Ձու վերցնողը ձվից էլ կընկնի

Ձու վերցնողը ձվից էլ կընկնի

«Առաջին լրատվականի» խմբագության աշխատակիցները դուռը բացել են ու տեսնել ի՞նչ՝ դռան առջև դրված մի տուփ հավկիթ՝ կանաչ ժապավենով կապված, իսկ տուփի կողքին մի գրություն՝ հետևյալ բավանդակությամբ՝ «Ազատություն չորրորդ իշխանությանը»: «Առաջին լրատվականի» քաջարի տղաները, սակայն, դա վատ նշան են համարել և իսկույն հայտարարել. «Սա չարամիտ ակցիա է՝ քրեական մշակույթին հարիր, գողապետության բաղադրիչներով: Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ սա գողական բարքերով ապրող նախկին ռեժիմի, նրա քրեականացված պարագլուխների ու նրանց սպասարկու բանդաների ձեռագիրն է»: Այո, մեր օրերում իսկապես շատ խելք պետք չէ մեկ տուփ հավկիթի տեսքից ուշաթափվելու և հիստերիայի մեջ ընկնելու համար: Խառը ժամանակներ են, ոմանք ահաբեկչություններ են անում, ոմանք հայտարարում ահաբեկիչներին ֆիզիկապես ոչնչացնելու մասին, մի խոսքով՝ что ни день, то празднк»: Մի երկու օր առաջ էլ Hayeli.am կայքի խմբագրության դուռն ու պատերն էին ձվոտել ահաբեկիչները: Լավ էր՝ նրանք տաք «հետքով» հայտնաբերվեցին և մեր դատախազության տիտանական ջանքերի շնորհիվ հայտնվեցին աշխատանքային գաղութում:

Չորրորդ իշխանությունը (ոչ համանուն թերթը) ոտքի կանգնեց, դատապարտեց տեղի ունեցածը, ամոթանք տվեց առաջին իշխանությանը, որովհետև Hayeli.am-ի խմբագրության պատերն ու դուռը ձվոտողներն այդ իշխանության ակտիվիստներն էին: «Առաջին լրատվականին» իսկապես շատ խելք պետք չէր, որպեսզի դատապարտեր տեղի ունեցածը, բայց սրանք, որ առաջինն են նաև խառանակչությունների գործով, սկսեցին հանդիմանել գործընկեր կայքին՝ թե բա «խի՞ եք տենց բաներ գրում, որ արժանանաք նման վերաբերմունքի»:

Այսուհանդերձ, չենք կարող ասել, որ խմբագրության առջև դրված տուփով հավկիթը, այն էլ կանաչ ժապավենով կապված, ահաբեկչության կամ քրեական բնույթի նախազգուշական մի այնպիսի մեսիջ է պարունակում, որից կարելի է ընկնել հալյուցինացիաների մեջ և անհիմն հայտարարություն անել, թե դա նախկին ռեժիմի ձեռքի գործն է: Բայց եթե շատ են ուզում կանաչ ժապավենով կապված հավկիթի տուփից ռումբի էֆեկտ ստանալ, ապա կարող եմ հուշել, թե ում էր ամենաշատը պետք «Առաջին լրատվականի» խմբագրությունում պայթյուն իրականացնել: Օրինակ՝ «Լուսավոր Հայաստանին», որի խմբակցությունից դուրս գալով և ազատ պատգամավոր ինքնահռչակվելով, «Առաջին լրատվականի» ղեկավար Արման Բաբաջանյանը վայր չդրեց մանդատը՝ հօգուտ Էդմոն Մարուքյանի:

Սրանք այս պարզ և բավականին թարմ «վերսիան» թողել, ընկել են բարդ բաների հետևից, թե. «Ազատ խոսքը, մամուլի ազատությունը «Ժամանակ» օրաթերթը, 1in.am կայքը պաշտպանել են հետևողականորեն՝ անցնելով քրեաօլիգարխիայի ռեպրեսիվ մեքենայի անասելի ճնշումների միջով. թերթի ու կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանը տարիներ շարունակ քաղբանտարկյալի կարգավիճակով պատանդ է պահվել ռոբա-սերժական ռեժիմի կողմից…»:  Փաստորեն բանակից թռնելու համար դատապարտվելն ու հետապնդվելը քաղաքական հալածանք է, այո՞: Ում ասես՝ չի հավատա:

Ամոթ է ամոթ, քիչ է մնում ինքնախոստովանեմ, որ ես եմ այդ հավկիթները տարել «Առաջին լրատվական» ու հետն էլ գրություն թողել՝ «Ազատություն չորրորդ իշխանությանը» բովանդակությամբ: Հա, սկզբում ուզում էի կառավարություն տանել, բայց հետո միտքս փոխեցի ու գնացի ուղիղ «Առաջին լրատվական»՝ մտածելով, որ քրեագիտության իսկական գիտակներն այնտեղ են աշխատում:

Հ.Գ. Առակս զի՞նչ ցուցանե… Եթե դռանդ ուղտ չի չոքել, այլ ընդամենը մի տուփ հավկիթ է հայտնվել, դա դեռ չի նշանակում, որ դրանք քո ածած ձվերը չեն: Այնպես որ, աղմկելուց առաջ պետք է մի փոքր մտածել: