Ինչու՞ չի կայանում Զելենսկի-Սի Ծինփին հեռախոսազրույցը  

Ինչու՞ չի կայանում Զելենսկի-Սի Ծինփին հեռախոսազրույցը  

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հեռախոսազրույցի կազմակերպման հարցում դժվարություններ են առաջացել Չինաստանի դիրքորոշման պատճառով։ 
Այս մասին հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Զրույց ծրագրվում է։ Կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են և՛ նախագահի գրասենյակը, և՛ արտաքին գործերի նախարարությունը՝ և՛ Երմակը, և՛ Կուլեբան (գրասենյակի ղեկավարն ու ԱԳ նախարարը համապատասխանաբար): 

Նախաձեռնողական կերպով մենք ենք առաջարկում, քանի որ այսօր, բացի նախագահ Զելենսկուց, գործնականում ոչ ոք չկա, որ բացատրի պատերազմի ոչ ճիշտ ավարտի հետևանքները, հենց նախագահն է, որ միանգամայն հստակորեն բոլոր շեշտադրումներ է դնում մեր գործընկերների, այդ թվում՝ չեզոք երկրների շրջանում»,- ասել է նա։
Պոդոլյակը հավելել է, որ հեռախոսազրույցի կազմակերպման դժվարություններն այն են, որ Չինաստանը ներկայումս հստակ դիրքորոշում չունի Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև պատերազմի կարգավորմանն իր մասնակցության աստիճանի վերաբերյալ։

«Դա բավականին դժվար է։ Խնդիր կա, որ Չինաստանը դեռ չի գտել իր նոր քաղաքական տեղը։ Այսինքն՝ ուզում է իր վրա վերցնել Ռուսաստանի ու Ուկրաինայի կարգավորման հարցը, թե, այնուամենայնիվ, զգուշությամբ մի կողմ կկանգնի։ Որքան ես հասկանում եմ, Չինաստանը դեռ ինքն իր համար չի պարզել դա»,- հավելել է նա: