Շոյգուն կարեւորե՞լ է Ալիեւին

Շոյգուն կարեւորե՞լ է Ալիեւին

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողովին նախագահողի կարգավիճակով այցելելով Բաքու, ՌԴ ՊՆ Շոյգուն առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Դա կարելի էր զուտ արարողակարգային համարել, եթե տարածված պաշտոնական հաղորդագրությունից չհետեւեր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարն Ադրբեջանի նախագահի հետ խոսել է… Սիրիայի հարցով Սոչիում օրեր առաջ ռուս-թուրքական  Հուշագրի կատարման դժվարությունից: «Սիրիայի հարցով Սոչիում ստորագրված ռուս-թուրքական Հուշագիրն իրականացվում է ոչ առանց դժվարության»- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը՝ ՌԻԱ-Նովոստիին հղելով, գրում է ադրբեջանական լրատվամիջոցը:

«Բայց Հուշագիրը, հավանաբար, խաղաղություն հաստատելու եւ Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու միակ միջոցն է», - ավելացրել է Շոյգուն: Նա միաժամանակ ասել է, որ Ռուսաստանն ունի ահաբեկչության դեմ պայքարի հարուստ փորձ եւ պատրաստ է կիսվել գործընկերների հետ: Ո՞րն է Ադրբեջանի նախագահի հետ  ռուս-թուրքական Հուշագրի իրականացման հարցում դժվարության թեմայով Ռուսաստանի պաշտպանության նախարարի անկեղծանալու շարժառիթը: Մոսկվան այնքան կարեւորում է Ալիեւին, որ նրանից ինչ-որ աջակցությու՞ն է ակնկալում այդ հարցում: Թե՞ Շոյգուն Պուտինից հրահանգավորվել է իրազեկել Ալիեւին, որ քանի դեռ ռուս-թուրքական Հուշագրի իրականացման դժվարությունները հաղթահարված չեն, Ռուսաստանը չի կարող որեւէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Ենթադրությունների տեղ, իրոք, կա: Բայց ուշագրավ է, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները սկզբունքային համաձայնության են եկել, որ սպայական կազմի պատրաստման բազային հաստատություն կլինի ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Վերջին տասնամյակում Ադրբեջանը նախապատվությունը տալիս էր թուրքական ռազմաուսումնական հաստատություններին: