Իմ տպավորությամբ՝ երկու հավանական սցենար են դիտարկում որպես «հանգուցալուծում»

Իմ տպավորությամբ՝ երկու հավանական սցենար են դիտարկում որպես «հանգուցալուծում»

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

- ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված ԵՄ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանին երկամյա քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշման հետ։ Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կարձագանքի ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը։ ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը տարբեր ուժեր տարբեր կերպ են մեկնաբանում: Ի՞նչ եք մտածում Դուք:

- Ես կարծում եմ, նաև մեր աշխատանքից է կախված, թե ինչ արձագանքներ կստանանք Մոսկվայից կամ այլ մայրաքաղաքներից: Մեր երկիրը որևէ կերպ չպետք է դիտվի որպես հակասությունների դաշտ ՌԴ-ի ու ԵՄ–ի միջև: Դա մեզ միայն վնասելու է: ԵՄ–ն ընդամենը քաղաքացիական առաքելություն է ուղարկել՝ մշտադիտարկման նպատակով Հայաստան, ավելի ստույգ` սահմանամերձ շրջաններ: Նրանք իրավիճակի վերաբերյալ համապատասխան վերլուծություններն ու զեկույցներն ուղարկելու են ԵՄ համապատասխան կառույցներ: Սա գործիք է, որ որևէ մեկի մոտ հարց չառաջանա, թե որ կողմն է լարում իրավիճակը սահմանին և ինչ նպատակներով: Անհասկանալի է, թե ինչու այդ ամենը, ըստ ՌԴ ԱԳՆ–ի, պետք է համաձայնեցվեր Ադրբեջանի հետ: Եթե նրանք ուզում են ավելի պրոակտիվ լինել հարցերի լուծման հարցում, ապա թող առարկայական քայլեր ձեռնարկեն Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ: Մոտ 50 օր է, ինչ միջանցքը փակ է, և դրա անխափան գործունեության երաշխավորը նախևառաջ ռուսական կողմն է: Ուզում եմ ասել` նրանք ունեն լուրջ գործիքակազմ, տեղում ցույց տալու, որ կարող են խնդիրները լուծել: Որևէ իմաստ չկա խանդով վերաբերվել մի խումբ ԵՄ դիտորդներին, որոնք բացառապես քաղաքացիական առաքելությամբ են զբաղվելու: Այն ամենը, ինչ կարող է փոքր-ինչ զսպել Ադրբեջանին կամ կանխարգելել նոր էսկալացիաները, կարևոր է մեզ համար: Բայց նաև մենք պետք է նորմալ աշխատանք տանենք բոլոր կողմերի հետ՝ ավելորդ մեկնաբանություններից խուսափելու համար:

- Այն ի՞նչ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի վրա:

- Ադրբեջանը խիստ բացասական է վերաբերվում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգմանը: Դեռ անցած տարվա վերջին Ալիևը շատ բացասական էր արտահայտվում ԵՄ քաղաքացիական առաքելության ժամկետի երկարաձգման մասին խոսակցություններին: Հասկանալի է, թե ինչու: Դա բարդացնում է ագրեսիայի գնալու հնարավորությունները Ադրբեջանի համար, քանի որ հստակ կնշվի, թե ով է ագրեսորը: Ադրբեջանական մեդիա դաշտը իր հրապարակումներում փորձում է ԵՄ քաղաքացիական առաքելության ուղարկումը ներկայացնել որպես հակառուսական, հակաթուրքական և հակաիրանական ակցիա: Նրանց նյարդայնացնում է, թե ինչու Մոսկվան ու Թեհրանը կոշտ գնահատականներ չեն տալիս կամ չեն խոչընդոտում ԵՄ նման ակտիվությանը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ինտենսիվ դիվանագիտական աշխատանք են տանում նման արձագանքների հասնելու համար: Կարևոր է, որ հայկական կողմը ճիշտ կոմունիկացնի ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը Ռուսաստանի և Իրանի հետ՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Վստահ եմ, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է մեզ համար խնդիրներ ստեղծելու համար: 
Ուշագրավ է, որ Ադրբեջանը շատ ինտենսիվ համագործակցում է ԵՄ–ի հետ, բայց դա, չգիտես ինչու, իրենց համար հակառուսական կամ հակաիրանական չէ՞: Օրինակ, շուտով ԵՄ Էներգետիկ հարցերով պաշտոնյան կայցելի Բաքու: Հակաիրանական չէ՞ նաև Իսրայելի մուտքն ու դիրքավորումն Իրանի քթի տակ: ԵՄ քաղաքացիական առաքելության ուղարկման վերաբերյալ Ադրբեջանի նյարդային արձագանքները գալիս են փաստելու, որ նրանք նոր ագրեսիայի գնալու մտադրություններ ունեն և դա համարել են խանգարող հանգամանք:

- Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ: Իշխանություններն անգամ հարկ չեն համարում քայլեր ձեռնարկել: Ի՞նչ իրավիճակում է այս պահին Լաչինի միջանցքի բացման հարցը` Ըստ Ձեզ:

- Իրավիճակն իսկապես բարդ է: Ադրբեջանի վրա միջազգային ճնշումն ակնհայտորեն աճում է, բայց դեռևս չի հաջողվում հասնել միջանցքի բացմանը: Թեև իրենց ներքին դիսկուրսներում քննարկումներ կան, որ սա սխալ ակցիա էր և վնաս է տալիս Ադրբեջանի իմիջին: Այս գործողությունների արդյունքում Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց իր մտադրությունը՝ «ազատել» Արցախը հայերից, այսինքն՝ իրագործել էթնիկ զտման քաղաքականություն: Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ցույց է տալիս, որ իր պատկերացրած «խաղաղության» մեջ հայ չկա: Իրենք պատկերացնում են «խաղաղություն» ոչ թե հայերի հետ, այլ առանց հայերի: Ալիևի հավակնությունները Արցախով չեն սահմանափակվում, նա «Արևմտյան Ադրբեջան» է սկսել կոչել ՀՀ տարածքը՝ հանդես գալով անթաքույց ծավալապաշտական նկրտումներով: Այս ամենը պետք է հավուր պատշաճի օգտագործվի մեր դիվանագետների և քաղաքական ղեկավարության կողմից միջազգայինների հետ շփումներում: Ըստ իս՝ Ադրբեջանն օր-օրի ավելի նյարդային է դառնում միջազգային հանրությունից եկող արձագանքների վերաբերյալ: Իմ տպավորությամբ՝ երկու հավանական սցենար են դիտարկում որպես «հանգուցալուծում»: Կամ փորձելու են Արցախի ներսից դժգոհություն առաջացնել: Օրինակ՝ պատահական չէ, որ իրենց բոլոր քարոզչական հոդվածներում գրում են, թե իբրև մեղավորը Ռուբեն Վարդանյանն է, ով դիմադրության կոչ է անում: Բնական է, որ դիմադրության ցանկացած կոչ բարկացնում է Բաքվին, խաթարում իրենց պլանները: Այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ իրենք նման ազդեցություն ունեն Արցախի ներքին տրամադրությունների վրա: Բայց իրենք փորձում են շանտաժի միջոցով դրդել ռուսական կողմին` ճնշում գործադրել Արցախի իշխանությունների վրա՝ գնալ զիջումների: Մյուս տարբերակը  որևէ ռազմական գործողության գնալն է: Թեև դա ավելի կբարդացնի Բաքվի վիճակը: Բայց Ալիևն ուզում է արագ «փակել» հարցը, նա չէր նախատեսում, որ Արցախում որոշում կկայացվի` չընդունել Բաքվի պայմանները և դիմանալ այս բարդ փորձություններին: Իմ համոզմամբ, մենք պետք է ինտենսիվ աշխատենք պատժամիջոցների հասնելու ուղղությամբ, կամ պետք է բացվի օդային հումանիտար միջանցք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Բաքվում հասկանան՝ գնալ ռազմական ճանապարհով` դառնալու է գլխացավանք և մեծ արկածախնդրություն: