Եթե կգտնեն մի կետ, որ շրջանցել են իմ օգտին, ես հայտարարեմ, որ Վանեցյանը իր ամբողջ ցեղով օգնել է ինձ

Եթե կգտնեն մի կետ, որ շրջանցել են իմ օգտին, ես հայտարարեմ, որ Վանեցյանը իր ամբողջ ցեղով օգնել է ինձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող Armtimes.com կայքում հրապարակված հայտնի հոդվածից հետո իրավապահներն «ընկել են» Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի հետևից, ում ներկայացնում են որպես քրեական հեղինակություն։ Հիշեցնենք, վերոնշյալ հոդվածում, որտեղ խոսվում է Փաշինյանի ընտանիքի դեմ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից իբրև թե կազմակերպված հակաքարոզչության մասին, անդրադարձ կա նաև Վստրեչի Ապերին։ Ըստ հոդվածի հեղինակի, իսկ հեղինակը կարծես թե հենց վարչապետն է, Ա․ Վանեցյանը, ժամանակին, երբ ԱԱԾ Էրեբունու բաժնի պետն էր, վայելել է «քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի» հովանավորությունը։ Հոդվածում դատողություն է արվում, որ հեղափոխությունից հետո Վանեցյանը աջակցել է Ապերին՝ նրան նախապես տեղյակ պահելով վարչապետի՝ իրեն տրված խիստ հանձնարարականի մասին, որ պետք է լրջորեն զբաղվել Ապերի մասնակցությամբ քրեական գործով։ Ասել է թե՝ Վանեցյանը նախապես զգուշացրել է Ապերին, որ իր վրա գործ են հարուցելու, որ նա ժամանակից շուտ կարողանա լքել երկիրը։ Հետո, իհարկե, նրան հայտնաբերում ու բերում են Հայաստան, որից հետո, սակայն, դատարանի կողմից նա ազատ է արձակվում։ Հոդվածում Վստրեչի Ապերին մեղադրում են նաև կայքերից մեկի խմբագրի հետ ընդդեմ վարչապետի և հօգուտ Վանեցյանի գործարքի գնալու մեջ։

Վստրեչի Ապերը այսօր մեզ հետ զրույցում այս առնչությամբ նախ ասաց, որ Արթուր Վանեցյանին կյանքում հանդիպել է մի անգամ, այն էլ գործի բերումով, երբ նա ԱԱԾ տնօրեն չէր։

«Երկրորդ, եթե Արթուր Վանեցյանը, որ ասում են՝ իբր օգնել է ինձ, եթե կգտնեն մի կետ, որ քննիչը, դատախազը կամ դատավորը շրջանցել են իմ օգտին, ես հելնեմ հայտարարեմ, որ միայն Արթուր Վանեցյանը չէ, այլ Վանեցյանը իր ամբողջ ցեղով օգնել է ինձ։ Տենց բան չի կարող լինել։ Արթուր Վանեցյանը ինձ ոչնչով չի օգնել։ Ինչ վերաբերում է էդ հոդվածին, ծիծաղս էլ է գալիս, որովհետև շատ հակասական բաներ կան էդ հոդվածում, քանի որ, երբ ինձ հետախուզում են տվել, առաջին հարցազրույցը արտերկրից ես տվել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթին, որ ես մի րոպե շուտ ուզում եմ գալ Հայաստան, ճանապարհ թող բացեն, հետախուզումը վերացնեն, որ կարողանամ օդանավով թռչել գալ Եվրոպայից։ Բացի «ՀԺ»-ից, ես նաև զանգել եմ ՀՔԾ քննիչին՝ Աշոտ Ժամկոչյանին, ասել եմ՝  իմ հետախուզումը բացեք, ես մի օր հետո ձեր տրամադրության տակ եմ, գամ, տեսնեմ՝ ինչ գործով եմ ես հետախուզվում։ Սա ասում եմ նրա համար, որ գրել են՝ իբր ինձ հուշել են, որ երկրից գնամ։ Ես երկրից գնացել եմ, երկու ամիս հետո կայքերից եմ իմացել, որ իմ վրա հետախուզում է դրված, էն էլ առանց ինձ կանչելու,առանց ինձ ծանուցագիր ուղարկելու։

Ավելի մանրամասն՝ կարդացեք վաղը, «Հրապարակ» թերի հերթական համարում։