Դրոշների բարձրացում ի հակադրություն Ադրբեջանին և ի հավերժություն Արցախի (տեսանյութ)

Դրոշների բարձրացում ի հակադրություն Ադրբեջանին և ի հավերժություն Արցախի (տեսանյութ)

Այսօր Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ և Արցախի Գրիգոր Նարեկացի Համալսարանի հետ համագործակցությամբ՝ համալսարանի բակում բարձրացվեց Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական դրոշները։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը և «Վերնատուն» կենտրոնի ղեկավար Արշակ Աբրահամյանը։  

Արշակ Աբրահամյանն իր ելույթում նշեց, որ սրանով սկիզբ է դրվում շարժման, որը տարածվելու է ողջ Արցախի կրթօջախներում և հավելեց, որ դրոշները բարձրացվելու են նաև Արցախի շրջաներում և համայնքներում՝ ի հակադրություն Ադրբեջանի քարոզչամեքենայի։

«Սրանով Արցախի երիտասարդությունը հստակ ուղերձ է հղում Ադրբեջանին ու միջազգային հանրությանը, որ մենք պայքարելու ենք Արցախի հայկական լինելու համար։ Օգտվելով առիթից ուզում եմ կոչ անել Արցախի երիտասարդությանը, որպեսզի միանան հանուն պետականության պայքարին։ 30 տարի առաջ ավագ սերունդը եղել է նույն մեր տարիքի և նրանք պայքարել են ու սկիզբ է առել արցախյան ազատագրական շարժումը»- իր ելույթում նշեց Աբրահամյանը

Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, գրող Վարդան Հակոբյանն իր ելույթում ասաց.

«Վերջին շրջանում շատ վատ ժամանակներ ենք ապրում, տխուր ժամանակներ։ Մենք այն ժողովուրդն ենք, որ զոհեր է տվել 5000֊ից ավել և պարտավոր ենք այդ զոհերի հիշատակը բարձր պահել։ Այս ամենի մեջ կա խորհուրդ, մենք բարձրացնելով այս դրոշները, միաժամանակ ամրագրում ենք միասնությունը Հայաստանի և Արցախի, որովհետև մենք նույն ժողովուրդն ենք, երկու տարբեր պետություններ։ Մեր դրոշը փողփողալով Գրգոր Նարեկացի համալսարանի դիմաց՝ խորհրդանշում է մեր լինելիությունը, մեր հավերժությունը։ Մշտապես հավատարիմ մնանք մեր ազգային ոգուն, մեր լինելիությանը, Արցախի հավերժությանը։ Սա պայքար է և այս պայքարի մեջ դրոշի բարձրացումը խորհրդանշում է նաև Արցախի հաղթանակը։ Մենք պիտի հաղթենք։ Մենք պիտի ապրենք և հաղթենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: