Հրդեհի պատասխանատուն ՀԷՑ-ն է. բնակիչները տեղափոխվել են հիվանդանոց

Հրդեհի պատասխանատուն ՀԷՑ-ն է. բնակիչները տեղափոխվել են հիվանդանոց

Քիչ առաջ հրդեհ էր բռնկվել Երեւանի Արարատյան փողոցում, 64-րդ շենքի մուտքում։ Բռնկվել էր հոսանքի լարերի հանգույցը։ Պատճառը թաղապետարանի կողմից պատվիրված աշխատանքներն էին։ Բանվորները փոխում էին մուտքի լուսամուտները եւ աշխատելու ընթացքում կտրել էին հոսանքի լարերը, ինչն էլ կարճ միացման ու բռնկուման պատճառ էր դարձել։ ԱԻՆ-ում քննություն է սկսվել մեղավորներին պարզելու համար: Հրշեջ հաշվարկը երկու մեքենաներով կարճ ժամանակում հանգցրեց հրդեհը: ԱԻՆ աշխատակիցները հակագազներով մտան մուտք և դուրս բերեցին մի քանի բնակիչների: Մարդիկ ծխախեղդ էին եղել։ Նոր պատուհանները, որոնք հարմարեցված չեն մուտքերի համար, քանի որ վատ էին բացվում, ԱԻՆ աշխատողները ստիպված էին փշրել։ Դրանք ընդամենը մեկ ժամ էլ չծառայեցին: Այսօրվա հրդեհի պատճառը նաեւ վթարային իրավիճակն էր այս շենքում, հոսանքի լարերի սխալ մոնտաժված լինելը։ «Մենք միշտ ահազանգել ենք, որ մուտքում այսքան լարեր չպետք է անկանոն լցված լինեն, արդեն տասը տարի է, էլցանցից խոստանում էին կարգավորել հարցը ու ոչ մի բան չէին անում» պատմեց բնակիչներից մեկը։ Մարդիկ վախեցած էին։ Կրակն այս պահին մարել են։ Շենքը հոսանքազրկված է: 

Մանրամասն՝ տեսանյութում։