Անկեղծ զրույց Վահե Ղազարյանի, ԴԱՀԿ-ի և Նիկոլի հետ

Անկեղծ զրույց Վահե Ղազարյանի, ԴԱՀԿ-ի և Նիկոլի հետ

Ես հիմնավոր կասկածներ ունեմ այն մասին, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը «օրթախ» են գործում: Չգիտեմ, գուցե դա այդպես էլ պետք է լիներ, բայց ինչո՞ւ են նրանք այդքան անթափանց գործում: Եթե կարգն է այդպես, թող պարզ ասեն՝ մենք էլ իմանանք, այլապես տպավորություն է ստեղծվում, որ նրանք «պասերով» են խաղում. Վահե Ղազարյանը ՀՀ քաղաքացուն բռնում է խախտման վրա, տուգանք գրում, ապա պաս տալիս Արսեն Մնացականյանին, որ վերջինս էլ իր 5 հազար դրամը պոկի քաղաքացուց: Ծանո՞թ իրավիճակ է: Հենց հիմա ես այդ իրավիճակում եմ. Վահե Ղազարյանը պաս է տվել Արսեն Մնացականյանին, իսկ Արսեն Մնացականյանն էլ մտել է իմ բանկային հաշիվների մեջ և մի կլորիկ գումար սառեցրել: Ի դեպ՝ առանց իմ գիտության: Եվ հիմա ես պետք է գնամ ԴԱՀԿ, վճարեմ այդ կլորիկ տուգանքը, որպեսզի բանկը ապաշրջափակի իմ հաշվից սառեցված գումարը: Բանկի աղջկան հարցրի՝ Արսեն Մնացականյանը մի՞շտ է այդպես վարվում քաղաքացիների հետ, պատասխանեց կարճ՝ այո: Քաղաքացիները չե՞ն բողոքում: Բողոքում են, բայց կարգն է այդպես: ԴԱՀԿ-ը պատշաճ ձևով ծանուցում է քաղաքացուն տուգանքի մասին, իսկ երբ քաղաքացին դրանից հետո էլ չի վճարում, պարոն Մնացականյանը հրամայում է սառեցնել այդ քաղաքացու հաշվին առկա գումարները: Յաաա, բայց ես ԴԱՀԿ-ի պատշաճ ծանուցում չեմ ստացել, մենք նույնիսկ փոստի բաժանմունք չունենք: Դա արդեն ձեր պրոբլեմն է, հարգելի քաղաքացի…
Այսպես հուսահատ դուրս եկա ԴԱՀԿ-ից… ներողություն, բանկից և սկսեցի ինքս ինձ համոզել, որ պետք է ձեռ քաշեմ այդ կլորիկ գումարից: Արդարադատության գնդապետ Մնացականյանից հնարավո՞ր է կլորիկ գումար հետ ստանալ, երբ նա արդեն սառեցրել է այդ գումարը: Չեմ կարծում, ու դեռ չի եղել մեկը, որին հաջողված լինի դա: Ավելին, մարդկանց սեփական տներից են հանում ու նրանք տունն անգամ չեն կարողանում հետ ստանալ: Իսկ իմ դեպքում խոսքն ընդամենը մի կլորիկ գումարի մասին է, որ առանց իմ գիտության տարել են իմ բանկային հաշվից: Տարել՝ տարել են, թող իրենց լինի: Ոչ կգնամ, ոչ էլ կվճարեմ: Թող բռնագանձեն: Էդ էր մնացել, որ Էդիկ Անդրեասյանը համագործակցի նիկոլական իշխանությունների հետ: Ավելի լավ է՝ ես իմ գործով զբաղվեմ, դիցուք՝ այս երկու պաշտոնյաների՝ Վահե Ղազարյանի և Արսեն Մնացականյանի կերպարների համեմատական նկարագրությամբ:
Եվ ուրեմն՝ Վահե Ղազարյանը շատ ավելի համակրելի է, քան Արսեն Մնացականյանը: Վահե Ղազարյանն, ի տարբերություն Արսեն Մնացականյանի, ծածուկ չի գործում: Խախտում ես արել՝ սա քեզ ակտը, սա քեզ տեսանյութը, սա քո ավտոմեքենայի համարը, սա էլ քեզ այսքան ժամանակ, որ վճարես: Մեռնեմ օրենքին, ինչպես ասում են: Իսկ օրենքում, ինչպես գիտեք, գրված է, որ քաղաքացին իրավունք ունի բողոքարկելու անգամ Վահե Ղազարյանի որոշումը: Սակայն այստեղ մի նրբություն կա: Պետք է հաշվի առնել Վահե Ղազարյանի այդ պահի տրամադրությունը: Եթե նա առաջիկա շաբաթ օրը հարսանիքի քավոր է, այսինքն, բարձր տրամադրություն ունի և շատ փող, գուցե և բողոքդ հաշվի առնեն, խախտումդ ներեն, բայց Աստված մի արասցե, որ Վահե Ղազարյանը տրամադրություն չունեցավ կամ` բավական քանակությամբ փող: Մինչև վերջին կոճակդ կհանի վրայիցդ՝ բանի տեղ չդնելով քո բողոքն ու աղաղակը: Իսկ եթե շատ համը հանես, իսկույն պաս կտա ԴԱՀԿ-ին, իսկ այնտեղ անողոք Արսեն Մնացականյանն է, որ ոչ միայն Վահե Ղազարյանի հասանելիքը կպոկի քեզնից, այլև մի 5 հազարի չափով էլ կավելացնի տուգանքդ, որպեսզի կարողանա պարգևատրել իր աշխատողներին ու հավելավճարներ բաժանել: Ու դեռ լավ է, որ Արսեն Մնացականյանը Վահե Ղազարյանի նման հաճախակի չի գնում հարսանիք կամ քավոր չի կանգնում: Այլապես մի օր էլ կտեսնեինք, որ նա մեզնից պլոկած այդ 5 հազարանոցներն է շարում հարսի «դուռը բռնող» տղայի թրի վրա:
Իսկ հիմա կատակը մի կողմ, որովհետև դիմելու եմ ուղիղ Նիկոլ Փաշինյանին: Պարոն Փաշինյան, դու ասում էիր, որ ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, ճի՞շտ է: Շատ լավ: Դե հիմա շուռ արի ու այդ նույն բանն ասա Վահե Ղազարյանին ու Արսեն Մնացականյանին: Ասա, որ չի կարելի քաղաքացուն գնդակի նման պաս տալ միմյանց ու նրանից փող պլոկել: Եթե դու ասես, պարոն Փաշինյան, գուցե հասկանան: Գիտեմ, մի քիչ դժվար կլինի Արսեն Մնացականյանին բան հասկացնելը, քանզի նա արդարադատության համակարգից է, իսկ այնտեղ նախարար է մեկը, որ ժամանակին բարեկամական կապեր ուներ քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձրած նախկին իշխանությունների հետ: Բայց միանգամայն այլ է Վահե Ղազարյանի պարագան: Նա քո դասընկերն է, հնարավոր է՝ «ղայդին մարդ»: Ասա նրան, որ այլևս մեր տուգանքները պաս չտա ԴԱՀԿ-ին, ամոթ է, մենք իրեն այդքան հարգում ենք: Ու մեկ էլ՝ թող ուշադրություն դարձնի մեր բողոքարկումներին, որովհետև դրանք անտեսելը, մեղմ ասած, օրենքի խախտում է:
Ես մի պարզ օրինակ բերեմ հենց իմ կյանքից: Մեքենաս կանգնած է Աճառյան փողոցի 22 շենքի (դա մեր շենքն է) դիմաց՝ շարժիչը միացրած: Մարդու եմ սպասում: Կանգնած եմ առաջին շարքում՝ Աճառյանը երեք շարք ունի: Կանգառն արգելող ոչ մի նշան չկա: Ինձ նամակ էին գրել, թե երկրորդ շարքում ես կանգնել՝ 5 հազար տուգանք: Գնացի բողոքարկման: Ասում եմ` հո դուք գիժ չե՞ք, տղերք, մի հատ լավ հաշվեք: Հաշվում ենք միասին՝ մեկ, երկու, երեք… Երկու շարքն ազատ է, մնում է՝ մեկը՝ առաջինը: Թե բա՝ սա համարվում է երկրորդ շարք, որովհետև մյուս մեքենաները կանգնած են մայթին ուղղահայաց՝ հատուկ «գրպանիկներում»: Այո, ասում եմ, կանգնած են ուղղահայաց՝ սա Վաղոյի ավտոն է, սա Միքայելի, սա էլ՝ Շմավոնի: Այդ մեքենաները տարին 12 ամիս կանգնած են այդտեղ, չեն շահագործվում: Իմ հարևաններն են, ես գիտեմ: Էլ ասելու բան չգտան, լուսանկարը մեծացրին, մեծացրին ու ինչ-որ նշան գտան, որ նման էր «կանգառն արգելվում է» նշանի: Հիմա էլ թե՝ նշանին չես ենթարկվել: Այ ձեր ցավը տանեմ, նորից եմ ասում, սա մեր շենքն է, այստեղ ես տանն եմ, իսկ ձեր ցույց տված նշանը կապ չունի ինձ հետ, որովհետև այն տեղադրված է ճամփեզրից հեռու և չի կարող վերաբերել իմ կանգնած տեղին: Երեսիս են նայում՝ հոպար, բայց ի~նչ լեզու ունես… Մի խոսքով՝ տուգանքը մնաց, իսկ ես հասկացա, որ Վահե Ղազարյանն այդ պահին տրամադրություն չուներ: Եվ ուրեմն, պարոն Փաշինյան, մի անգամ էլ խոսիր դասընկերոջդ հետ, բացատրիր, որ ճանապարհային իրավիճակներն էլ իր տրամադրության պես փոփոխական են ու միշտ չէ, որ կարելի է վարորդին տուգանել ու պաս տալ ԴԱՀԿ-ին, թե` արդարադատություն ենք իրականացնում: