Կինոգործիչները միության նախագահի պաշտոնում վերընտրեցին Հարություն Խաչատրյանին

Կինոգործիչները միության նախագահի պաշտոնում վերընտրեցին Հարություն Խաչատրյանին

Այսօր Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 15-րդ ժողովը: Օրակարգի գլխավոր թեման միության նախագահի ընտրությունն էր: Բայց մինչ այդ ներկայացվեց թե ինչ է արվել վերջին 4 տարիներին` Հ. Խաչատրյանի ընտրվելուց հետո: 

Միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը ներկայացրեց անցած 4 տարիների բովանդակային հաշվետվությունը, համաձայն որի անցած 4 տարիների ընթացքում կինոմիությունում ցուցադրվել է 356 ֆիլմ, կազմակերպվել է 53 հանդիպում` կինոզրույցներ, հոբելյաններ, անց է կացվել 6 կինոփառատոն, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 39.364 հանդիսական: Բացի այդ կազմավորվել են պրոֆեսիոնալ գիլդիաները, որոնց մրցանակաբաշխությունը վերջերս տեղի ունեցավ կինոյի տան մեծ դահլիճում: Վերանորոգվել է կինոյի տան դահլիճը, բացվել է Ազգային Սինեմատեք կինոթանգարանի առաջին հարկը: Միությունը նաեւ շուտով ձեռք կբերի բարձր որակի կինոտեխնիկա, որը հնարավորություն կտա ցուցադրել լավագույն ֆիլմերը բարձր որակով:  

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանն իր ելույթում նշեց, որ տպավորված է միության աշխատանքով, որն ի հեճուկս դժվար ժամանակների արել է մեծ գործ. «Աջակցում եմ Հարություն Խաչատրյանին, ոչ միայն որպես տանդավոր ռեժիսորի, այլեւ խոշոր մշակութային գործչի մեր իրականության մեջ, որ կարողանում է կենդանի պահել պրոցեսը»:    

Հ. Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիները բավականին դժվար տարիներ էին` քովիդ, պատերազմ, որոնք մեծապես ընդհատեցին կինո ընթացքը, բայցեւայնպես. «Կարծում եմ մենք նորից մեր մեջ ուժ գտանք վերականգնվելու եւ հասկանալու, որ կինեմատոգրաֆը շատ կարեւոր արվեստի ձեւ է, որ պետք է շարունակենք, պետք է ստեղծենք, ստեղծագործենք, ապրենք, ուրիշ ձեւ չկա»: 

Քանի որ այլ թեկնածուներ չկային միության նախագահի պաշտոնի համար, ընդհանուր համաձայնությամբ որոշվեց քվերակությունն անցկացնել բաց, որի արդյունքում միության նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Հ. Խաչատրյանը, ով իր խոսքում շնորհակալություն եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել բոլոր կիսատ մնացած գործերը. «Ինչու եմ շնորհակալ, որովհետեւ այնքան կիսատ գործ է մնացել, որ պետք է միասին շարունակենք աշխատանքը, շուտով կգա մեր տեխնիկան, կսկսենք զբաղվել շենքի ջեռուցման, օդափոխության հարցերով: Հույս ունեմ, որ կկարողանանք հաղթահարել միության հողատարածքի հետ կապված դժվարությունը, որն ուզում են մեր ձեռքից առնել, կարգի կբերենք Մալյանի անվան թատրոնը, որը չունի օդափոխության հնարավորություն եւ լավ տեխնիկա, էլի շատ գործեր կան անելու, որոնց շուրջ պետք է աշխատենք, որպեսզի դիմակայենք այս դժվարություններին»: