Ապօրինի ներկրվող մրգօղին ի՞նչ դեր է խաղացել Բադասյանի պաշտոնանկության հարցում
Վրաստանի «Դյութի ֆրիից» (անմաքս առեւտրի խանութ) Հայաստան տեւական ժամանակ է «Դանզկա» անվանումով մրգօղի է ներկրվում։ Սա թերեւս նորմալ պրոցես կհամարվեր, եթե դա քիչ քանակությամբ գար, իսկ մեծ քանակի ներկրման համար էլ մաքսատուրք վճարվեր։ Սակայն, մեր տեղեկություններով, Վրաստանից բերվող այս խմիչքը, որն առանց ակցիզի անցկացվում է Բագրատաշենով, ներկրողները Հայաստանում «տակից» վաճառում են եւ ուղղակի ողողել են հայկական շուկան։ Փոքրիկ էսպերիմենտ արեցինք` այս խմիչքից մեծ քանակությամբ գնելու ցանկությամբ` զանգահարեցինք List.am-ով վաճառքի հայտարարությունների տասնյակ համարներից մեկին: Ասացինք, որ մեծ քանակությամբ ենք ուզում, սկզբի համար, պայմանական 150 շիշ մրգօղի, կարո՞ղ են վաճառել: Ասաց` կարող են, բայց պետք է հանդիպել, զրուցել։ Հարցրեցինք` իսկ կարող ենք գնված օղին վերավաճառել մեր խանութում, ասաց՝ ոչ, քրեական գործ կհարուցվի։ Ստացվում է՝ վաճառողը գիտի, որ անօրինական ապրանք է վաճառում, սակայն իր գործն անում է բացե ի բաց` հայտարարություն ու հեռախոսահամար տեղադրելով։ Իսկ մեր իրավապահները չեն նկատում, որովհետեւ երեւի զբաղված են պատգամավորների հեռախոսները փորփրելով, ընդդիմադիրների դեմ գործեր կարելով:
Ըստ էության, այս մրգօղին Հայաստան է ներկրվում մաքսանենգ ճանապարհով` առանց հարկեր, մաքսատուրք վճարելու, առանց ակցիզի եւ բնականաբար` ավելի էժան է, քան Հայաստանում արտադրվող մրգօղին, որի ամեն ակցիզային պիտակը բավականին գին արժի: Այս մասին տեղեկությունները հասել են նաեւ իշխանության «վերին էշելոններ» եւ, ըստ շրջանառվող լուրերի, ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին ազատելու պատճառներից մեկն էլ սա է եղել, քանի որ հայ-վրացական սահմանի մաքսակետերից նման քանակությամբ օղի` առանց մաքս վճարելու ներկրելու համար կամ պետք է ունենալ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության թույլտվությունը, կամ Կոմիտեի ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակից եւ չգիտի ինչ է բերվում մեր երկիր։
Առանց մաքսազերծման Հայաստան բերվող խմիչքը դժգոհություն է առաջացրել նաեւ հայկական մրգօղիներ արտադրողների մոտ, նրանք հայտնվել են անհավասար մրցակցության պայմաններում` անլեգալ ճանապարհով բերված «Դանզկա»-ն ազդում է իրենց արտադրանքի վաճառքի վրա։ Իսկ մրգօղիների արտադրությունը Հայաստանում վերջին տարիներին մեծ վերելք է ապրում:
Ալկոհոլային խմիչք արտադրողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ է, որ «Դանզկայի» ներկրումը անօրինական է, բայց տեղյակ չէ՝ դա բերվո՞ւմ է Հայաստան թե ոչ․ «Այն մրգօղու հետ կապ չունի, սպիրտային խմիչք է։ Ընդհանրապես չի հարվածում օղի արտադրողների բիզնեսին, հարվածում է պետությանը, որը հարկ չի ստանում դրանից, այն ներկայանում է որպես համ տված օղի։ Ինչպես այլ մաքսանենգ ապրանքներ, որոք մտնում են Հայաստան,սա էլ վնաս է մեր Էկոնոմիկային», ասաց մեր զրուցակիցը։ Նա նշեց, որ «Դանզկա»-ն շուկայում պահանջված ապրանք չէ․ «Հատուկ բառերում օգտագործվող խմիչքներ են, ու չեմ կարծում՝ որեւէ մեկը մաքսանենգ ճանապարհով կառնի»։
Կարծիքներ