Ինչպես ստանալ 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից

Ինչպես ստանալ 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից

Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցության արդյունքում որոշում կայացվեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աջակցելու համար միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի, ինչը հրատապ կարիքները հոգալու համար է: Այս մասին, ներկայացնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը, հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ տեղահանվածներից շատերն առաջին անհրաժեշտության իրերի կարիք ունեն, և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր մարդու 100 հազար դրամ աջակցություն հատկացվի՝ անկախ տարիքից:

«Ուզում եմ նաև հիշեցնել, որ հաշվառումը կատարվում է Միասնական սոցիալական ծառայություններում հաշվառման եղանակով: Վաղը արդեն Կառավարությունն ամենայն հավանականությամբ կվերջնականացնի այն կարգը, որով դիմումներն ընդունվելու են և դրա հիման վրա կլինեն առավել մանրամասն տեղեկություններ»,- ասաց Խաչատրյանը՝ ուշադրություն հրավիրելով մեկ առանձնահատկության վրա:

«Հաշվառումը տեղի կունենա Երևանից դուրս բոլոր մարզպետարաններում և խոշոր բնակավայրերում գործող Միասնական սոցիալական ծառայությունների միջոցով, նաև կարևոր է հաշվի առնել, որ այն անձինք, որոնք կունենան բանկային հաշիվներ և քարտեր, նրանց համար այդ հաշվառման և դրամական միջոցների հատկացման գործընթացը կկատարվի ավելի արագ, իսկ ովքեր դեռևս չունեն համապատասխան բանկային հաշիվներ և քարտեր, նրանց համար տեխնիկապես այդ ամենը պատրաստելու համար մի քանի օր ժամանակ կպահանջվի: Կարևորն այն է, որ երկուշաբթի կարգը կհրապարակվի, իսկ երեքշաբթի օրվանից տեղահանվածները հնարավորություն կունենան դիմել և ներկայացնել իրենց դիմումները»,- նշեց փոխվարչապետը՝ տեղեկացնելով, որ անչափահաս երեխաների դեպքում հիմնական մոտեցումն այն է, որ ծնողներից մեկը դիմումի մեջ պետք է նշի, թե ծնողի որ բանկային հաշվեհամարը կամ քարտիը պետք է օգտագործվի անչափահաս երեխաների համար նախատեսված գումարները փոխանցելու համար:

Խաչատրյանը հորդորեց ուշադիր լինել այս կարգի նկատմամբ և որքան հնարավոր է շուտ անհատական տվյալները պատկան մարմիններին ներկայացնելու և դիմումները լրացնելու եղանակով դառնալ այդ գումարների շահառուն: