ՆԳՆ ոստիկանությունը տեղյա՞կ է Միհրան Պողոսյանի ձերբակալման մասին

ՆԳՆ ոստիկանությունը տեղյա՞կ է Միհրան Պողոսյանի ձերբակալման մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղեկություն չունեն Միհրան Պողոսյանին Ռուսաստանում ձերբակալելու մասին։

Հիշեցնենք, որ Mash տելեգրամ ալիքն այսօր հայտնել է, որ հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա ունեցել է փախստականի վկայական։ Ըստ աղբյուրի՝ Պողոսյանին բերման են ենթարկել եւ այդ մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ «Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի։ Միաժամանակ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու խնդրանքը»,-նշում է աղբյուրը։

Մենք կապվեցինք ՆԳՆ ոստիկանություն՝ հասկանալու համար, թե ինչ գործընթաց կա Միհրան Պողոսյանի հետ կապված։

«Հրապարակ»-ին ոստիկանությունից ասացին, որ մինչ այս պահը որեւէ պաշտոնական գրություն կամ զանգ այն մասին, որ ձերբակալվել է Միհրան Պողոսյանը եւ պատրաստվում են արտահանձնել՝ իրենք չեն ստացել։  

Ավելի վաղ մենք դատախազությունից փորձեցինք ճշտել, թե ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, սակայն մեզ փոխանցեցին, որ այս պահին չեն մեկնաբանում այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու եւ մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։