ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն ի վերջո հաղթեցին, Պերեսը ստիպված նահանջում է

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն ի վերջո հաղթեցին, Պերեսը ստիպված նահանջում է

Ինչպես գրում են անգլիական հեղինակավոր մարզական պարբերականները՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբները որոշել են լքել Եվրոպայի Սուպերլիգան բրիտանական կառավարության ճնշման ներքո: Ըստ տարբեր հրապարակումների՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան  նախազգուշացրել է «Մանչեսթեր Սիթիին», «Լիվերպուլին», «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին», «Արսենալին» ու «Տոտենհեմին», որ իրենց սպառնում է հեռացում  ազգային բոլոր  մրցաշարերից, եթե  նրանք որոշեն մասնակցել Սուպերլիգային։

 Ասում են՝ Միացյալ Թագավորության կառավարությունը կարևոր դեր է խաղացել ակումբների՝ նոր մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու որոշման մեջ, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՖԱ-ին՝ օրենսդրության համապատասխան փոփոխություններով: Շրջանառբող լուրերի համաձայն՝  ՈւԵՖԱ-ն էլ իր հերթին է խոշոր գումարներ առաջարկել անգլիական ակումբներին՝ Սուպերլիգային միանալու գաղափարից հետ կանգնելու համար։ Իրադարձությունների նման զարգացումներից հետո ժամեր առաջ էլ Եվրոպական Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածել, որով հայտնում են ծրագրի կասեցման մասին։ Թեպետ և «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, ով Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնողներից է, պնդում է՝ դեռ ամեն ինչ վերջացած չէ, իրենք անելու են հնարավոր ամեն բան, որպեսզի եվրոպական նոր մրցաշարը կյանքի կոչվի։

«Ակումբների միջև արյան դաշնագիր է կնքվել, մենք շարունակում ենք առաջ շարժվել: Այս նախագիծն ունի 100 տոկոսանոց  հաջողություն։

Իհարկե, ես ակնկալում էի հենց այդպիսի արձագանք, և կարծում եմ, որ այն կարող է շարունակվել ևս մի քանի շաբաթ: Բանակցությունները պետք է սկսվեն: Ֆուտբոլն այլևս խաղ չէ, դա բիզնեսի ոլորտ է և ամենից շատ կայունության կարիք ունի: Եվ ներքին մակարդակով նույնպես: Եվրոպայում ամենաթանկ հանդիպումն արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չէ, այլ Անգլիայի առաջին դիվիզիոնի փլեյ-օֆֆը Պրեմիեր լիգայի ուղեգրի համար՝ 150 միլիոն: Սա կայունություն չէ:Մեզ պետք են երկաթյա տնտեսական և ֆինանսական կանոններ, որոնք նման են Սուպերլիգայում հաստատված կանոններին: Սուպերլիգան, այնուամենայնիվ, կշարունակի գործել: Եթե ​​ՈւԵՖԱ-ն հանդես գա առաջարկներով, մենք դրանք կքննարկենք: Մենքնաև նոր նամակ ենք գրել  ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներին՝ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Յուվեի նախագահը։

Ժամեր առաջ էլ Միլանի «Ինտերն» է հայտարարություն տարածել Սուպերլիգային միանալու գաղափարից հետ կանգնելու որոշման մասին, այսպիսով միայն «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտուսն» ու «Միլանը» դեռ չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին։