Մոսկվայում քաոս է. ԱԹՍ-ները գրոհում են, օդանավակայաններում կաթվածահար վիճակ է

Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են ձգձգվում՝ թե՛ մեկնման, թե՛ ժամանման ժամերին։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ուշացումներն առաջացել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու պատճառով։
Առցանց վահանակի տվյալներով՝ Շերեմետևոյից 15 չվերթ ուշացել է, յոթը՝ չեղարկվել, Դոմոդեդովոյում չեղարկվել է վեցը, Վնուկովոյում հետաձգվել է 12 չվերթ, իսկ Ժուկովսկիում չեղարկվել է մեկ չվերթ, երկուսը՝ հետաձգվել։
Դեպի Շերեմետևո թռիչքներից ուշացել է 46 չվերթ, չեղարկվել՝ չորսը, դեպի Դոմոդեդովո ուշացել է 42 չվերթ, չեղարկվել է երեքը, դեպի Վնուկովո ուշացել է 26 չվերթ, չեղարկվել է երեքը, իսկ դեպի Ժուկովսկի ուշացել է չորս չվերթ, չեղարկվել է երկուսը։
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը Մոսկվային մոտենալիս խոցվել է 35 անօդաչու թռչող սարք։
Այսօր առավոտյան «Դոմոդեդովոն» կրկին սահմանափակումներ է մտցրել չվերթների ընդունման և ուղարկման հարցում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վերջին ժամերին խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող հինգ անօդաչու թռչող սարք։
Դրանից հետո հայտնի դարձավ, որ «Դոմոդեդովո» օդանավակայանից հետո «Ժուկովսկի» օդանավակայանը վերսկսել է գործունեությունը։
Կարծիքներ