Տնտեսական աճի փուչիկը
Նախօրեին ՊԵԿ-ը հրապարակեց 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որտեղ առաջին հնգյակի երկու ընկերությունները ոչինչ չեն արտադրում` ընդամենը վերաարտահանող են։
Առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հաջորդում է Մոբայլ Սենթր Արթ-ը, իսկ հնգյակը եզրափակում է «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն, որը հանրությանը հայտնի VESTA-ն է։ Երկու ընկերությունն էլ տեխնիկա ներմուծող, վաճառող եւ վերաարտահանող են։ Մոբայլ Սենթր Արթ-ն ավելի քան 49 մլրդ դրամ է մուտք արել բյուջե։ Իսկ «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA)՝ մոտ 28 մլրդ դրամ։ Այս պատկերը փաստում է, որ Հայաստանի տնտեսության աճը շարունակում է կախված լինել հիմնականում Ռուսաստան ապրանքների վերաարտահանումից, ինչը տնտեսության համար լավ ցուցիչ չէ։
Ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր Հայաստանի տնտեսության աճի մեջ իր ուրույն տեղն ունի Ռուսաստան ու ԱՄԷ վերաարտահանման ծավալների հաշվին արձանագրվող ցուցանիշը, ինչը, սակայն, ժամանակավոր է ու, ըստ մասնագետների, արդեն իսկ նվազման միտում է ցույց տալիս։ Սա նշանակում է, որ երկնիշ տնտեսական աճի մասին իշխանությունների փչած փուչիկը մոտ է պայթելուն, եթե արդեն չի պայթել։ Գաղտնիք չէ, որ արտաքին գործոնների ազդեցության հետեւանքով ստեղծված հնարավորությունն իշխանությունը փորձում է իրեն վերագրել՝ տնտեսական աճի մասին հեքիաթներով, բայց թվերի հետեւում պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ ՀՀ տնտեսության արտահանման առյուծի բաժինը հենց վերաարտահանումն է կազմում, ընկերությունները երրորդ երկրներից ապրանքներ են վերաարտահանում ԵԱՏՄ շուկա եւ հատկապես՝ Ռուսաստան, որը պատժամիջոցների տակ է, բայց պատկերը, ըստ մեր զրուցակցի, որոշակիորեն փոխվում է, ու սա էլ պայմանավորված է արտաքին գործոններով, առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական, ապա՝ նաեւ սանկցիոն ռեժիմին ռուսական շուկայի ադապտացվելու։
«Հատկապես Չինաստանից, Հնդկաստանից, արաբական երկրներից Ռուսաստանը փոխարինող ապրանքներ է ներկրում, մեր տարածաշրջանում նկատվում է Ռուսաստան-Վրաստան տնտեսական աշխուժացում, Վրաստանը, ունենալով ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ, անկախ դրանից՝ կարողանում է իր տնտեսական շահերին ծառայեցնել իրավիճակը, եւ փաստ է, որ, օրինակ, այս տարի, հատկապես տարվա երկրորդ եռամսյակում, էապես ավելի բարձր տնտեսական աճ է ապահովել, քան Հայաստանում, եւ դա՝ ի հաշիվ ՌԴ-ի հետ տնտեսական փոխգործակցության։ Այսինքն՝ նույնիսկ այն գործոնները, որոնք կային ու ծառայում էին երկրի առաջանցիկ տնտեսական զարգացմանը նախորդ 2-2,5 տարիներին, ցավոք, թուլանում են, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները չեն կարողացել կապիտալիզացնել դա»,- «Հրապարակ»-ին ասում է Թադեւոս Ավետիսյանը։
Ըստ պատգամավորի, իհարկե, տնտեսությունն արտաքին գործոնների ազդեցության կարճաժամկետ էֆեկտը զգացել է, երկիրն ունեցել է բարձր տնտեսական աճ, որի հետ իշխանություններն աղերս չեն ունեցել, քանի որ այդ աճի ⅔-ը բաժին է ընկել հենց վերաարտահանմանը։ Նախորդ տարի տնտեսական աճը 12,6 տոկոս է եղել, այս տարվա առաջին եռամսյակին՝ 14 տոկոս, բայց այս միտումը նվազում է, վերջին ցուցանիշը շուրջ 5,5 տոկոս է։
«Հաջորդ տարվա համար այս իշխանությունները նախանշել են ընդամենը 5,5 տոկոս, որովհետեւ նպաստավոր գործոնը բացառապես արտաքին էր, պատահակա՞ն է` էֆեկտը ստացանք, բայց այն չկապիտալիզացվեց, ու երկարաժամկետ աճի հիմքեր չստեղծվեցին։ Արդեն այս տարվա երկրորդ կեսին ուղիղ երկու անգամ նվազել է երկնիշ տնտեսական աճը, իսկ հաջորդ տարվա բյուջեի համար շատ չափավոր ցուցանիշ են դրել, եւ նույնիսկ իրենք են ասում, որ այն ապահովելը բարդ է լինելու»,- ասում է Ավետիսյանը։
Այս ամենի հետեւանքով Հայաստանի բարձր տնտեսական կախվածությունը ՌԴ տնտեսությունից էլ ավելի է մեծացել՝ արտաքին առեւտրաշրջանառության մեջ այս իշխանության օրոք վերջին երեք տարիներին Ռուսաստանի տեսակարար կշիռն էապես ավելացել է, ավելացել է այդ երկրի մասնաբաժինն օտարերկրյա ներդրումների կառուցվածքում։ Ստեղծված իրավիճակում խոսել տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, իհարկե, պոպուլիզմ է։
Թադեւոս Ավետիսյանը հիշեցնում է՝ դրա հետեւանքն արտահանողն ու գյուղացին են զգում, նույն պատկերն ավտոմեքենաների վերաարտահանման ոլորտում նկատվեց, որը փաստացի դադարեցվեց, ու հազարավոր տնտեսվարողներ, որոնք ուղղակի ինքնազբաղվածության ու օրվա հացի հարց էին լուծում, խնդրի առաջ կանգնեցին։ «Երբ նայում ենք տնտեսության կառուցվածքը, աճի հիմնական շարժիչ ուժը պահանջարկով դրդված է եղել, այսինքն՝ առեւտուր եւ ծառայությունների ոլորտ, ինչպես նաեւ՝ շինարարության փուչիկը։ Սա էլ ոչ միայն վերաարտահանման, այլեւ կրկին ՌԴ քաղաքացիների հոսքի հետեւանքով սպառողական շուկայի շեշտակի աճի հաշվին էր, ինչն այլեւս նկատելի չէ, իսկ սրան զուգահեռ, մեր գյուղատնտեսության ոլորտը գտնվել է ազատ անկման մեջ, արդյունաբերության ոլորտը գրեթե զրոյական աճ է ունեցել, բացի ոսկու բումից, երբ ռուսական ոսկին Հայաստանի միջոցով արտահանվում էր ԱՄԷ»,-բացատրում է Թադեւոս Ավետիսյանը՝ շեշտելով, որ ստացվում է՝ տնտեսության իրական հատվածը զրոյականին մոտ աճ ունի։
Տնտեսագետը ստեղծված իրավիճակի հետեւանք է համարում այն, որ այս տարվա առաջին կիսամյակում շուրջ 10 տոկոսով թերակատարվեց բյուջեի եկամուտների հավաքագրումը, իսկ շուրջ 12 տոկոսով թերակատարվեց պետական բյուջեի ծախսերի կատարումը։ ՀՀ քաղաքացին զգացե՞լ է կամ զգո՞ւմ է իր կենսամակարդակի վրա վերաարտահանմամբ պայմանավորված տնտեսական աճը։ Պատասխանը «ոչ» է։ ՀՀ քաղաքացին այդ թվերն իր մաշկի, իսկ ավելի կոնկրետ՝ դրամապանակի վրա կզգար, եթե կենսաթոշակը, նպաստներն ու նվազագույն աշխատավարձը բարձրանային, բայց միջինը 12 տոկոսանոց տնտեսական աճի պայմաններում սոցիալական ոլորտում նման փոփոխություններ տեղի չեն ունեցել։
Իշխանությունը ձախողում ունի նաեւ ենթակառուցվածքային ծրագրերում։ Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ հաջորդ իշխանությունների օրոք բացահայտման ենթակա են լինելու, թե միջոցներն այստեղ ինչպես են փոշիանում։ «Ես վստահ եմ, որ մենք այդ մեծ, աղմկահարույց բացահայտումների ականատեսը լինելու ենք։ Օրինակներն արդեն կան՝ ԱՆԻՖ-ի օրինակը, երբ պետբյուջեից տասնյակ միլիարդավոր դրամներ փոշիացվեցին։ Եվ, վերջապես, մենք նաեւ պետք է դիտարկենք, թե տնտեսական աշխատատար ոլորտներն ու փոքր եւ միջին բիզնեսն ինչպես են զարգանում։ Այստեղ էլ հակառակ պրոցեսն է՝ իշխանությունները հասկանում են, որ հարկային եկամուտները չեն կարողանալու ապահովել, եւ հարկային տեռորի սլաքն ուղղել են դեպի փոքր ու միջին բիզնեսը»,- ահազանգում է Թադեւոս Ավետիսյանն ու հարցնում՝ ինչպե՞ս լավ ապրի աշխատող աղքատը, երբ իր հարկային բեռը չի թեթեւանում, իսկ եկամուտները համարժեք չեն աճում։
Միլիարդավոր դոլարների վերաարտահանման շահույթը մի քանի տնտեսվարողների միջեւ է բաշխվում, ինչը, ըստ մեր զրուցակցի, առանց իշխանական «տանիքների» չի կարող լինել։ «Որեւէ մեկը կարո՞ղ է ասել՝ ռուսական ոսկին ԱՄԷ տանելն ինչպես ազդեց մեր շրջապատում ապրող մարդու կենսապայմանների վրա։ Բնականաբար, որեւէ կերպ ազդել չէր կարող։ Երբ վիճակագրությունը նայում ենք, հեռախոսների արտահանման եւ ներմուծման թվերը պատիկներով չեն բռնում, եւ ակնհայտ է, որ ոլորտում մեծածավալ ստվեր կա, ու այստեղ բարձրաստիճան չինովնիկների ձեռքը խառն է»,- ասում է Ավետիսյանը։
Կարծիքներ