Նոր անունների սպասումով

Նոր անունների սպասումով

Մարզական կյանքի ամենաակտիվ, ծաղկուն ժամանակաշրջանն այնքան էլ երկար չի տեւում։ Մեծ ասպարեզներում բազմակողմանի ունակությունները, բեղուն ու ինքնավստահ ելույթները, այլ կերպ ասած` լիարժեք վերելքը սկսվում են 18 տարեկանից ու շարունակվում միջինը 15 տարի։ Ճիշտ է, լինում են եւ բացառություններ։ Օրինակ, ռուս հայտնի մարմնամարզուհի Օքսանա Չուսովիտինան, ով հիմա 46 տարեկան է, մասնակցել է վերջին բոլոր 8 օլիմպիադաներին։ Բայց բնության կանոնակարգով, անպայման նշագծվում է ցուցանիշների աստիճանական նահանջ, եւ սկսում է գործել հանրահայտ ասույթը, որն առավել շատ դրսեւորվում է հենց մարզական ասպարեզում` հպարտացիր այն հաղթանակներով, որոնք տարել ես ինքդ քո դեմ։ Սա օրինաչափություն է, որը կոչվում է սերնդափոխություն։ Եվ ոչ մի տարօրինակություն սրանում չկա։ Գործին մոտ կանգնած մարդիկ սրտանց ուրախանում են, երբ տեսնում են լուրջ ասպարեզ մտած շնորհաշատ նորեկներին, ովքեր իրենց վստահ կատարումներով ապացուցում են, որ ունակ են հույս ներշնչել, զարգացնել ավագ ընկերների թողած բարի ավանդույթները։ 

Այս առումով վերջին շրջանում իսկապես ի հայտ են եկել շնորհաշատ երիտասարդներ, ովքեր լուրջ ստուգատեսներին իրենց նորամուտը նշանավորել են խոստումնալից ցուցանիշներով, ապացուցել, որ կարող են բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը։ Հատկապես ուրախացնում է այն, որ տարբեր ասպարեզներում իրենց շատ վստահ են զգում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Դե, ասացեք խնդրեմ, ո՞վ հիացմունքի պահեր չապրեց՝ իմանալով, որ Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունում այդ աստիճան համարձակ ու ինքնավստահ հանդես կգա 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, ով երկամարտի ցուցանիշով (պոկում եւ հրում) ցույց կտա 216 կգ արդյունք, համոզիչ առավելության կհասնի բոլոր մրցակիցների նկատմամբ, իսկ գլխավոր հակառակորդ, թրքուհի Սառա Ենիգունիին կգերազանցի 3 կգ-ով ու կհռչակվի աշխարհամասի չեմպիոն։ Ավելին, նույն պատվին կարժանանա նաեւ նրա թիմակից, 81 կգ քաշային Մարգարիտ Առաքելյանը՝ երկամարտում գրանցելով 202 կգ։

Իհարկե, հրաշալի հանդես եկան նաեւ մեր տղաները։ Հատկապես հաճելի էր հետեւել 81 կգ քաշայինների ճակատագրական մրցավեճին, որի մասնակիցներն էին մեր հայրենակիցները` 20-ամյա Կարեն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը։ Մինչեւ վճռական պահը դժվար էր գուշակել, թե պատվո պատվանդանի ամենավերին աստիճանը նրանցից ով բախտ կունենա զբաղեցնելու։ Այդ երանելի ճակատագրին արժանացավ Կարենը` 230 կգ արդյունքով։ Արծաթե մեդալը բաժին հասավ Սուրենին, ով ընդամենը 2 կգ-ով ետ մնաց չեմպիոնից։ Իսկ Հայաստանի օրհներգը հնչեց եւս վեց անգամ` ի պատիվ Գառնիկ Չոլակյանի (55 կգ քաշային կարգ, երկամարտի արդյունքը` 230 կգ), Գոռ Սահակյանի (67 կգ, ցուցանիշը` 301 կգ), 23-ամյա Ռաֆիկ Հարությունյանի (81 կգ, ցուցանիշը` 385 կգ), Կարեն Ավագյանի (89 կգ, ցուցանիշը` 360 կգ ), Արսեն Մարտիրոսյանի (109 կգ, ցուցանիշը` 383 կգ) եւ Վարազդատ Լալայանի (+109 կգ, ցուցանիշը` 447 կգ)։ Առանց վարանելու կարելի է ասել` մեր ծանրամարտում փոխարինողների հրաշալի սերունդ է աճում։

Ադելինա Պետրոսյան. 13-ամյա այս հասուն գեղասահորդուհու մասին «Հրապարակը» գրել էր դեռ անցյալ տարի, երբ նա Ռուսաստանի առաջնությունում իր արտասովոր ելույթով հիացմունք պատճառեց հանդիսականներին՝, արժանանալով արծաթե մրցանակի։ Հատկանշական է նաեւ այն, որ Ադելինան հանդես եկավ Արցախին նվիրված հնչյունների ներքո։ Իսկ լրագրողների այն հարցին, թե ինչու նա ընտրեց ազգային երաժշտությունը, հայ աղջիկը պատասխանեց․ «Որոշեցի ոգեշնչել, սատարել ժողովրդին, որի արյունն է հոսում իմ երակներում...»։ Իսկ օրերս էլ Լյուբլյանայում, որտեղ անցկացվեցին գեղասահքի Grand prix անունը կրող միջազգային մրցումները, Ադելինա Պետրոսյանն իր կատարումներով ուղղակի գերեց ներկաներին ու արժանացավ մենասահքերի հաղթողի պատվավոր կոչմանը։ Ադելինային էլ հաստատ լուսավոր ապագա է սպասվում։ Ի դեպ, չմոռանանք նաեւ մոսկվացի սուսերամարտիկ, Ռիոյի օլիմպիադայի (2016 թ.) կրկնակի չեմպիոնուհի (անհատական եւ թիմային) Յանա Եգորյանին։ Մայրանալուց հետո նա օրերս որոշեց վերադառնալ մեծ ասպարեզ, հետեւաբար` շարունակել հաղթարշավը։

Եվս մի հաճելի լուր ստացվեց Մոսկվայից։ Պարզվեց, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրի լավագույն խաղացող է ճանաչվել եւ հատուկ մրցանակի արժանացել «Կրասնոդար» թիմի երիտասարդ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաեւ Հայաստանի հավաքականի խաղացող է։ Այս ֆուտբոլիստի տեխնիկական բացառիկ ճարպկությունը, արագաշարժությունը, բարդ իրավիճակներում արագ ու անսխալ կողմնորոշվելու ունակությունները, հաշվենկատ փոխանցումներն ու հարվածները նպաստել են նրա արդյունավետության բարձրացմանը։ Այնպես որ, մեր հավաքականում Էդուարդը պետք է հաստատուն տեղ ունենա։ Անհրաժեշտ է նշել նաեւ, որ Հայաստանի գլխավոր թիմը շուտով համալրելու է եւս մի նորեկ` արգենտինահայ, այժմ ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» թիմում հանդես եկող 29- ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Հաճելի լուրեր ենք ակնկալում նաեւ առաջիկայում՝ նախ Օսլոյից, որտեղ արդեն ընթանում է ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը։ Իսկ բռնցքամարտիկներին հոկտեմբերի երկրորդ կեսին սպասվում է երկու ստուգատես` պատանիները Մոնտենեգրոյում վիճարկելու են Եվրոպայի, իսկ մեծահասակները` Բելգրադում աշխարհի առաջնությունը։ 
Սպասենք լավ լուրերի եւ նոր անունների բացահայտման։

Միսակ Նազարյան