Փաշինյանը ԱԱԾ տնօրեն նշանակեց ինքն իրեն

Փաշինյանը ԱԱԾ տնօրեն նշանակեց ինքն իրեն

Փաշինյանի նշանակած կադրերը ամենապատասխանատու պաշտոններում արդեն երկու տարի շարունակում են զարմանքի մեջ պահել հասարակությանը: Այդ հարցում վարչապետը որքան էլ արժանանում է ամենաբուռն քննադատությունների ու պարսավանքի, միեւնույնն է, նա ընտրում է այնպիսիներին, որոնց մեջ ինքը «կփայլի» իր ողջ «հմայքով»: Բայց այն, որ երկրի համար ամենապատասխանատու՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում կնշանակի 29-ամյա մի անփորձ երիտասարդի, դա արդեն հատում է բոլոր թույլատրելի ու անթույլատրելի սահմանները: ԱԱԾ-ն այն ոլորտն է, որի անփորձ ղեկավարը ուղղակի ական է՝ դրված երկրի անվտանգության ու պետականության տակ: Սա այն ոլորտն է, որի ղեկավարը պետք է լինի ճանապարհ անցած, փորձառու, ինչպես ասում են՝ հարյուր թալակի պանիր կերած ու չբռնված…

Ո՞վ է Քյարամյանը, որ հենց սկզբից՝ 2018-ի հունիսից արժանացավ  Փաշինյանի վստահությանը: Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում ծնված այս երիտասարդի տեղը որտեղի՞ց է իմացել Փաշինյանը, ո՞վ է ծանոթացրել նրանց, ո՞վ է Փաշինյանին ասել նրա տեղը: Այդ միջնորդ օղակը ներսի՞, թե՞ դրսի մարդ է: Սրանք հարցեր են, որոնք մտահոգում են երկրի անվտանգության ոլորտի փորձառուներին, եւ, առհասարակ, երկրի անվտանգությամբ մտահոգ մարդկանց: Արթուր Վանեցյանի դեպքում ամեն ինչ պարզ էր՝ ծանոթությունը եղել էր Ալեն Սիմոնյանի միջոցով, բացի այդ՝ Վանեցյանը համակարգին 20 տարի ծառայած սպա է: Հիմա ամեն ինչ անհայտ է…Փաշինյանին անգամ չկանգնեցրեց  Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուց հետո համակարգի  պրոֆեսիոնալների դժգոհության ալիքը, նրանց արտահոսքը համակարգից: Ինչո՞վ է Քյարամյանն արժանացել Փաշինյանի վստահությանը, որ հենց իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հունիսից սկսեց նրան թռիչքաձեւ բարձրացող պաշտոններ տալ: Մինչ այդ նա մեկ տարի աշխատել է որպես քննչական բաժնի քննիչ, երկու տարի դատախազ: Իսկ դրանից հետո, երբ իշխանության եկավ Փաշինյանը, սկսվեց նրա աստեղային ժամը. պաշտոններ էր, որ վստահվում էր 27-ամյա երիտասարդին, իսկ յուրաքանչյուր պաշտոնում նա աշխատում էր մեկ-երկու ամիս, այսինքն՝ հազիվ ծանոթանում էր իր կատարելիք գործին, մեկ էլ նոր՝ ավելի բարձր պաշտոն: Իսկ մի պաշտոնում ՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ տեղակալի պաշտոնում  մեկ օր է ընդամենը «աշխատել»: Այնպիսի տպավորություն է, թե սրանով Փաշինյանն ի սկզբանե նրան նախապատրաստել է ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար, որպեսզի նա ունենա աշխատանքային «հարուստ» կենսագրություն: Վիքիպեդիայում Քյարամյանի  մասին գրված է. «պետական քաղաքական գործիչ»: Իսկ թե երբ եւ որտեղ է Քյարամյանը զբաղվել պետականաշինությամբ ու քաղաքականությամբ, հավանաբար, իր ու վարչապետ Փաշինյանի գաղտնիքն է… Ի՞նչ կապող օղակ կա նրանց միջեւ, դա առեղծված է: Բայց այն, որ այսօր երկրի անվտանգությունը վստահելով անփորձ 29-ամյա երիտասարդի, Փաշինյանը վտանգում է ՀՀ անվտանգությունը, դա փաստ է: Ի՞նչ է պատրաստվում անել Փաշինյանը ՀՀ անվտանգության հետ… Այն, ինչը պատրաստվում է անել, միայնա՞կ է անելու, թե այդ ծրագրերի մասին տեղյակ է ու մասնակից է լինելու նաեւ Քյարամյանը: Մտահոգիչ հարցերը շատ են…
  Քյարամյանի նշանակումով Փաշինյանը լուծում է իր համար խիստ կարեւոր հարցեր. նա իր ձեռքն է վերցնում ԱԱԾ համակարգը եւ այն տնօրինելու է բացարձակապես իր կամքով: Այդ ամենը ունենալու է շատ բազմաշերտ դրսեւորում: Փաշինյանն իր շահերին, կամակորություններին ու ամբիցիաներին կծառայեցնի երիտասարդ Քյարամյանին, գործեր կհարուցի իր ընդդիմախոսների նկատմամբ: Փաշինյանի համար հասանելի կլինեն ԱԱԾ արխիվում պահվող շատ փաստաթղթեր, գաղտնիքներ, տվյալներ, նա կտիրապետի այդ ամենին: Ճանաչելով Փաշինյանին, վստահաբար կարելի է ասել, որ վարչապետը դրանց ոչ միայն անարգել կծանոթանա, այլեւ «լայվ» կմտնի ու կիրազեկի ամբողջ հանրությանը՝ առանց հաշվի առնելու թույլատրելիության սահմանները: Ու ոչ միայն «լայվ» կմտնի, այլեւ դրանք հանգամանալից կհրապարակի իր ընտանեկան «Հայկական ժամանակում»: Ծառուկյանի՝ 41 տարվա վաղեմության՝ փակ դատական նիստի դատավճռի հրապարակումը՝ վկա: Իսկ ո՞ր փորձառու ու պրոֆեսիոնալ ԱԱԾ-ականը կկատարեր այդ ամենը: Ոչ ոք: Վանեցյանի հրաժարականը՝ վկա: Բացի այդ, Փաշինյանը ապահովագրում է իր «գաղտնիքների» բացահայտումը. երիտասարդ Քյարամյանը հազիվ թե բացահայտի իրեն թռիչքաձեւ բարձրացրած Փաշինյանի գաղտնի քայլերը, գոնե իր համար վերլուծի դրանք ու ասի՝ կա՛նգ առ: Բայց, Քյարամյանը, ի վերջո, դառնալու է քավության նոխազ: Չէ՞ որ մի օր գալու է Փաշինյանի՝ օրենքի առաջ պատասխան տալու ժամանակը: Այդ դեպքում նա ամեն ինչ կկոտրի երիտասարդ Քյարամյանի գլխին: Այս հեռանկարը մի՞թե չեն կանխազգում Քյարամյանի հարազատները, որ նրան հեռու պահեն այս խառնակ ժամանակներում, անկանխատեսելի ղեկավարի հետ համագործակցելուց, անկանխատեսելի պատասխանատվությունից: Չէ՞ որ Փաշինյանի կողքից հեռանում են բոլոր փորձառու ու պրոֆեսիոնալ մասնագետները, հեռանում են ահեռանկար ու վտանգավոր պատասխանատվությունից, հեռանում են անորոշ ու անպատասխանատու քայլերին մասնակից լինելուց: Քյարամյանը կամ նրա  հարազատները չե՞ն զգում այս ամենը: Միգուցե նա փայլուն իրավաբան է, եւ հետագայում կենսափորձ ձեռք բերելով կարող էր ավելի հուսալի ու լավ հեռանկար ունենալ մասնագիտական կարիերայի հարցում, քան այսօր գայթակղությանը տրվելով գնար նման փորձությունների: 
 Եվ այսպես, կարող ենք արձանագրել, որ վարչապետ Փաշինյանն իր ձեռքը վերցրեց ԱԱԾ-ն եւ իր նպատակներին կծառայեցնի երկրի անվտանգության համակարգը: