Շատ ցավում եմ, բայց պետք է հաստիքների վերանայում անենք. «Ցայգ» ՀԸ տնօրեն

Շատ ցավում եմ, բայց պետք է հաստիքների վերանայում անենք. «Ցայգ» ՀԸ տնօրեն

Համավարակի հետևանքով տնտեսության և դրա ոլորտների առջև ծառացած մի շարք խնդիրներ այսօր հրատապ լուծումներ են պահանջում: Գործատուներից շատերն իրենց համար բարդ որոշումներ կայացնելու խնդրի առջև են կանգնած: Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության աշխատակիցների համար նույնպես դժվարին օրեր են: Հեռուստաընկերությունն այս օրերին ապահովել է ամենօրյա անխափան եթերը, իսկ թե ինչ գնով՝ միայն իրենք գիտեն: «Շատ ցավում եմ, բայց պիտի ասեմ, որ ես հիմա ստիպված եմ  կրճատումներ անել, պետք է հաստիքների վերանայում անենք, այլ ելք չունենք»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը:

Նրա խոսքերով՝ պետության կողմից որևէ աջակցություն հեռուստաընկերությանը չի տրամադրվել: «Միգուցե, երևանյան լրատվամիջոցները սնուցման որևէ աղբյուր ունեն, չեմ կարող հստակ ասել, բայց, այ, մարզերում՝ կոնկրետ մեզ մոտ, այլ  է. պետության կողմից սուբսիդավորում չեղավ, բոլոր տեսակի գովազդները հանվել են, ու հիմա պատկերացրեք, որ այդ պայմաններում մենք շարունակում ենք աշխատել եւ նույնիսկ այս ընթացքում՝  հեռուստադիտողին չհիասթափեցնելու նպատակով, ստեղծեցինք կրթական մի հաղորդաշար, որը թողարկվում է ամենօրյա ուղիղ հեռարձակմամբ: Քաղաքի լավագույն դպրոցների մասնագետները հեռավար ուսուցում են անցկացնում երեխաների համար: Դատելով յութուբյան դիտումներից՝ կարող ենք ասել, որ հաղորդաշարի հետևորդների թիվը քիչ չէ»:

Անդրադառնալով հաստիքների կրճատմանը՝ տիկին Մինասյանը նշեց. «Հեռավար աշխատանքի հետևանքով պետք է գնանք դրան: Աշխատողներ ունեմ, ովքեր մարզի գյուղերից են գալիս աշխատանքի, այս օրերին տրանսպորտի բացակայության պատճառով չեն կարողանում աշխատանքի գալ, 2 ամիս է՝ աշխատանքի չեն եկել: Ունեմ աշխատողներ, որոնք չեն աշխատել այս ընթացքում: Մտածում եմ՝ գոնե այդ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվեն: Ինձ համար ամենաբարդը հենց այդ որոշումը կայացնելն է լինելու: Այստեղ երկու հանգամանք կա՝ բիզնեսի կանոնները եւ մարդկային: Մենք 29 տարի մի ընտանիքի նման ենք եղել, ինձ համար յուրաքանչյուր աշխատող առանձնահատուկ է: Միակ բանը, որ ինձ մի փոքր ուրախացնում է, այն է, որ հեռուստաընկերությունը պարտքեր չի կուտակել եւ աշխատողներին էլ կարողացել է վարձատրել»: