Մեզ համար կարևոր է, որ ՔՊ-ն, ինչպես մյուս համայնքներում, ստիպողաբար հասավ հաջողության, Գյումրիում չկարողանա

Չնայած նստաշրջանների հանգստյան փուլն է, այնուամենայնիվ, Հանրապետության երկրորդ քաղաքում շիկացած մթնոլորտ է: Քաղաքական ուժերը, որոնք քաղաքային իշխանությունն են ձևավորում, տարատեսակ վայրիվերումների, վերադասավորումների մեջ են: «Բալասանյան դաշինք»-ի ներսում խմորումներ են, իսկ ՔՊ-ականները ավագանու որոշ անդամներից ազատվեցին՝ մանդատներ շնորհելով նորերին: Hraparak.am-ը զրուցեց Գյումրի համայնքի ընդդիմադիր ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի հետ:
-Պարոն Միրզոյան, ի՞նչ է կատարվում Գյումրիում: 5 ՔՊ-ական ավագանու անդամի լիազորություն դադարեցվեց, փոխարենը նոր դեմքեր՝ լրագրող , մարզպետի, նախկին ՔՊ-ական փոխքաղաքապետի օգնականներ, գործարար եւ այլն, մանդատ ստացան: Ինչպես իրենք ասացին՝ վերադասավորումներ են անում : Խորհրդարանական նոր ընտրությունների են պատրաստվո՞ւմ :
-ՔՊ-ի փոփոխություններին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում․ դա իրենց ներքին խնդիրն է, այսինքն՝ չէի ցանկանա որևէ կերպ անդրադառնալ իրենց , քանի որ, մեծ հաշվով, մեզ չի էլ հետաքրքրում: Եւ ճիշտ կլիներ, որ իրենք մեկնաբանեին, թե ինչ վերադասավորումներ են անում, ինչ նպատակով:
-Ի՞նչ կասեք «Բալասանյան դաշինք»-ի շուրջ պտտվող խոսակցությունների մասին: Լուրեր են պտտվում, որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով դաշինքի իրական տերն է, մտադրվել է ներկայիս քաղաքապետին փոխարինել փոխքաղաքապետով, որն իր զարմուհին է : Սա՞ էլ է քաղաքական քայլ:
-Ճիշտն ասած, մենք այս պահին նման ինֆորմացիա չունենք, եւ միայն մամուլում շրջանառվող տեղեկություններ են, որ կան: Բայց ես կարծում եմ, որ խորը հաշվով հիմա նման գործողություններ իրականացնելու կարիք էլ չկա: Եւ ավելի ճիշտ կլիներ, որ այդ տեղեկությունների մասով հենց «Բալասանյան դաշինք»-ը մեկնաբանությամբ հանդես գար :
-Իսկ այս վերադասավորումների ֆոնին Ձեր խմբակցության՝ ՀՀԿ -ի ներսում առաջիկայում փոփոխություններ սպասվո՞ւմ են:
-ՀՀԿ-ն իր դիրքորոշումը մշտապես հայտնել է, որ ոչ մի կերպ համագործակցություն չի տեսնում իշխող կուսակցության՝ ՔՊ-ի հետ: Մենք արմատական ընդդիմության դիրքերից ենք հանդես գալիս եւ մեզ համար կարևոր է քաղաքի շահը: Այն առումով, որ Գյումրի համայնքում լինի անցնցում իրավիճակ, եւ ՔՊ-ն, ինչպես մյուս համայնքներում ստիպողաբար, ուժի սպառնալիքվ կարողացավ հաջողության հասնել, Գյումրիում չկարողանա նմանատիպ հաջողությունների հասնել : Ինչ վերաբերում է մարզում ՀՀԿ-ի վերադասավորումներին, մենք դրա կարիքն այս պահին չունենք, մեր ողջ թիմով թե Գյումրիում, թե մարզում ակտիվորեն զբաղվում ենք եւ կուսակցական եւ քաղաքական հարցերով՝ գործելով ի շահ համայնքի:
Կարծիքներ