Ինչ լավ է, որ դեռ Երեւանը, Վանաձորը, Գյումրին, Սեւանը մերն են

Ինչ լավ է, որ դեռ Երեւանը, Վանաձորը, Գյումրին, Սեւանը մերն են

«Ապրիլի 6-ին Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո քայլում եմ փողոցով ու ինքս ինձ ասում. ինչ լավ է, որ այս տարածքը դեռ իմն է: Ինչ լավ է, որ դեռ Երեւանը, Վանաձորը, Գյումրին, Սեւանը մերն են»,- «Հրապարակի» հետ զրույցում նշում է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, որը միշտ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով: Դերասանուհին վերջին շրջանում քիչ է խոսում, գրում ու առհասարակ հրապարակային ելույթներ ունենում:

- Վերջին շրջանում համեմատաբար պասիվ եք` քաղաքական գրառումներ գրեթե չեք անում: Ինչո՞վ է Ձեր լռությունը պայմանավորված: Բոլորից ու ամեն ինչից հիասթափվա՞ծ եք:

- Այո, պասիվ եմ: Ընդամենը հրապարակային խոսքի դադար եմ վերցրել: Բայց անգործ, ուղղակի նստած չեմ: Բավականին զբաղված եմ մասնագիտական աշխատանքով: Նոր ներկայացման եմ պատրաստվում:

- Ապրիլի 5-ին ընդդիմադիրներն Ազատության հրապարակում բողոքի հանրահավաք էին իրականացնում: Նախկինում Դուք մշտապես մասնակցում էիք ընդդիմության ակցիաներին:

- Ապրիլի 5-ին եւս մասնակցել եմ բողոքի ակցիային: Պարզապես երեւի լրատվամիջոցները` աստղերով տարված, ինձ չէին նկատել:

- Ապրիլի 7-ին Աննա Հակոբյանը նահատակված տղաների մայրերի համար կրկին միջոցառում էր կազմակերպել: Վարչապետի կինը ելույթ ունեցավ եւ նշեց, որ սգալն անպտուղ գործ է:

- Այդ ընտանիքն ընդհանրապես ամեն ինչ անում է փիառի համար: Դիվիդենտներ են շահում այդպես, իրենց յուրաքանչյուր քայլ այդ մասին է փաստում: Նրանք ամեն ինչ գովազդի համար են անում: Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանի սիրտը մեր սեւազգեստ մայրերի համար ցավում է: Այդ ամենը զուտ նրա համար է արվում, որ հասարակությանը ցույց տան, թե տեսեք՝ զոհերի ծնողները մեզ չեն մեղադրում: Այն, ինչ ես տեսա այդ օրը, մայրերը դարպասների մոտ կանգնած, նստելու տեղ չկար, ուղղակի հերոսներին եւս մեկ անգամ արժեզրկելու փորձ էր: Ես՝ որպես տան կին, եթե գիտեմ, որ իմ տանն ընդամենը 30 աթոռ կա, ինչպե՞ս կարող եմ 60 հոգու հրավիրել:

- Դուք դերասանուհի եք: Դերասանական խաղն իրականությունից, կարծում եմ, տարբերում եք: Հետաքրքիր է, Աննա Հակոբյանի խոսքի եւ կեցվածքի մասին ինչ կասեք:

- Աննա Հակոբյանի գերխաղն ակնհայտ է: Գեր ու կեղծ խաղը, որն արդեն զզվելի է:

- Իսկ սեւազգեստ մայրերին ասելիք ունե՞ք:

- Հարգելով իմ եղբայրների շիրիմները, նրանց հիշատակը, ես ուզում եմ այս թեման շրջանցել: Ինչքան էլ նրանց քայլերը, մոտեցումները սխալ համարեմ, միեւնույն է, ես իրենց պարտական եմ իմ կյանքի համար: Ես ավելի շատ եմ հարգում Եռաբլուրում հանգչող իմ եղբայրներին, քան հենց իրենց մայրերը: Այս թեմայով երկար-բարակ խոսել չեմ ցանկանում: Ի՞նչ ասեմ: Գուցե նրանք այդ քայլով փորձում են իրենց վիշտը սփոփել: Մեղադրել չեմ կարող:

- Վարչապետն ապրիլի 6-ին հանդիպում ունեցավ Իլհամ Ալիեւի հետ` Բրյուսելում: Ի՞նչ սպասելիքներ ունեիք այդ հանդիպումից:

- Այսօր քայլում էի փողոցով ու ինքս ինձ ասում. փառք Աստծո, որ ես դեռ Հայաստանում եմ քայլում: Քայլում էի ու մտածում` ինչ լավ է, որ դեռ Երեւանը, Գյումրին, Վանաձորը, Սեւանը մերն են: Ուրիշ սպասելիք չունեմ, հատկապես այսօրվա Արաբատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո:

- Այս խառը, դժվար ժամանակներում թատերական կյանքը չի՞ փոխվել: Հանդիսատեսի թիվը չի՞ նվազել:

- Հանդիսատեսի պակաս չկա... անցյալ տարվա նոյեմբերին մի ներկայացման ժամանակ ես նկատեցի, որ մարդիկ փախել են իրականությունից՝ թատրոնն իրենց համար սփոփանք դարձնելով: