Քրեական օրենսգիրքը նրանց արարքի համար նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում․ Նարեկ Մալյան

Քրեական օրենսգիրքը նրանց արարքի համար նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում․ Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հաջորդ դատականը նշանակվեց 2020 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 13։30-ին։ 

«Հարցը տեխնիկական է. երբ ամբաստանյալներից մեկը չի ստանում մեղադրական եզրակացությունը, դատավորը պարտավոր է հետաձգել դատական նիստը։ Սպասենք գործի ընթացքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ 

Նարեկ Մալյանի խոսքով՝ դատարանից իր ակնկալինքերն օրենքի շրջանակներում են, իսկ հաշտության եզրեր չի փնտրում․ «Քրեական օրենսգիրքը նրանց արարքի համար նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում։ Ինչպես դատարանը կորոշի։ Հուսով եմ՝ իրենք իրենց պատիժը կստանան իրավական դաշտում, այսինքն՝ կարիք չի լինի իրավական դաշտից դուրս պատիժներ կիրառել»։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Պետրոսյանը նախնական համաձայնության գալով Յուրի Արայիկի Ավագյանի, Հրաչյա Դավիթի Խլղաթյանի, Արամայիս Լիպարիտի Պետրոսյանի, Գարիկ Գրիշայի Միսակյանի և Դավիթ Գագիկի Սիմոնյանի հետ, խմբի կազմում, 2019թ. մարտի 4-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում բռնություն գործադրելով` փորձել է բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: