Ծափ տվեք, արա, տոն ա…

Հայ ժողովրդին շնորհավորելով այսպես կոչված քաղաքացու օրվա կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանըկամ չի նկատում կամ դիտավորյալ չտեսնելու է տալիս այն իրողությունը, որ ինքը մենակ է անգամ այդ շնորհավորանքի մեջ: Մենակ… Նա չի՞ տեսնում, որ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ, արդեն քանի տարի, որևէ բառ չի արտաբերում այդ կապակցությամբ: Կարճ ասած՝ մի իրավիճակ է, երբ ոչ մեկի տանձին չէ, թե ինչ տոն է սա, որտեղից եկավ և ուր է գնում: Կարծում եք պատահականությո՞ւն է, որ Փաշինյանն այս տարվա իր ուղերձի հենց սկզբում հարցնում է. «Ինչի՞ մասին է այս տոնը և ի՞նչ կա շնորհավորելու»: Այսինքն ինչի՞ մասին է Փաշինյանի ուղերձը՝ լիկբեզ ժողովրդի ու քաղաքացու համա՞ր, ինքնատոն հռչակելու փո՞րձ: Եթե ժողովրդին տոն է պետք, ապա ժողովուրդն է որոշում, թե ինչն է իր համար տոն և ինչը ոչ: Դու մի ծռտի հեղաշրջման արդյունքում եկել ես իշխանության, մունդռել, փչացրել ամեն ինչ, այդ թվում այս ժողովրդի նվիրական տոները, և ուզում ես նոր տո՞ն հնարել ժողովրդի համար: Թե բա քաղաքացու տոնն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում… Դու մեր ժողովրդի ճիշտ ձևակերպումն անգամ չես կարողանում տալ, էլ ուր մնաց տոն հնարես այդ ժողովրդի համար: Արդյո՞ք հայ ժողովուրդը ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է: Մտածելու բան կա այստեղ:
Ամբողջ ուղերձն այն մասին է, որ քաղաքացու օր չէինք ունենա, եթե չլիներ այսպես կոչված «ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը»: Ուստի ուղերձի հեղինակը ջանք չի խնայել այդ այսպես կոչված «ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն» արտահայտությունն իր ուղերձում մի տասն անգամ օգտագործելու համար: Իսկ թե ինչո՞ւ է ամեն ինչ կապում այդ խեղկատակության հետ, մնում է միայն գուշակել: Այո, 2018 թվականից այսկողմ Հայաստանում որևէ այլ «նշանակալի» բան տեղի չի ունեցել, որ հիմք դառնար որևէ տոն արարելու համար: Այդ ապուշության արդյունքում ինքը եկել է իշխանության, հասկանում ես, և ժողովուրդը պարտավոր է դա տոնել:
Ծիծաղելի է, անշուշտ, Փաշինյանի այն պնդումը, որ Հայաստանի տնտեսությունն աճել է 43․5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4․2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել զուտ «ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության» շնորհիվ: Սա ծիծաղելի է ոչ միայն այն պատճառով, որ ոչ մի ավազակային հեղաշրջում իր առջև տնտեսական ցուցանիշների բարելավման հարց չի դնում, այլև այն, որ սա տոնական ուղերձ է և ոչ թե բյուջեի կատարողականի զեկույց: Չգիտեմ էլ, արժե՞ ասել, որ էդ թվերը սուտ են, որ ՀՀ քաղաքացուց քերած էդ 4,2 միլիարդ լրացուցիչ եկամուտը մսխված է արդեն:
Ընտրակեղծիքների մասին: Ուղերձից իմանում ենք, որ «ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կեղծված ընտրություններ չեն եղել: Ես, որպես ՀՀ քաղաքացի, մի քիչ համամիտ չեմ ինձ համար տոն հնարող Փաշինյանի այս տեսակետի հետ: Բանն այն է, որ 2018թ. դեկտեմբերի և 2021թ. հունիսի արտահերթ ընտրությունները հաստատ կեղծված են: Դրանք չէին կարող կեղծված չլինել, քանզի սուտի հրաժարական տված Նիկոլ Փաշինյանն այդ ընտրություններին մասնակցում էր որպես վարչապետի պաշտոնակատար: Կեղծվել են բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ թե բուն պրոցեսի ընթացքում և թե հետընտրական զարգացումներով: Եթե ինձ հարցնեք, թե 2018 թվականից այսկողմ ո՞ր ընտրությունները չեն կեղծվել, ես կասեմ՝ Փարաքարի և Գյումրու վերջին ընտրությունները, այն էլ եթե Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը չմունդռի դրանք:
Ուղերձի ամենահետաքրքիր մասն էլ այն է, որտեղ Փաշինյանը քաղաքացուն պատմում է թե հակակոռուպցիոն ինչպիսի մարմիններ է ստեղծել, որոնք հետևում են երկրում օրինականության պահպանմանն ու օրուգիշեր արմատախիլ են անում կոռուպցիան: Թե բա Հայաստանում «ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության» շնորհիվ համակարգային կոռուպցիա չկա: Եվ զարմանալի է, որ ՀՀ քաղաքացուն այսպիսի բարեբախտություն բերած վարչապետին ծափահարող չկա… Տոն ա, արա, ծափ տվեք…
Այսպես էլ կհավաքվեն իրենք իրենցով, հա-հա հի-հի կանեն, կնշեն Նիկոլի հորինած տոնը՝ հայ մարդու դարդուցավին անհաղորդ:
Կարծիքներ