Թուրքը հասել է ՀՀ սահմաններին. Սասուն Միքայելյան

Թուրքը հասել է ՀՀ սահմաններին. Սասուն Միքայելյան

Բնականաբար, դաժան օրեր ենք ապրում, եւ մենք պետք է գիտակցենք, այս իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին այսօր` հոկտեմբերի  16-ին, Հրազդանում պատերազմում զոհվածներին նվիրված համաքաղաքային հուշահամալիրի բացման միջոցառման ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մենք երբեք չպետք է հուսահատվենք, մենք, հատկապես երկրապահներս, ազատամարտիկներս, մենք` միջին, բարձր տարիքի մարդիկ, մենք երբեք չենք հուսահատվում, որովհետեւ եթե մնանք էսպես անորոշության, հուսահատության մեջ, մենք ավելի դաժան ու դժվար արհավիրքների առաջ կկանգնենք: Այսօր թուրքը հասել է մեր Հայաստանի Հանրապետության սահմաններին եւ մենք պետք է ամեն մեկս մեր բաժին բեռը վերցնենք, հասկանանք, գիտակցենք, որ այս տղաները նույնպես ապրել էին ուզում, բայց կյանքից առավել գերադասեցին հայրենիքը, հայրենի հողը, պետությունը, պետականությունը, եռագույնը, Եռաբլուրը: Ինչպես ասում են` կռվում են անհատները, ժողովուրդը, հաղթում են  նահատակները:

Տղերքը հաղթել են, նրանք ընկան, չտեսան այս պարտությունը եւ ես միշտ ասել եմ` որտեղ, որ ընկել են տղաները, դա մեր համար սրբավայր է եւ մենք պարտավոր ենք վերադառնալու մեր սրբավայրերը: Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը, փառք ու պատիվ Արցախի Հանրապետությանը, փառք ու պատիվ մեր սփյուռքահայությանը, նորից ու նորից ընդունեք մեր խոնարհումը եւ գլուխներս միշտ բարձր, քանի որ ձեր զավակները չծնկան»,-ասաց նա:

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատվոգրերով եւ շնորհակալագրերով պարգեւատրեց բարերար Աիդա Ավետիսյանին, գեղանկարչին եւ հուշակոթողի քանդակագործին: