Ամուլսարի վրա սեւեռվել են, մյուս հանքերը մոռացել 

Ամուլսարի վրա սեւեռվել են, մյուս հանքերը մոռացել 

«911» ծառայությունը հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին տեղեկություն է հաղորդել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է՝ սպիտակել է։ Պարզվեց, որ Ողջի գետը լցվածը թույն է, որը գետն է լցվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի խողովակից։

ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Hraparak.am-ին հայտնեց, որ վնասվել է ոչ թե պոչամբարը, այլ պոչամբարի խողովակը, որն ԱԻՆ աշխատակիցների կողմից մոնտաժվել-հանվել է։ Թե ինչու է խողովակը հայտնվել վթարային վիճակում, բնականաբար, պետք է պատասխանեն կոմբինատից, սակայն ո՛չ տնօրեն Պոլոսովը, ո՛չ նրա տեղակալը և ո՛չ էլ գլխավոր ինժեներն առայժմ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Հայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ մի շարք գետերից ջրառ կատարելու թույլտվություն ստանալու համար, որպեսզի ապահովի տարեկան 68,84 միլիոն խմ ջրապահանջը: Ընկերությունը ցանկանում է Ողջի գետից վերցնել 1300 լ/վ, Սակքար գետից՝ 170 լ/վ, Փուխրուտ գետից՝ 50 լ/վ, Ձագեձոր գետից՝ 80 լ/վ, Գեղի գետից՝ 380 լ/վ և Գեղի գետի ջրամբարից՝ 370 լ/վ ջուր:

Հայկական բնապահպանական ճակատը ծանոթացել է այդ հայտին և նախագծին, մասնակցել քննարկմանն ու նախարարություն է ներկայացրել որոշ դիտողություններ և առաջարկություններ։

Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է Ողջի գետը Քաջարան քաղաքի տարածքում՝ ԶՊՄԿ-ի ջրառից հետո ընկած հատվածում։ Ինչպես տեսնում եք, գետը գրեթե ամբողջովին ջրազրկված է, ինչն այս ընկերության ունեցած նախկին ջրօգտագործման թույլտվության պայմանների կոպիտ խախտում է։ Ցավոք, տարվա ջրասակավ ժամանակաշրջանում, որը տևում է 7-8 ամիս, այս պատկերին գրեթե միշտ է կարելի ականատես լինել Ողջի գետի այս հատվածում։

Համացանցում արդեն հայտնվել են ամբողջովին սպիտակած գետի լուսանկարներ։
Կատարված դեպքը ցույց է տալիս, որ պոչամբարների կառավարելի ռիսկեր գոյություն չունեն։ Իսկ կառավարությունն Ամուլսարի հարցում, փաստորեն, երաշխավորում է, որ կառավարելու է։ Այսպե՞ս։