Սխալների ուղղում՝ նոր տողից

Սխալների ուղղում՝ նոր տողից

Իշխանությունն իր տգիտության ձեռքը կրակն է ընկել։ Մեկուկես տարի ՍԴ-ի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելուց հետո թվում էր՝ եկել հասել են վերջին հանգրվանին, երբ վերջապես կունենան իրենց երազանքների բարձր դատարանը, պարզվեց՝ էլի ինչ-որ բան խանգարում է․ սահմանադրական փոփոխությունները չեն կարող ուժի մեջ մտնել, քանի դեռ չի փոխվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ընդունված փոփոխություններով, դադարեցվում են ՍԴ 3 դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է շարքային դատավոր։ Բայց պարզվեց՝ ՍԴ-ի մասին օրենքի 88-րդ հոդվածով՝ դատավորները շարունակում են պաշտոնավարել, քանի դեռ այդ օրենքը չի համապատասխանեցվել փոփոխություններին։ Այդ հոդվածն ասում է, որ մինչեւ 2015-ը նշանակված դատավորները պաշտոնավարում են մինչեւ 2005-ն ընդունված Սահմանադրության նշած ժամկետներով, Հրայր Թովմասյանը՝ մինչեւ 65 տարին լրանալը։

Հիմա իրավաբանները «քլնգում» են իշխանություններին այս բացթողնման համար՝ նկատելով, որ Սահմանադրություն փոխելն ու իրավաբանությունն ամեն մեկի խելքի բանը չեն։ Փաստ է, որ իշխանությունում չկա մի գրագետ իրավաբան, որ օրենքն իմանա, եւ նման կազուսներ թույլ չտրվեն։ Արդարադատության նախարարից սկսած, վերջացրած պատգամավորներով, հիմա շոկի մեջ են։ Ռուստամ Բադասյանը, ով սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելու րոպեներն էր հաշվում եւ կեսգիշերից րոպեներ անց Ֆեյսբուքում տեղեկացրեց այդ փաստը, մեր տեղեկություններով, քանի օր է՝ աշխատում է 24-ժամյա ռեժիմով, որ շտկեն բացթողումը։ Հիմա պետք է «խոչընդոտող» օրենքում փոփոխություններ անեն, որ ՍԴ դատավորների լիազորությունները փաստացի դադարեցվեն։ Ի դեպ, Բադասյանի նկատմամբ թիմում դժգոհություն է հասունանում, նրանք համոզվել են, որ իրավաբանությունից բոբիկ անձի են ղեկավար նշանակել։ Նա ոչ միայն մոռացել է ՍԴ-ի մասին օրենքի գոյությունը, այլեւ չգիտեր, որ 2015-ին ընդունված Սահմանադրության նորմերը չեն գործում անմիջականորեն։

Իսկ երբ մի խումբ իրավաբաններ նախարարին լուսավորեցին, որ 2005 թ․ Սահմանադրությամբ հստակ սահմանված էր, որ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, մինչդեռ 2015 թ․ Սահմանադրությամբ այդ կետը դուրս է եկել, եւ անմիջականորեն գործելու փաստը վերաբերում է բացառապես մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին, այսինքն՝ 2-րդ գլխին, Բադասյանը սկսեց սխալն ուղղելու համար քայլեր ձեռնարկել։ Հիմա իշխող թիմում մի քանի օր է՝ «մանթրաշի» մեջ են, շաբաթ-կիրակի օրերին նախարարն իմքայլականների հետ քննարկումների մեջ է եղել՝ ՍԴ-ի մասին օրենքում փոփոխությունների հետ կապված, ասել է, որ ոսկերչական լուծումներ պետք է գտնեն, որ այլեւս խոցելի չլինի։

Ըստ նախնական որոշման՝ եթե ոչինչ չխանգարի, ապա այսօր ժամը 11-ին արտահերթ նիստ կհրավիրեն։ Օրակարգում կլինի 2 հարց․ մեկը՝ վերոնշյալ փոփոխությունները, երկրորդը՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը եւս բխում է սահմանադրական փոփոխություններից եւ կարգավորում է լիազորությունները դադարած դատավորների կենսաթոշակի հարցը, ինչպես նաեւ՝ հանրաքվեն չեղարկելու որոշումը։
Արտահերթ նիստ հրավիրելու որոշումը կայացվել է լուրջ հաշվարկներից հետո․ իշխանական մի խումբ պատգամավորներ վարակված են կորոնավիրուսով։ Հրապարակային հայտնել են՝ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Գեւորգյանը, Կարեն Համբարձումյանը, Արեն Մկրտչյանը։ Խոսվում է նաեւ Հակոբ Սիմիդյանի մասին, ով մինչ այս պահը չի հերքել։ Մի խումբ պատգամավորներ էլ գտնվում են ինքնամեկուսացման մեջ, իսկ սահմանադրական օրենքներ ընդունելու համար 79 ձայն է պետք։

Եթե Արման Բաբաջանյանը եւս կողմ է լինում ՍԴ-ի վերաբերյալ նախագծերին, ուրեմն «Իմ քայլը» պետք է 78 ներկա ապահովի։ Երեկ հաջողվեց կապ հաստատել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կազմից Նիկոլայ Բաղդասարյանի հետ, սակայն պատգամավորն իրեն ոչ հաճելի հարցերը «չէր լսում»։ Երբ փորձեցինք հասկանալ, թե ինչ փոփոխություններ են անելու, «չէր լսում», բայց խորհուրդ տվեց համբերել՝ շուտով օրակարգը կհրապարակվի, կտեսնենք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը․ «Ժամը 1-ին շրջանառության մեջ ենք դրել, եթե չեմ սխալվում՝ մեկը հանրաքվեն չեղարկելու հետ է կապված, մյուսը՝ էդ սահմանադրական փոփոխությունների»։ Այսինքն՝ սխալների ուղղո՞ւմ եք անում։ «Չէ, չէ․․․ կներեք, չի լսվում, Վահագն Հովակիմյանին դիմեք, ինքն է ավելի շատ զբաղվում։ Նման բան չկա, սահմանադրական նորմերն անմիջապես ուժի մեջ են մտնում»։ Փաստորեն, չե՞ն ընդունում, որ իրենց մեջ մի նորմալ իրավաբան չկա, այլապես իրավական շիլաշփոթ չէր առաջանա։ «Իրենց հարցրեք, էլի, ասում եմ՝ իրենք ավելի լավ են տիրապետում»։ Դուք, իրավաբան լինելով, առանց կարդալու կո՞ղմ եք քվեարկել։ «Ո՞նց կարող եմ կողմ քվեարկել ու չկարդալ»։ Եվ կարծում եք՝ ՍԴ-ի մասին օրենքը խոչընդոտ չէ՞ր սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու ճանապարհին։ «Ես չեմ կարող պատասխանել, չեմ հասկանում՝ ինչ եք ասում»։