Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

Կրակել են Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ 

«Հունվարի 21-ին՝ ժամը 18։15-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նկատել է, որ դատարանի երկրորդ հարկի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, ապակիների արանքում առկա է կրակված գնդակ»,- նշեց Զարզանդ Գաբրիելյանը։

Նրա փոխանցմամբ՝ նշանակված է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ Տաթեւիկ Գրիգորյանն այն դատավորն է, որը քննել է Ժիրայր Սեֆիլյանի գործը ու նրան մեղավոր ճանաչել զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Ժ.Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրել առ այն, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայոց Ցեղասպանության օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներում։