոբինզոնից»: Գրքի հաջողությունը ջախջախելու երկու ճանապարհ կա: Առաջինը՝ խլացնել հաջողությունը ավելի աղմկոտ հաջողությամբ: Երկրորդը՝ ողջ կյանքդ պայքարել ընդդեմ անցյալի հաջողության: Այն էլ հիմարաբար: Նա ոչ առաջին ճանապարհով է գնում ոչ երկրորդ: Գիրք է գրում: Գիրքը՝ վեպ է, հուշագրություն, թե փաստաթուղթ - մեկնելն իր գործը չէ: Եվ հետո՝ նման գրքով հաջողության վրա հույս չեն դնում: Անցյալի հաջողության դեմ նման գրքով չեն ապստամբում: Դեֆոն նոր գործով բեղմնավորվելու՝ պահի բացառիկ զգացում ունի: Այդպես եղավ «Ռոբինզոնի» ժամանակ: Այդպես կլինի գրեթե միշտ: Նա գիտի՝ հապաղելը գրողի ոճիրն է: Երբեք չի հապաղելու: Լրահոսից քաղված արտառոց դեպքերը, որոնք նրա երեւակայության հեռանկարներն են՝ կանգնում են հայելու առաջ: Դեֆոյի հայացքը իր իսկ հեռանկարների թիկունքում է, չէ՞ որ նախ եւ առաջ լրագրող է - կներեք, միայն թե հանճարեղ: Իսկ շարժառիթները որոշյալ են, նույնիսկ հավուր պատշաճի թեթեւամիտ: «Ռոբինզոնը» արկածի փոխակերպված դրամայից էր: «Մոլ Ֆլեդերսը» բարքերի ի սկզբանե կեղծ լինելուց: «Ժանտախտի տարվա օրագիրը» վերադարձող աղետի տագնապից:

Ամեն բնույթի դեպք արդեն իսկ արվեստային արարք է պարտավորեցնում: 1720 թվականին սկսվում է մարսելյան ժանտախտը: Անգլիայում վերարթնանում են Լոնդոնի Մեծ ժանտախտի հիշողությունները (1665): Մամուլում հրապարակվում են մտահոգիչ հոդվածներ, կազմվում են շրջաբերականներ: Մարդկանց հորդորվում է լինել իրազեկ ու օրինավոր: Պահը Դեֆոյինն է: Եվ նա որսում է այն: Վարկածներ կան, թե գիրքը սոցիալական պատվեր էր: Ասում են՝ միայն նախազգուշացնել էր կամենում: Այսպես չեն նախազգուշացնում: Այսպես միայն Դեֆոն է նախազգուշացնում: Ստացվածի համեմատ անմեղ, համարյա սուրբ կամեցում է: Եթե չլիներ «Ռոբինզոնի» ստվերը, «Ժանտախտի տարվա օրագրից» հետո վեպի պատմությունը գուցե այլ ճանապարհով ընթանար: Հնարավոր չէ գոնե մեկ անգամ չափսոսալ կոկորդի ոսկոր դարձած «Ռոբինզոնի» վաղաժամ ծնունդը, որի տոտալիտարիզմը (հռչակը, ի վերջո, տոտալիտար երեւույթ է) աքսորի է դատապարտում Դեֆոյի մյուս բոլոր գործերը: Աքսորականի ճակատագիրը վերադարձն է, վերհուշի ու մոռացման բանամարտը նրա գալստյամբ է հանգուցալուծվում:

Գրողների մեջ, հատկապես ընդունելի ականավորների՝ ազնվացած կողոպտիչները քիչ չեն: Ի վերջո մեծ գրքերը նաեւ մեծ գողոններ են, մանավանդ, այն դեպքում, երբ զանգվածային ընթերցողը դրանց գոյության մասին չգիտի, ինչից սակայն քաջատեղյակ է ժամանակակից հաճկատար հեղինակը: Եվ նա՝ ընդունելով անգիտության պարգեւը, մինչեւ վերջ հարստահարում ու ըմբոշխնում է իր գտածոն՝ (Մանձոնի՝ «Նշանվածները», Կամյու՝ «Ժանտախտը», Մարկես՝ «Սերը ժանտախտի օրերին» եւ այլք): Ակնածանք Կամյուի ու Մարկեսի բարեսրտությանը. նրանք Դեֆոյի աքսորական վեպի ինքնության համար իսկապես որ շնորհակալ են եղել: Կամյուի՝ «Ժանտախտը» մեկնարկում է դեֆոյան բնաբանով, Դեֆոն, առհասարակ, ալժիրցու՝ «Նոթատետրերում» թափառող, բավականին մերձակից ուրվական է: Մարլիսե Սիմոնսին տված հարցազրույցում (1988) Մարկեսը խոստովանում է, որ իր սիրելի գրքերից մեկը Դեֆոյի՝ «Ժանտախտի տարվա օրագիրն» է, անշուշտ հիշատակելով նաեւ Էդիպուս արքայի պատմությունը, «Ժանտախտը», «Նշանվածները»: Եվ մեծավ մասամբ այս գրքերի հիմնավոր ընթերցումն է հանգեցրել համաճարակային մի նոր ստեղծագործության՝ «Սերը ժանտախտի օրերին» վեպին, սակայն չափավորած ու հունցած մարկեսյան հատկորոշ կավով:

Այդուհանդերձ, ո՛չ Մարկեսի համաշխարհային հռչակը, ո՛չ Կամյուի «Ժանտախտի» մռայլ հաջողությունը եւ ո՛չ էլ առավել եւս Մանձոնիի «Նշանվածները» Դեֆոյի վեպի վերադարձին ոչ մի կերպ չեն նպաստել: Նրան վերադարձրեց աշխարհասփյուռ աղետը՝ Covid-19 կորոնավիրուսային վարակը: Արեւմուտքի մշակութային լրահոսը կորոնավիրուսի «պատվին» անմիջապես կազմած գրականության սպառողական ընթերցացանկերում վերոհիշյալ գրքերի հետ միասին ներառեց նաեւ Դեֆոյի «Ժանտախտի տարվա օրագիրը»: Եվ առժամանակ սկսվեց համընկնման ընթերցումը: 
Եթե դիտարկում ես, որ ընթերցանությունը նաեւ համընկնող իրականությունների որոնում է, իսկ դա հեռու չէ ճշմարտությունից, ուրեմն այլ բան չես անում, քան այն, որ գրականության միջոցով վերաիրականացնում ես կեցության՝ քեզ հետ բառիս բուն իմաստով գործ ունեցող, երկրորդ հայացքից թշնամական բովանդակ իրականությունը: Համաճարակը սկսված է, մինչդեռ Դեֆոյի վեպում ավարտված է սկսվելու հետ մեկտեղ: Վարակը շարունակվում է վեպում շարունակվող վարակին զուգընթաց: Երեւանում հիվանդության բերած հետեւանքները, դրանց հոգեւոր, սոցիալ-մարմնական ողջ ծանրությունը Լոնդոնում դարեր առաջ վերջնակետին է հասցրել «Ժանտախտի տարվա օրագրի» պատմիչը, իր անձը ընթերցողին սակավ ցուցանող «H.F.»-ը՝ քաղաքաբնակ վաճառականն ու բարեպաշտ քրիստոնյան - նա, ով գրքի վերջում կբացականչի՝ “Away; yet I alive!”՝ սահմռկեցուցիչ ու հաղթական: Միեւնույն է՝ համընկնման ընթերցումը հուսալու, վերապրելու, բախտակից գտնելու, ապագայատեսության ընթերցում է:

Պարտադիր՝ տնային կարանտինում առավոտդ կսկսես Դեֆոյի վեպով եւ գիշերդ կլուսացնես նրա հետ: Ընդամենը 24 ժամ, եւ դու ոչ միայն կշարունակես համաճարակը, այլ նաեւ ավարտին կհասցնես այն: Երբ սերտել ես հարյուրամյակներ առաջ կարգի բերված իրականությունը, որն ունի սկիզբ, ընթացք եւ ավարտ, երբ ժամանակի՝ մի տուփ դիմափոշուց ստացված ընթերցման քո արագությունը չափագծել է տարածությունը, որ շարժվում է նյարդային բջիջներիդ, մատներիդ կծկումների, երեւակայությանդ մոգոնումների ուժով, երբ ստեղծելով ու ապակառուցելով՝ մասնակցել ես փորձընկալում ունենալու հնարավորությանդ, քեզ կվերապրեցնի իրականությունների զուգադիպման սփոփանքը: 

Ժանտախտը եկվոր է: Լոնդոն է թափանցում Հոլանդիայից: Սկզբում թվերն ուղղակի թվեր են: Մահ՝ ոչ ավելին, քան մահը: H.F․-ն որոշում է քաղաքում մնալ: Նրա հույսը, նրա կյանքի ամենախոշոր պատրվակն Աստծո ողորմությունն է, Տեր Աստծո կամքը: Ինֆանտիլ ու առարկայական այլ պատրվակներ էլ կան: Որպեսզի թողնես Լոնդոնը, ձի է անհրաժեշտ, բեռները տեղափոխելու համար՝ օգնական: Ձիերն անհետացել են, օգնականը՝ ճողոպրել: H.F.-ն տանելի սնոտիապաշտ է: Երբեմն նրա գլխում թվերն են զուգադիպվում: Յաբախտ թերթում է Աստվածաշունչը: Աստված թվերից հետ չի մնում: Տվյալ պահի համար կյանքին համապատասխանեցրած նրա խոսքը վերահաստատում է H.F.-ի՝ քաղաքից չհեռանալու համոզմունքը: Մնալու մի նախապատճառ էլ ունի:

Համաձայնեք՝ բոլորից զորեղը - հետաքրքրությունը: Այդ նա է համընկնող թվերի, իրավիճակին զուգադիպված Աստծո խոսքի, մինչեւ իսկ անհետացող ձիերի ու ծլկող օգնականի հեղինակը: Ժանտախտի ծննդյան ու մահվան առիթը - նա է: “Curiosity”-ին (հետաքրքրություն) շարադրողի սիրելի գոյականներից է: Ներում հայցող ինչ-որ նուրբ ու մտերմիկ հնչերանգ կա նրանում - “curiosity”, եւ դու լուռ կարեկիցն ես հանցապարտի: Չէ՞ որ շարադրողը՝ «H.F.» սկզբնատառերով մարդը, ի բնե հետաքրքրության է դատապարտված․ «Ես չկարողացա հաղթահարել իմ անհագ հետաքրքրությունը, որպեսզի ամբողջովին ինքս ինձ հետ մնայի, ու թեպետ ամեն անգամ տուն էի վերադառնում վախի ու սարսափի մեջ, միեւնույն է՝ չէի սանձում ինձ»: Ժանտախտի լեզվահյութով է թաթախվում Լոնդոնը: Համաճարակի կորն ինքն է սյուժե, տիպ ու գրական այլ պաճուճանքներ վճռում: Իրենից է արտածվում մարդկային վարքը: Եվ իր ձայնականչն է «Աստվածային կատակերգության» երրորդ երգում դժոխքի առաջնորդողը՝

«Ինձանով են գնում գեհենն ահավոր,
Ինձանով են գնում հոգվոց հարատանջ,
Ինձանով են գնում մարդկանց ախտավոր»։

(Դանթե, «Աստվածային կատակերգություն; Դժոխք», Երեւան, «Հայպետհրատ», 1947: Իտալերենից թարգմանությունը՝ Արբուն Տայանի, էջ 36):

Տեղատվում ու մակընթացում է համաճարակի կորը: Քվակեր Սողոմոն Էքըլզն է Լոնդոնի փողոցներով շրջում՝ լրիվ տկլոր, լրիվ դիվային: Հրդեհվում է գլուխը - վառվող ածուխն է թավայի մեջ: Ու խենթությամբ շիկացած բառերի լեզվակներն են պոկվում մարմնից՝ «Ապաշխարել, ապաշխարել»: Լոնդոնցիները տեսիլքներ, խոհեր են ստում: Վաշխառուները գուշակություն, հույս ու դեղամիջոց են խարդախում: Դիահավաքները ժանտահար մեռյալներին են հուղարկավորում: Հանկարծ ինքնահուղարկավորվում են բոլորովին առողջները: Փողոցներում թողության պաղատանքներ են սոթ տալիս՝ “I have been a thief”, “I have been an adulterer”, “I have been a murderer”: Եվ երեխաներն են իրենց փռշտացող ծնողներից փախչում, եւ ծնողներն են աճապարում իրենց վարակակիր մանուկներից: Մոմերով լապտերներ են վառվում քաղաքում փորված մահափոսերի շուրթերին: Եվ ոչինչ չի երեւում այնտեղ, ուր խավարն է խավարին շարունակում: Կնոջն ու երեխային կորցրած մարդն է պտտվում մահափոսի շուրջբոլորը՝ հուսալով, որ խավարը կճաքճքի եւ նրանից երկու դրվագ կառանձնանա – երկու այնքան ծանոթ դրվագ իր կյանքից: Շփոթված է, չէր սպասում, որ նրանց մարմինները հենց այնպես կգցեն փոսը: Դու թույլ չտաս քեզ մտածել նրա շփոթմունքը: Համընկնման կամոք՝ դառնալով Մանձոնիի՝ «Նշանվածներին», թույլ չտաս քեզ դիպչել խոհի հատակին ու պղտորել նրա գիտակցությունը: Այնտեղ մայրը նախ հանդերձել էր իր մեռած երեխային՝ «…լավ զարդարված մազերը, ճակատի վրա երկճղված, սպիտակաթույր զգեստով, կարծես այդ ձեռքերը նրան զարդարել էին երկար ժամանակ խոստացված տոնի առթիվ, որն այժմ տրվել էր, որպես պարգեւ»:

(Ալեսսանդրո Մանձոնի «Նշանվածները», Երեւան, «Հայաստան», 1965: Իտալերենից թարգմանությունը՝ Վահրամ Դարպասյանի, էջ 528):

Ապա մայրը վճարել էր դիահավաք մոնաթներին, պահանջել էր, որ ձեռք չտան դստերը, պահանջել էր, որ հուղարկավորեն իր պատրաստած զարդարանքներով: Դու թույլ չտաս քեզ չափուկշռել իննամյա Չեչիլիայի մոր վերջին կարիքը: 

Տեղատվում ու մակընթացվում է համաճարակի կորը՝ ճոճանակում Բոկաչոյի ստվերը, պատմեցնում է Դեֆոյի շարադրողին, շարժվում է՝ աստիճանաբար քչացնելով, հեռահարելով նրան. պատմեցնում է տներում փակված մարդկանց, լուսամուտին ու պատշգամբին է պատմեցնում, պատմեցնում է Լոնդոնին, ժանտախտին է պատմեցնում: Պատմեցնելու համար է ծագում աղետը: 1665 թվականին Լոնդոնում ժանտախտի օրերին պարտադիր տնային կարանտինը խախտող H.F.-ն փաստեր է հավաքում: Դու - համընկնումների ընթերցորդ ես: Ձեր բարեխոսը պատուհանն է (շրջանակը՝ ապակիներով հանդերձ, պատի մեջ սարքած պահարանը, անցումը որեւէ տարածության մեջ, աշխարհի աչքունքը): Ձեզ համարյա չորս դար է բաժանում ու շաղկապում ընդամենը վիրուսաչափ զգացում: Պատուհանն ակնարկում է՝ այն կողմում օրինաչափությունն է: Եվ լեզուն իր առանցքից պոկվելով՝ ցատկում է փեղկից փեղկ ու իրականացնում որոնում: Նա ուզում է գիտակցել իրականացումը եւ գիտակցվել նրանով:

Առավոտյան արթնանում ես, խմում ես սուրճդ, նստում ես պատուհանիդ առջեւ: Ողջ Արաբկիրը, լըմփոշ սվիտերդ, միջանցքի լույսը, նախաճաշիդ ավոկադոն, երկինքը, պատուհանդ - հիսուսաբույր են թրմում: Ասում են՝ դրսում ամեն տեղ խունկ են ծխում, խանութներում սպառվել են ծտակերպ խնկոցները, հրակալները, խեժի թեյագույն բյուրեղիկները: Մինչեւ կեսօր պատուհանից դուրս ես նայում: Հետո մի փոքր ընդմիջում ես՝ թեթեւ ճաշ, կես ժամ՝ «Ժանտախտի տարվա օրագիրը», ու նորից պատուհան: Covid-19-ը սինքլոր հետեւությունների է դրդում - ուրեմն ստորանալուդ իսկական ժամանակներն են: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա մարդկանց չես կարոտում: Վիրուսից հետո հատուկ հանդիպումներ չէիր ուզի, առանց այն էլ Երեւանում պատահական հանդիպումը հատուկ հանդիպումից ոչնչով չի տարբերվում: Մեծ հաշվով, մարդկանց կարիքը չունես, եւ մարդիկ քո կարիքը չունեն: Մեծ հաշվով, ո՛չ դու ես մարդկանց սիրում, ո՛չ մարդիկ՝ քեզ: Ո՛չ մարդիկ են սիրելու բան, ո՛չ առավել եւս՝ դու: Չնայած մարդկանց մոլորակում, այնուհանդերձ, մի մարդու սիրել ես - հայրիկին: Ու դա լրիվ հերիք է: Եթե սա պարտադիր տնային կարանտին է, ուրեմն դու մշտապես պարտադիր տնային կարանտինում ես ապրել: Եթե սա ինքնամեկուսացում է, ուրեմն ինքնամեկուսացման մեջ ես եղել դեռ հեռավոր ժամանակներից: Քո հայացքը պատուհանից բացվող օրինաչափության վարկածն է, կուզես՝ լեզվիդ հերյուրանքը, որը պատժից ու արհամարհվելուց չի վախենում: 

Վերջապես, 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից ինքնահաչ քաջությունդ արդարացում գտել է՝ այս անգամ սենյակիդ պատուհանն է, որի առջեւով Հարոու նրբանցքը մտապատկերիդ հյուսվել, մագլցելով ձգվել է Ավետիսյան փողոցին, որը գտնվում է Արաբկիրի Ուայթչեփլ թաղամասում: Փողոցն ի վեր մսի պասաժները տողանցելով՝ մի շուն է վազում. լուսաբացի շունն է դիմակակիր տիրոջ հետ լուսաբացի վազքով: Ժանգավուն բուրդը օդապարիկում է, քսվում ազատությանը: Ու նրանք երջանիկ են ավելի շատ վաղվա համար: Համաճարակի օրերին, երբ դուրս ես գալիս վազելու, վաղվան հասնելու համար ես վազում: Ու քեզ թվում է՝ ուղիղ 47-րդ րոպեին դիպչելու ես նրան: 

Լուսաբացի շան ու դիմակակրի հետեւից ժանտահար մարդն է վազում. տնային փականքին չդիմանալով՝ մորեմերկ դուրս է եկել ու վազում է - գուցե դեպի վաղը: Իսկ նրա հետեւից վազում են կինն ու երեխաները՝ աղաչելով, որ կանգ առնի, տուն վերադառնա: Եվ հավաքական ճակատագրի նույն ուղեծրով Թեմզայի (լողորդն) է վազում: Նա, ով չդիմանալով սոսկալի ցավերին՝ թողնում է անկողինը, արձակվում տնից, վազում է, մոտենում Թեմզային, նետվում է գետը, կտրում-անցնում է, դուրս է գալիս մյուս ափ, մինչեւ ուշ երեկո թափառում է շապկանց,  հետո դարձյալ ցատկում է ջուրը, լողալով հետ է վերադառնում, տուն է հասնում, բարձրանում է աստիճաններով ու մտնում անկողին: H.F.-ն մատենագրել է դեպքը՝ լսելով հավաստիացումներ, թե մարմնաշարժման ու պաղ ջրի բարեբեր ներգործության արդյունքում՝ Թեմզան մտած մարդն ապաքինվել է ժանտախտից: Դու մտածում ես՝ իսկ եթե նրանք հանդիպել են գետի հակառակ ափին - հանդիպել են ժանտախտահար մարդն ու իր վաղվա օրը: 

Թող այդպես լինի: 
 

Լուսանկարը` Եվա Մուրադյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ