Սա շատ նման է նրան, որ ասում էր` եթե Ղարաբաղը չհանձնենք, Հայաստանը կործանվելու է
«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
- Նիկոլ Փաշինյանը հինգ ժամանոց մամլո ասուլիս տվեց: Նորից նախկին իշխանություններին ինչ-ինչ մեղադրանքներ հղեց, խոսեց այն մասին, թե որքան վատն է ՀԱՊԿ-ը, խոսեց նաև այն մասին, որ Ադրբեջանն առաջիկայում կարող է ռազմական գործողությունների դիմել և այլն, և այլն: Ո՞րն էր այս ասուլիսի նպատակը: Ի՞նչ նոր ուղերձ կար այնտեղ:
- Նոր ուղերձն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ իր, այսպես կոչված, խաղաղության օրակարգն Ադրբեջանի հետ ձախողվել է: Նա ըստ էության արդարացավ, թե իբրև այդ ամենի հետ ինքը որևէ կապ չունի: Հիմնական և գլխավոր ուղերձը սա էր: Պատերազմից հետո նույն Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ներկայացրեց, թե իբրև ինքը խաղաղություն է առաջարկում, իսկ ահա իր ընդդիմախոսները` պատերազմ: Սակայն այսօր փաստացի այդ մարդը խոստովանում է, որ իր խաղաղության օրակարգը չի աշխատում, սակայն այդտեղ ինքը մեղավոր չէ, այլ մեղավոր է Ադրբեջանը:
- Փաշինյանը նշեց, որ ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից հեռացել, այլ ՀԱՊԿ-ը` մեզանից: Ըստ էության մեղքը բարդեց ՀԱՊԿ-ի վրա: Ի՞նչ ասել է ՀԱՊԿ-ն է մեզանից հեռացել:
- Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղվել մանիպուլյացիաներով: Առնվազն տարօրինակ է, որ հասարակության ինչ-որ մի ստվար զանգված դեռ հավատում է այդ մանիպուլյացիոն հնարքներին: Այդ ձևակերպումներն առնվազն ինձ համար ծիծաղելի են: Ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ն է հեռացել մեզանից: Սա կարող է մեկ այլ բան էլ նշանակել: Նիկոլ Փաշինյանը վախենում է ՀԱՊԿ-ից դուրս գալ և որպեսզի հետագայում խուճապ չառաջանա, նա ասում է, թե ՀԱՊԿ-ը հեռացել է մեզանից, որպեսզի հետագա վտանգների դեպքում ինքն իրեն ապահովագրի` ջրից չոր դուրս գա: 21-րդ դարում, իհարկե, մանիպուլյացիաներն աշխատում են, սակայն Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներն արդեն հասել են այն աստիճան ցածր մակարդակի, որ պարզապես գիտակից մարդկանց զարմանքն է հարուցում: Ինչպե՞ս կարող են մարդիկ հավատալ այդ ամենին….
- Վարչապետը նաև ակնարկեց, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունների դիմել:
- Ադրբեջանը բաց հայտարարում է այդ մասին: Նիկոլ Փաշինյանը խոսում է բաց ինֆորմացիայի մասին: Ադրբեջանն ասում է, որ եթե 2023 թվականին Հայաստանը նոր կապիտուլյացիա չստորագրի, ապա Հայաստանի դեմ բաց պատերազմ է սկսվելու: Այստեղ ոչ մի նորություն չկա: Նիկոլ Փաշինյանն այս հարցում անկեղծ է, սակայն չի ասում, թե որն է ելքը: Փաստացի հայ ժողովրդին ասում է` հայ ժողովուրդ, եթե մի քանի ամսվա ընթացքում նոր զիջումների չգնամ, ապա նոր պատերազմ է սկսվելու: Սա շատ նման է նրան, որ ասում էր, եթե Ղարաբաղը չհանձնենք, Հայաստանը կործանվելու է: Վաղն էլ նույն բանն ասվելու է Սյունիքի մարզի մասին: Այդ մարդը ձախողվել է որպես քաղաքական գործիչ, նա այդպես էլ որպես պետական գործիչ չկայացավ, մնաց միջակ լրագրող, այդ մակարդակից չբարձրացավ: Ինքն իր ստերի մեջ խճճվել է: Սա նման է նրան, որ մարդը պարտք է ինչ-որ մեկին, այդ պարտքը չի կարողանում վերադարձնել և որոշում է մեկ ուրիշից պարտք վերցնել ու այդպես պարտքերի մեջ թաղվում է: Ժամանակը գալիս է և պետք է բոլոր պարտքերը վերադարձվեն, սակայն գուցե հայ ժողովուրդը հատուցի այդ պարտքերը…. Մարդիկ պետք է գիտակցեն, որ Փաշինյանով Հայաստանը ոչ թե խաղաղության, այլ խիստ պատերազմի ճանապարհով է գնում:
- Հայաստանի վարչապետը խոսում է հնարավոր պատերազմի մասին, Ադրբեջանի նախագահն էլ Արցախին իր օրակարգն է թելադրում: Համատարած այս քաոսից հնարավորինս շահած դուրս գալու ճանապարհը ո՞րն է:
- Ցանկացած մարդ ունի ընտրության իր հնարավորությունը: Եթե հայ ժողովուրդն այսօր ընտրել է դիտորդի կարգավիճակով իր իսկ կործանման գործընթացներին հետևելը, ապա եթե անկեղծ` կործանվելու ենք: Նախ Արցախը, հետո` Հայաստանի Հանրապետությունը: Պետք է ոտքի կանգնել ու հեռացնել այս փողոցային իշխանությանը: Մեզ պետք է այլնընտրանքային իշխանություն: Եթե մարդիկ դիտորդի կարգավիճակով որոշել են նստել թախտին ու սպասել, թե ինչ է պատահելու իրենց հետ, ապա դրան հաջորդելու է կործանումը: Դա բնական բան է:
Կարծիքներ