Կուլիսային գործող անձինք կան, որոնք շահագրգռված են, որ թատրոնի շենքը վաճառվի

Կուլիսային գործող անձինք կան, որոնք շահագրգռված են, որ թատրոնի շենքը վաճառվի

Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ։ Ստեղծված իրավիճակում որոշակիություն չմտավ նաեւ այն բանից հետո, երբ նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող դերասանների հետ հանդիպեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։  

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը դժվարանում է նախարարի հետ հանդիպումը կառուցողական անվանել․ «Նախարարն ասաց այն, ինչ վաղուց ասել էր, որ մտադրություն կա թատրոնը փակելու, եւ նախագիծը շարունակվում է։ Մեզ, բնականաբար, դա չի կարող գոհացնել, եւ մենք համաձայն չենք դրա հետ։ Հանդիպման վերջում յուրաքանչյուրս մնացինք մեր դիրքերում, իրենք բերելով իրենց ոչ համոզիչ փաստարկները, մենք էլ մնացինք մեր դիրքերում, որ համաձայն չենք այդ նախագծի իրականացմանը եւ պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ»։
Ինչպես հայտնի է, ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Պետական երաժշտական կամերային թատրոնը միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի հետ՝ Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին դեմ են երկու թատրոնի կոլեկտիվներն էլ:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Ս․ Ստեփանյանը միանգամայն տրամաբանական է համարում, որ բանավոր մակարդակում շրջանառվող նախագիծը կարճ ժամանակում «միս ու արյուն» կստանա նաեւ թղթի վրա, քանի որ վերջնանպատակը հենց դա է․ «Ըստ իրենց՝ հանձնարարականը եկել է կառավարությունից, եւ իրենք պատրաստել են համապատասխան նախագիծը՝ հանձնելու կառավարությանը, տվել են որոշակի խնդրի լուծում՝ սիմֆոնիկ նվագախմբի համար փորձատեղի ապահովել՝ վերացնելով մեր թատրոնը։ Հիմա դա կստանա փաստաթղթային տեսք, թե ոչ՝ չգիտեմ»։
Կամերային թատրոնը մոտ մեկ շաբաթ առաջ նամակով դիմել է նաեւ վարչապետին, բայց պաշտոնական որեւէ պատասխան դեռ չեն ստացել։ «Մենք սպասում ենք վարչապետի պատասխանին, պաշտոնական որոշմանը, եթե, իհարկե, ստացել է նամակն ու ծանոթացել խնդրին»,- ասում է նա ու հավելում, որ այս ընթացքում թատրոնում ստեղծագործական աշխատանքը չի կանգնել, դերասանները բարձրանում են բեմ, ներկայացումներ խաղում։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը Ս․ Ստեփանյանին փոխանցել է, որ թատրոնների միավորման թեմայով հանդիպում-քննարկում են ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ, որին, սակայն, իրենք չեն հրավիրվել։ «Թե ինչու է դա գաղտնի արվել՝ ես դա չգիտեմ։ Ովքե՞ր են ոլորտի այդ ներկայացուցիչները, որ հավանություն են տվել այս նախագծին՝ էլի չգիտեմ, բայց որ կան նման մարդիկ, ես դրանում համոզված եմ։

Հետո՝ ինչո՞ւ է դա արվում գաղտնի, բայց միեւնույն ժամանակ հայտարարվում, որ անում են թափանցիկ։ Այստեղ է ամբողջ ինտրիգը, եւ կուլիսային շատ գործող անձինք կան, որոնք շահագրգռված են, որ այդ շենքը տրամադրվի ոչ թե սիմֆոնիկ նվագախմբին, այլ պարզապես վաճառվի։ Սա իմ տեսանկյունն է, որը, կարծում եմ, հեռու չէ ճշմարտությունից, որովհետեւ սիմֆոնիկ նվագախմբին ապահովել միայն փորձատեղիով՝ վերացնելով մի ամբողջ թատրոն՝ աբսուրդի ժանրից է եւ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Նկատի ունեցեք ոչ թե համերգասրահ, այլ՝ փորձատեղի, որտեղ նվագախումբն աշխատելու է օրական 3 ժամ, ոչ ավել։ Սիմֆոնիկ նվագախումբը ընդամենը միջանկյալ էտապ է, որից հետո նվագախմբին որեւէ կերպ չի կարող այս տարածությունը բավարարել, եւ նրանք ստիպված կլինեն մեկ այլ տարածք հատկացնել նվագախմբին, իսկ այս տարածքն արդեն ազատված կլինի, որը հեշտությամբ կարող են վաճառել»,- ասում է Ստեփանյանը։

Թե ինչու է նախարարությունն իրենց թիկունքում քննարկումներ անում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ պառակտելով թատերական դաշտը ներսից, Ստեփանյանն ասում է․ «Ոլորտը վաղուց պառակտված է, եւ այդտեղ ես որեւէ կասկած չունեմ։ Անկեղծ ասած, հույս չեմ էլ դնում ոլորտի ներկայացուցիչների վրա։ Իհարկե, կան մեզ բարեկամ, սկզբունքային արտիստներ, որոնք իրենց խոսքն ասում են եւ ասել են»։ Նա նշում է, որ իրենց հետագա քայլերն ու անելիքները պայմանավորված կլինեն կառավարության պաշտոնական դիրքորոշմամբ։

Ինչ վերաբերում է նվագախմբի դիրքորոշմանը, ապա «նվագախումբը նեյտրալ դիրքորոշում է որդեգրել, եւ միայն պահանջում են իրենց ապահովել տարածքով, թե որ տարածքը կլինի, իրենց համար միեւնույն է»։

Եթե նվագախումբը փորձատեղիի անհրաժեշտություն ունի, ապա թատրոնը պատրաստակամ է իր տարածքը կիսել նվագախմբի հետ, համատեղ աշխատել․ այս առաջարկը թատրոնի գլխավոր ռեժիսորը հնչեցրել է նաեւ նախարարությունում։

«Օրերը, ժամերը կբաժանենք, մի քիչ նեղություն կկրենք, բայց, ի վերջո, մշակույթի օջախ է եւ եթե կարիք ունի, մենք պատրաստ ենք կիսվելու մեր կտոր հացով նրանց հետ, բայց այս առաջարկը չընդունվեց»,- նկատում է Ս․ Ստեփանյանը։