Դիմում ենք ՌԴ ղեկավարությանը՝ չկրկնել 1921թ. ճակատագրական սխալը. հայտարարություն

Դիմում ենք ՌԴ ղեկավարությանը՝ չկրկնել 1921թ. ճակատագրական սխալը. հայտարարություն

Սկսվել է պատերազմ, որն արցախա-ադրբեջանականից տարածաշրջանայինի վերածվելու տեսանելի լիցքեր ունի: 100 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դրված է մեր ազգային լինելության խնդիրը. և սա չափազանցություն չէ: Հայ ժողովրդի և հայ պետականության համար նույնությամբ կրկնվում է 1920 թ. սեպտեմբեր-հոկտեմբերը, և որպեսզի նույնությամբ չկրկնվի նաև 1920 թ. դեկտեմբերի Ալեքսանդրապոլյան խայտառակ հանգուցալուծումն ու 1921թ. Կարսի հակահայ պայմանագիրը՝

1. Հայաստանի և Արցախի քաղաքացիներս ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտավոր ենք աներկբա ու անթերի ենթարկվել և կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի և ՀՀ Զինված ուժերի հրամանատարության հրահանգները:
2. ՀՀ իշխանությունները պարտավոր են սառեցնել խաղաղ պայմաններին հարիր ներպետական գործընթացները՝ դրանք տեղափոխելով ռազմական ժամանակների տրամաբանության մեջ:
3. Ռազմական դրության ղեկավարությանը հաստատակամորեն առաջարկում ենք թվային ժամանակների նոր տրամաբանության այս պատերազմում մտավոր ներուժի արդյունավետ համախմբման, դասակարգման և հասցեավորված կիրառման անհապաղ միջոցառումներ ձեռնարկել:
4. Թեև ներկա խառնակ ժամանակներում անիմաստ է հուսալ միջազգային հանրության արդարամիտ որևէ միջամտություն, այնուամենայնիվ, դիմում ենք ՆԱՏՕ-ին, որպեսզի տեսչական հսկողություն սահմանի թուրքական զինուժի նկատմամբ, ինչը զլացավ անել թուրք-ադրբեջանական վերջին «զորավարժությունների» ժամանակ:
5. Ընդունելով հանդերձ, որ ԱՄՆ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է առաջիկա նախագահական ընտրություններին, դիմում ենք մեր անկախությունից ի վեր Հայաստանի ջերմեռանդ բարեկամին՝ չմոռանալ Նախագահ Վիլսոնի ժամանակներից իր ստանձնած արդար պարտավորության մասին և ասել իր վճռորոշ խոսքը:
6. Ըմբռնումով մոտենալով մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ներկա դժվարին վիճակին՝ դիմում ենք ՌԴ ղեկավարությանը՝ չկրկնել 1921թ. ճակատագրական սխալը, որը ոչ միայն ներկա արյունալի պատերազմի պատճառն է, այլև հենց Ռուսաստանի կովկասյան քաղաքականության՝ ճգնաժամի մեջ հայտնվելու պատճառը. ակնկալում ենք, որ Ռուսաստանը կշտկի իր 100-ամյա սխալն ու կկատարի երկուստեք կենսական իր դաշնակցային պարտավորությունը:
7. Դիմում ենք Ադրբեջանի թալիշ և լեզգի ժողովուրդներին՝ հորդորելով ոչ միայն զենք չբարձրացնել տարածաշրջանում ժողովրդավարության տարածող և ջահակիր հայկական կողմի դեմ, այլև այդ զենքը, հանուն իրենց իսկ ազգային ազատագրության և ժողովրդավարության՝ շրջել ալիևյան կլանի և նրա հովանավոր թուրքական վարձկանների դեմ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն/
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն/