Playboy-ի լրագրողը դատի կտա Սպիտակ տանը 

Playboy-ի լրագրողը դատի կտա Սպիտակ տանը 

Playboy-ի լրագրող եւ CNN-ի քաղաքական վերլուծաբան Բրայան Քարեմը դատի է տալու Սպիտակ տանը՝ իր մշտական անցաթղթի վավերականությունը դադարեցնելու համար, որով նա կարողանում էր մուտք գործել եւ մասնակցել Սպիտակ տանը իրականացվող այն միջոցառումներին, որոնք բաց են մամուլի համար։ Այս մասին Քարեմը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ «Հենց նոր տեղեկացա Սպիտակ տանից, որ որոշում է կայացվել կասեցնել իմ անցաթղթի վավերականությունը երեսուն օրով։ Հիմա մենք կգնանք դատարան»,- ասված է լրագրողի գրառման մեջ։

Նշենք, որ Բրայան Քարեմի անցաթղթի վավերականության կասեցման խնդիրը ասպարեզ էր իջել դեռ օգոստոսի սկզբին։ Նա The Washington Post-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ պատճառը իր եւ Թրամփի նախկին օգնականներից Սեբաստյան Գորկայի միջեւ եղած վիճաբանությունն է եղել։ The Hollywood Reporter-ն էլ գրել էր, որ Քարեմը բողոքարկել էր իշխանությունների որոշումը, համապատասխան նամակ ուղարկելով Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշեմին, սակայն նրա նամակը մերժվել էր։