ԱԺ-ի այսօրվա որոշումը պառլամենտարիզմի վախճանն էր

ԱԺ-ի այսօրվա որոշումը պառլամենտարիզմի վախճանն էր

Այսօր Քաղպայմանագիրը ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել՝ օրակարգում դնելով Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնից, Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից ետ կանչելու մասին հարցը։ Արտահերթ նիստին գրանցվել էր 59 պատգամավոր, որոնք միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն էին։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել արտահերթ նիստին։ Հիմնավորումն այն է, որ Իշխան Սաղաթելյանը Աժ խորհրդի 25 նիստերից 7-ին չի մասնակցել, ինչի հետևանքով նաև չեն իրականացվել «Աժ կանոնանկարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմերը, վերջիններս պաշտոնանկ արվեցին։ Քիչ ավելի ուշ հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Գևորգյանը։

Թեմայի շուրջ մեկնաբանություն ենք ստացել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանից։ 

 «Ես արդեն դադարել եմ իշխող խմբակցությունից, ովքեր, որ Ազգային Ժողովը վերածել են սեփական «հոր դուքյանի», ակնկալել օրենքի կամ իրավունքի տառի պահպանում։ Ու այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այդ մարդիկ, լինելով իբրև թե օրենսդիր և օժտված լինելով ներկայացուցչական մանդատով՝ աջ ու ձախ շահարկում են ու  սեփական քիմքին հարիր կերպով մեկնաբանում են ոչ միայն սահմանադրությունը, այլ նաև  Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Մասնավորապես այս ամենին ես անդրադարձել եմ դեռևս նախորդ ԱԺ-ի ժամանակ, երբ որ նույն իշխող խմբակցությունը՝ նույն դեմքերով․ Արթուր Հովհաննիսյան, Ծովինար Վարդանյան փորձում էին նույն պրոցեսն իրականացնել Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ, ով զբաղեցնում էր Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Եվ էլի նույն հակաիրավական  «զոռբայությամբ» իրենք այդ որոշումը կայացրեցին և Զոհրաբյանին ազատեցին այդ պաշտոնից»,- ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Վերջինս ասում է, որ ակնհայտ է՝ Դոնթի բանաձևով բաշխված մանդատների արդյունքում բացառապես «Հայաստան» խմբակցությանն է պատկանում իրենց հասանելիք վարչական պաշտոններում անձանց առաջադրելու, կամ՝ հետ կանչելու, պաշտոնավարումը ժամանակից շուտ դադարեցնելու իրավունքը։

«Եվ հիմա, եթե Քաղաքացիական պայմանագիրը, օրինակ, Իշխանն Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին ազատեց իրենց զբաղեցրած պաշտոններից, միևնույն է՝ «Հայաստան» դաշինքն ունի բացառիկ իրավունք և հնարավորություն այդ պաշտոններում առաջադրելու խմբակցության պատգամավորներից երկուսին։ Այստեղ զուտ իրավունքի չարաշահման և նորմերի նորահայտ մեկնաբանության արդյունքում է ՔՊ-ն կարողացել իր համար ոչ ցանկալի, ընդդիմության լիդեր հանդիսացող կամ շարժումը առաջնորդող մարդկանցից ազատվել, որն իր մեջ բովանդակային առումով կրում է փոքր վրեժխնդրություն։ Ես չգիտեմ այսօրվա Ազգային Ժողովի ընդունած որոշումները ապագայում կդառնա՞ն Սահմանադրական դատարանում քննության առարկա, թե՝ ոչ։ Բայց ես կարծում եմ, որ ՍԴ-ն այստեղ ունի անելիք։ Որովհետև, եթե Նաիրա Զոհրաբյանի դեպքում Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, թե արդյոք ով կարող է առաջադրել, ով՝ ոչ, ապա այստեղ բովանդակային տեսանկյունից որոշակի փոփոխություններ կան և կարծում եմ՝ Սահմանադրական դատարանը պիտի այդ թեմային անդրադառնա և փորձի պարզաբանել ԱԺ կանոնակարգը սահմանադրական օրենքը»,- ասաց Հայրապետյանը։

Իրավաբանը գտնում է,որ իշխող խմբակցությունը ընթացակարգային և վարույթային նորմերն իրարից չի տարբերում, վարչարարության հիմունքները, վարչական վարույթի մասին օրենքը, դրա կարգավորումները չի տարբերում։

«Ընդհանրապես խորհրդարանական կառավարում և այլն, այս մարդկանց մոտ բացակայում է։ Իրենք անում են այն, ինչ ուզում են։ Հիմա, եթե իրենք վաղը որոշեն, որ Սեյրան Օհանյանը այլևս չպիտի լինի «Հայաստան» խմբակցության ղեկավար, չեմ բացառում, որ իրենք տափակ և տրամաբանությունից զուրկ զոռբայությամբ որոշման նախագիծ բերեն և ՔՊ-ն ինքն իրեն իրավունք վերապահի որոշելու, թե «Հայաստան» խմբակցությունում ով է զբաղեցնելու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պաշտոնը, որովհետև իրենց այսօրվա արածը՝ Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի դեմ, նույն տրամաբանության շրջանակներում է։

Մեր այն հարցին՝  հույս դնել Սահմանադրական դատարանի վաղվա արդարության վրա այս գործով, որքանո՞վ է խելքին մոտ, երբ դատարանն արդեն ՔՊ-ական է եւ նոր թեկնածուն էլ Ստյոպա Սաֆարյանի քույրն է, իրավաբանն ասաց․

«Գիտեք, միգուցե ես որոշակի տոկոսայնությամբ վարդագույն ակնոցներով եմ այս իրականությանը նայում, այնքանով, որքանով, որ Սահմանադրական դատարանը որպես մարմին, շեշտադրում եմ՝ բարձրագույն, իր լիազորությունով, իր իրավասությունով օժտված մարմին, բայց բնականաբար հույս ունենալ, որ Սահմանադրական դատարանը օբյեկտիվ որոշումներ է կայացնելու, դա ռոմանտիկայի ժանրից է»։

Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանն իրենց պաշտոներում կարո՞ղ են կրկին վերընտրվել․ «Նախ պետք է ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը չունի որևէ հստակ կանոնակարգում և չունի թվարկված հիմքերը, որով, օրինակ, մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարում են։ Այսինքն՝ այդ բացակայությունները բերել որպես փաստական հանգամանք և փորձել այդ բացակայությունների հիմքով ազատել անձանց զբաղեցված պաշտոններից, նույնպես օրենքի տրամաբանությունից դուրս է։ Օրենքը որևէ սահմանափակում, իհարկե, չի դնում այդ անձանց երկրորդ անգամ նույն պաշտոնին առաջադրելու վերաբերյալ, մենք չունենք նմանատիպ սահմանափակում։ Թեպետ այդպիսի սահմանափակումների առկայության պարագայում էլ մենք ունենք դեպք, երբ մի անձը  երկրորդ անգամ չէր կարող առաջադրվել համապատասխան պաշտոնի, բայց երբեմնի տիեզերագնացի համբավ  ունեցող նախագահ Արմեն Սարգսյանը չընտրված թեկնածու Վահե Գրիգորյանին երկրորդ անգամ առաջադրեց ՍԴ դատավորի թեկնածու։ Վերջինիս ընտրեցին ՔՊ խմբակցության կանայք կամ պարոնայք։ ԱԺ-ի այսօրվա որոշումը պառլամենտարիզմի վախճանն էր՝ պետությունը սպանողների ծափահարությունների ներքո»։