Որոշ ինքնածին բլոգերներ ներկայացրին, թե ջնջխել ենք Ադրբեջանին

Որոշ ինքնածին բլոգերներ ներկայացրին, թե ջնջխել ենք Ադրբեջանին

Հաագայի դատարանը նոյեմբերի 12-ին Ադրբեջան-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան գործերով որոշումներ կայացրեց։ Որոշումներից մի մասը հայկական կողմի օգտին էին, քանի որ ադրբեջանական կողմի ներկայացրած առարկությունները տրամաբանության սահմաններից դուրս էին։ Հաագայի դատարանի որոշման հրապարակումից հետո բազմաթիվ շրջանակներ դա որակեցին որպես հայկական կողմի բացարձակ հաղթանակ։ 

«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ շատ ֆանտաստիկ գործիք է քարոզչությունն ու մանիպուլյացիան։ «Պարզ է, որ ոչ բոլորն են նստելու և կարդան, թե Հայաստանը ինչ հայց էր ներկայացրել 2021 թվականին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանն ինչ հակընդդեմ հայց էր ներկայացրել և Հաագայի դատարանի առարկությունները ինչին են վերաբերվում։ Ընդամենը, իշխանական քարոզիչները, այսպես կոչված, տարբեր ինքնածին բլոգերներ դա սկսեցին ներկայացնել որպես հաղթանակ, որ Հաագայի դատարանը ջնջխել է Ադրբեջանին և այլն, և այլն։ Ոնց որ իմ գործընկերներից մեկը լավ նկատել էր, որ դա նույնն է, ոնց որ մարդակեր Չիկատիլյոն դատարանը մեղադրի իր կերած երեխաների պայուսակներից ընդամենը թուղթ և մատիտ գողանալու համար նաև, առարկությունը դա լինի։ Ուտելը մոռանան՝ կենտրոնանան թուղթ և մատիտի վրա, ընդամենը սա է խնդիրը։ Հաագայի դատարանն ընդամենը չի ընդունել Ադրբեջանի առարկությունը, որովհետև դա վերաբերում էր 1988-ից սկսած, այսինքն, 30 տարի ականապատման միջոցով իբր էթնիկ զտում իրականացնելուն, բայց դա որևէ կապ չունի նրա հետ, ինչ Հայաստանն է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո իրականացրել է էթնիկ զտում»,-ասաց Զոհրաբյանը։ 

Նա շեշտեց, որ Արցախում Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու վերաբերյալ դեռ քննություն պետք է իրականացնի ու դա տևելու է ոչ թե մի քանի ամիս կամ 1 տարի, այլ 10 կամ նույնիսկ 15 տարի։ Հաագայի դատարանը չի ընդունել Ադրբեջանի առարկություններից մեկն` այն պատճառով, որ Հայաստանը ՄԱԿ-ի նշյալ կոնվենցիային միացել է 1993 թվականին, իսկ Ադրբեջանը՝ 1996 թվականին և քանի որ Ադրբեջանի ներկայացրած առարկությունները վերաբերվում էին 1988 թվականից սկսած ժամանակաշրջանին, այդ պատճառով Հաագայի դատարանը հիմք է ընդունել 1996 թվականից ներկայացված գործիքակազմը՝ շեշտեց Զոհրաբյանը։ «Նմանատիպ գործերը բավականին երկար են քննվում ու 15 տարի միգուցե այդ քննությունը տևի, մինչև որ Հաագայի դատարանը վերջնական որոշում կկայացնի»,-ասեց Զոհրաբյանը։