Գեւորգյանը հակասու՞մ է Փաշինյանին

Գեւորգյանը հակասու՞մ է Փաշինյանին

Համաճարակի բռնկվելուն պես բացվեց որոշ գործարարների ախորժակը, եւ նրանք սկսեցին պահն օգտագործել՝ ավելի հարստանալու համար՝ կտրուկ բարձրացան ալյուրի եւ պարենային շատ ապրանքների գները: Դրան «Հրապարակն» անդրադարձել է բազմիցս: 

ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանի՝ որոշ ապրանքատեսակների գների անտրամաբանական բարձրացման հետ կապված հարցին ի պատասխան Փաշինյանն ասել էր. «Գինը առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցություն է, եւ շատ դեպքերում մենք մեր վարքագծով ենք շուկայի գինը ձեւավորում․․. Եթե իմ խանութում կա 5 բաժակ, ու այդ 5 բաժակի հետեւից եկել է 100 հոգի, տրամաբանական է, որ գինը 100 անգամ կավելանա, իսկ եթե ունեմ 5 բաժակ, որի հետեւից եկել է 4 հոգի, տրամաբանական է, որ գինը չի փոխվի։ Ես արդարացված ասելով՝ դա նկատի ունեմ»: Այսինքն, վարչապետը գների բարձրացումը կապեց սպառողների խուճապային գնումների, ապրանքների լայն սպառման հետ: Իսկ օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը խոսել էր թանկացումների եւ դրա առնչությամբ հանձնաժողովի կատարած քայլերի մասին: Հիշեցնենք, որ օրաթերթը պատկանում է վարչապետի ընտանիքին, եւ կարելի է ասել, որ այնտեղ պատահական ոչինչ չի տպվում: Այն անմիջականորեն վարչապետի խոսափողն է, եւ անցանկալի անձինք չեն կարող այնտեղ անցանկալի բաներ ասել: Նույնը կարելի է ասել ՏՄՊՊՀ նախագահի հարցազրույցի մասին: Պարզապես, զարմանալիորեն, ՏՄՊՊՀ նախագահը հնչեցրել է կարծիքներ, որոնք հակասում են վարչապետի ասածներին: 

Նախ՝ Գեւորգյանը լղոզված պատասխան է տվել կոնկրետ ապրանքատեսակների գների բարձրացման վերաբերյալ. «Մի շարք ապրանքատեսակների գների դիտարկում ենք իրականացնում ամեն օր՝ հաց, շաքարավազ, թթվասեր, կարագ, պանիր, կաթ, մածուն, կաթնաշոռ, խտացրած կաթ, հավի միս, ձու, ձեթ, մակարոն, բրինձ, ձավար, ոսպ, հնդկաձավար, ոլոռ, ալյուր, ձիթապտուղ, սուրճ, թեյ, միս, երշիկ, նրբերշիկ, ձուկ, ադամաթուզ, ծխախոտ, խնձոր, նարինջ, մանդարին, կիվի, կարտոֆիլ, լոլիկ, ռուսական վարունգ, բիբար, կոճապղպեղ եւ այլն։ Տեղեկատվություն է ստացվում, որ, օրինակ, առեւտրային ցանցում գնի բարձրացում է տեղի ունեցել: Մատակարարից ճշտում ենք՝ եթե գինը բարձրացրել է, սկսում ենք մատակարարի փաստաթղթերն ուսումնասիրել։ Իսկ բանջարեղենի առումով, քանի որ գյուղատնտեսական ապրանք է, եւ խաղացողների քանակը շատ մեծ է՝ կախված ջերմոցներից, գինը բարձրանում եւ իջնում է»։ 

Ոչինչ հստակ չի ասվում, թե կոնկրետ ապրանքատեսակներն ինչու են թանկացել: Միայն հստակություն կա, որ կոճապղպեղի գնի բարձրացման դերակատարը միջնորդներն են. «Ներմուծման գները չեն բարձրացել։ Հաշվի առնելով հանրության մեծ պահանջը՝ գտանք այն տնտեսվարող սուբյեկտին, որը մարտի վերջին՝ հաշվի առնելով, որ խանութներում պահանջարկ կա, գնել էր մոտ 200 կգ կոճապղպեղ….»: 

Իր ղեկավարած կառույցի գործառույթների վերաբերյալ հարցին Գեւորգյանը պատասխանել է. «Մեր գործառույթների մեջ ընդհանրապես չկա որեւէ կետ, որով մենք գնաճի հետ որեւէ առնչություն ունենանք։ Ես հասկանում եմ՝ քաղաքացիների խնդիրը չէ հասկանալ, թե որ մարմինն ինչով է զբաղվում, քանի որ իրենք խնդիր ունեն, որը բարձրաձայնում են։ Դա շատ նորմալ է, մենք դրան նորմալ ենք վերաբերվում, բայց հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել, օրինակ՝ եթե գերիշխող տնտեսվարող սուբյեկտը շուկայում ունի, ասենք, 50 տոկոս դիրք եւ անհիմն գին է բարձրացնում կամ իջեցնում։ Այդ պարագայում մենք վարույթ ենք սկսում»։

Մինչդեռ հիշեցնենք, որ ԱԺ-ում վարչապետը հավաստիացնում էր, թե ՏՄՊՊՀ-ն պայքարում է այդ երեւույթների դեմ. երբ քննարկվում էր հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը, իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց վարչապետին. «Արդյոք պետությունը որեւէ կերպ վերահսկո՞ւմ է կամ պատրաստվո՞ւմ է միջամտել տնտեսվարողների կողմից վարվող գնային քաղաքականությանը, քանի որ երեկվանից տարբեր խանութներում գնաճ է նկատվում՝ սպիրտի եւ առաջնային սպառման ապրանքների»: Վարչապետը պատասխանեց. «Իհարկե՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պայքարում է այդ երեւույթի դեմ»: 

Երբ հասարակությունն ու մամուլը ահազանգում էին, թե ալյուրը թանկացել է, դա չէին լսում կամ չլսելու էին տալիս թե՛ վարչապետը, թե՛ ՏՄՊՊՀ-ն: Իսկ երբ աղմուկ բարձրացավ, թե Վանաձորում հացը թանկացել է 20 դրամով, ինչն ալյուրի թանկացման տրամաբանական շարունակությունն է, վարչապետը խստորեն հանձնարարեց՝ զբաղվել խնդրով: ՏՄՊՊՀ նախագահն այս առիթով նույն հարցազրույցում ասում է. «Հիմա ասում են՝ հացը թանկացել է, օրինակ՝ Վանաձորում 20 դրամով։ Այնտեղ 40 տնտեսվարող սուբյեկտ կա, 8 դաշտ, որը մրցակցային է, չկա որեւէ խոշոր տնտեսվարող։ Մենք պատճառներն ենք փորձում գտնել, եթե ալյուրն է թանկացել, ապա ինչպես կազդի հացի գնի վրա։ Ասում են՝ դպրոցները փակվել են, սպառման ծավալները՝ նվազել։ Ու քանի որ մարդիկ նաեւ տանն են հաց թխում, խանութները չեն կարողանում իրենց հիմնական պարտավորությունները կատարել՝ հոսանքի փող վճարել, պարտքեր վճարել, այդ պատճառով 1 հացի ինքնարժեքն ավելի է բարձրանում. չէ՞ որ եթե դու վաճառում ես 100 հատ հաց, ինքնարժեքը 100-ի վրա ենք բաժանում, եթե վաճառում ես 10 հատ, ինքնարժեքն ինքնաբերաբար բարձրանում է»։

Այստեղ նույնպես ՏՄՊՊՀ նախագահը հակասում է վարչապետին, ըստ որի, թանկացումների պատճառը խուճապային գնումներն են, այսինքն մարդիկ շատ ապրանք են գնում, դրա համար էլ վաճառողը բարձրացնում է գինը: Իսկ, ըստ Գեւորգյանի, հացը թանկացել է, քանի որ սպառումը, գնումներն են պակասել: Հիմա շարքային քաղաքացին այս հակասության մեջ որտե՞ղ գտնի ճշմարտությունը: 

Ակնհայտ է, որ թե՛ վարչապետը, թե՛ ՏՄՊՊՀ նախագահն ուզում են հացի թանկացման պատճառը հեռացնել ալյուրի թանկացման թեմայից. նրանք ուղղակի իրար հակասելով` ուզում են մեղքը բարդել սպառողների, բոլորի վրա, բացի «ալյուրի արքաներից», որոնք, ինչպես «նախանիկոլական» ժամանակաշրջանում, այնպես էլ հիմա շարունակում են գռփել հասարակությանը: Իսկ ալյուրի արքայի անունը նույն՝ վարչապետի թերթում նախկինում բազմիցս է հստակեցվել. «Լֆիկ Սամո»: 
 ՏՄՊՊՀ նախագահը պարենային մյուս ապրանքատեսակների թանկացումն էլ ուզում է բարդել փոքր խանութների վրա: Այն դեպքում, երբ համացանցն ու մամուլն ահազանգում էին սուպերմարկետներում աստղաբաշխական թանկացումների մասին: Այսօր ալյուրը մանրածախ եւ մեծածախ տարբեր վաճառակետերում հիմնականում վաճառվում է մինչհամաճարակային գնով, այսինքն` վերականգնվել է նախկին գինը: Իսկ թե այս ընթացքում շարքային քաղաքացու հաշվին ինչ շահույթ կամ գերշահույթ ստացան «ալյուրի արքաները», հավանաբար, վերջիններիս ու թավշյա իշխանության գաղտնիքն է…